«Նոյի ժամանակներում տեղի ունեցած բիբլիական ջրհեղեղը իրականություն է» ասում է Ռոբերտ Բալլարդը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 11, 2012 15:49

Հայտնի անդրծովյան աշխարհագրագետը կարծում է, որ գտել է Աստվածաշնչում նշված Մեծ ջրհեղեղի իրականություն լինելը հաստատող փաստեր:

ABC News-ին տված հարցազրույցում աշխարհի ամենահայտնի անդրծովյան աշխարհագրագետներից մեկը՝ Ռոբերտ Բալլարդը,  խոսել է իր հետազոտությունների մասին: Նրա թիմը ուսումնասիրում էր Սև ծովի Թուրքիայի ափամերձ շրջանների ընդերքը՝ նպատակ ունենալով գտնել Նոյի ժամանակաշրջանից իվեր  ջրի տակ թաքնված որևէ հնադարյան քաղաքակրթության հետքեր:

Ավելացնենք, որ 1985թ.-ին Բալլարդը և իր թիմը, օգտագործելով հեռակառավարվող էկրաններով ջրակայուն ռոբոտացված սարք, հայտանաբերեցին նավաբեկության ենթարկված աշխարհի ամենահայտնի նավը՝ Տիտանիկը:

Այժմ Բալլարդը ավելի կատարելագործված ռոբոտացված տեխնոլոգիա է օգտագործում անցյալ ժամանակում «ճանապարհորդելու» համար: Նա նշում է, որ 12.000 տարի առաջ երկրի մակերևույթի մեծ մասը պատված է եղել սառույցով:

Ըստ նրա իր բնակավայրը՝ Կոննեկտիկուտը, ևս պատված է եղել սառույցով, որը ձգվել է մինչև Հյուսիսային բևեռ՝ մոտ 15 միլիոն կիլոմետր: Սակայն այդ սառույցը հանկարծակի սկսել է հալվել և հոսել դեպի մեծ օվկիանոս՝ դառնալով մեծ ջրհեղեղների պատճառ ամբողջ աշխարհում:

Այն հարցին, թե արդյոք այդ ջրհեղեղների մեջ եղել է մեկը, որը ամենաորոշիչը է եղել, Բալլարդը պատասխանեց, որ ըստ Կոլումբիայի համալսարանի գիտնականների վիճահարույց տեսակետի՝ ներկայումս Սև ծովի աղի ջուրը մի ժամանակ քաղցրահամ է եղել: Այն ողողվել է Միջերկրական ծովի ջրի ահռելի զանգվածով, որի ուժը երկու հարյուր անգամ մեծ է եղել Նիագարայի ջրվեժից թափվող ջրի ուժից:

Այս գաղափարը հետաքրքրել է Բալլարդին և նա որոշել է պարզել ճշմարտությունը:

Ջրի մակերևույթից չորս հարյուր ոտնաչափ խորությամբ նրանք հայտաբերել են ջրափնյա գիծ, որը Բալլարդին ապացուցել է, որ Սև ծովում իրոք աղետալի դեպքեր են տեղի ունեցել: Ջրափնյա գծի երկայնքով հայտնաբերված ածխածնի նստվածքի հնությունից ելնելով՝ Բալլարդը գտնում է, որ այդ դեպքերը տեղի են ունեցել մոտավորապես մ.թ.ա 5000 թվականին: Որոշ փորձագետների կարծիքով Նոյի ջրհեղեղը ևս այդ ժամանակաշրջանում է տեղի ունեցել:

Բալլարդը նշում է, որ այդ ջրհեղեղը իրոք աղետալի է եղել այդ տարածաշրջանի բնակավայրերի համար, քանի որ մոտ 150.000 քառակուսի կիլոմետր տարածք ջրի տակ է անցել:

Ըստ վերոնշյալ տեսության այս դրամատիկ դեպքը մնացել է փրկվածների կոլեկտիվ հիշողության մեջ և այդպես հետագա սերունդներին փոխանցվելով՝ հիմք է հանդիսացել Նոյի բիբլիական կերպարի ստեղծման համար:

Ըստ Աստվածաշնչի՝ երեք երեխաների հայր Նոյը այժմ 600 տարեկան է:

Մարգարիտա Մելիքյան

Դիտվել է 1309 անգամ:
Print Friendly

Leave a Reply