Ինչից են վախեցել մերոնք

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | March 22, 2010 11:39

Կար ժամանակ, երբ Հայաստանում ջրացատկն առաջատար մարզաձև էր համարվում, նշանակալի ձեռքբերումներ էին արձանագրվում: Սիրվարդ Էմիրզյանը  և Դավիթ Համբարձումյանը դարձել են օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիրներ: Վերջինս երկու անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Սակայն այդ ամենից միայն հիշողություններ են մնացել:

Հայաստանի ներկայացուցիչներն այժմ սահմանափակ թվով միջազգային ստուգատեսների են մասնակցում, էլ ուր մնաց հաջողությունների մասին մտածեն: Ահավասիկ, մարտին երկու խոշորամասշտաբ ստուգատես  անցկացվեց, որոնց մեր ջրացատկորդները  չմասնակցեցին: Առաջինը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում  մարտի 2-6-ը կայացած միջազգային ներկայացուցչական մրցաշարն էր, երկրորդը` Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում մարտի 12-13-ին կազմակերպված աշխարհի պատանեկան առաջնությունն էր: Ի դեպ, բաց թողնելով վերջինս, մերոնք, փաստորեն, կորցրեցին այս տարի առաջին անգամ Սինգապուրում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերում ներկայացուցիչ ունենալու հնարավորությունը: Բանն այն է, որ աշխարհի պատանեկան առաջնությունը վարկանիշային էր այդ խաղերի համար.1-8-րդ տեղերը գրաված մարզիկներն ուղեգրերի էին արժանանում: Ուղղակի զարմանալի է, որ Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի մարզչական խորհուրդը որոշում է կայացրել, որ մեր մարզիկները  չմասնակցեն այդ մեկնարկներին: Հարց է ծագում` արժանի մարզիկներ չունե՞նք, ովքեր կարող են մեր երկրի պատիվն արժանավայել պաշտպանել միջազգային ստուգատեսներում: Պարզվում է, որ խնդիրն ամենևին էլ դա չէ: Ի դեպ, սկզբում նախատեսվել էր, որ  մոսկովյան միջազգայինում ունենանք մարզիկներ, բայց հետո ծրագրերը վերանայվել են:

Բանն այն է, որ նախկինում Ռուսաստանի ներկայացուցիչներն  այդ ստուգատեսի մասնակիցներից պահանջում էին, որ հոգան միայն իրենց ճանապարհածախսը, իսկ գիշերավարձն ու սննդի ապահովման խնդիրներն իրենք էին կարգավորում: Սակայն, քանի որ այժմ ֆինանսական դժվարություններ են առաջացել, ապա ռուսները որոշել են այլևս առատաձեռնություն չդրսևորել և հրաժարվել են հյուրերի ծախսերը հոգալուց: Եվ մերոնք էլ ոչ նպատակահարմար են համարել այդպիսի պայմաններում մասնակցությունը, քանի որ դրա համար բավականին մեծ ֆինանսներ կպահանջվեին:

Ինչ վերաբերում է  Մեքսիկայում կազմակերպված աշխարհի պատանեկան առաջնությանը, ապա այն բաց թողնելու պառճառն այլ է: Ընդ որում, ունենք պատանի ջրացատկորդներ, ովքեր ի վիճակի  են  լավ հանդես գալու: Բայց Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ  Գրիգորյանը կարծում է, որ անիմաստ է մեր երկրից մրցավայր մարզիկներ գործուղել: Հիմնավորումն այն է, որ Մեքսիկայում մեծ արժեք են ունենալու վիճարկվող ուղեգրերը, և անկանխատեսելի բաներ կարող են կատարվել կուլիսների հետևում, այսինքն` հարցերը որոշվեն ոչ ազնիվ մրցակցության պայմաններում: Իսկ այդպիսի իրավիճակում մերոնք կարող էին հայտնվել տուժածների դերում:

Բանն այն է, որ այդ ստուգատեսում Հայաստանը մրցավար չէր ներկայացնելու: Ճիշտ է, ամեն երկիր մարզիկներից բացի մրցավար պետք է ունենար, բայց այժմ  մերոնք չունեն մեկը, ում իրավունք վերապահվեր այդ անել: Հայաստանում ջրացատկի միակ միջազգային կարգի մրցավարի կոչում ունեցողը Գրիգորյանն է, ով, սակայն, ֆինանսների պակասի պատճառով չի կարողացել անցած տարի միջազգային մրցավարական սեմինարի մասնակցել և թարմացնել իր արտոնագիրը: Եվ այժմ,  թեև նա միջազգային կարգի մրցավարի կոչում ունի, պաշտոնապես միջազգային ստուգատեսներ սպասարկելու իրավունք չունի: Իսկ առանց մրցավարի Հայաստանի ջրացատկորդները Գվադալահարայում միանգամայն անօգնական կլինեին: Այդ է պատճառը, որ որոշել են ավելորդ ծախսեր չկատարել հեռավոր այդ երկիրը  մարզիկներ գործուղելու համար և տնտեսած ֆինանսներն ավելի նպատակային օգտագործել:

Ի դեպ, Հայաստանում այս մարզաձևի ներկայացուցիչները տարբեր մրցումների են մասնակցում, սակայն դա ավելի շատ հոգնեցնում է նրանց: Բանն այն է, որ մարզաձևն արմատավորված է միայն մեկ կենտրոնում` Երևանի Դավիթ Համաբարձումյանի անվան լողավազանում: Փաստորեն, ջրացատկի հետ կապված մեր ունեցած-չունեցածն այստեղ է: Եվ ստացվում է, որ նույն մարզակենտրոնի սաները շարունակ իրար հետ են մարզվում, մրցումների մասնակցում: Դա ինչ-որ  չափով ձանձրալի է: Իսկ  թե ինչու այլ վայրերում այս մարզաձևը չի արմատավորվում` պատասխանը պարզ է. լողավազանները քիչ են, եղածներում էլ սարքավորված աշտարակներ չկան: Իսկ եթե կան էլ, չեն համապատասխանում ներկայացվող պահանջներին: Լողավազանները սեփականություն են, և դրանց տերերն ինչպես ցանակացել, այնպես էլ սարքավորել են  աշտարակները: Կարո՞ղ է զարգանալ ջրացատկը Հայաստանում, երբ  այս մարզաձևի ներկայացուցիչների համար բացօթյա  մեկ լողավազան  անգամ չկա: Նախկինում ջրացատկորդները պարապում էին Երևանի «Դինամո», «ՖԻՄԱ» լողավազաններում, սակայն դրանք վաղուց չեն գործում: Ի դեպ, Ծաղկաձորի բացօթյա լողավազանում էլ ջրացատկորդները մարզվել չեն կարող, քանի որ ներկայումս այն ավերակ է: Ընդ որում, ժամանակին այդ մարզաբազայում անցկացված  ջրացատկի ԽՍՀՄ գավաթի խաղարկության մրցաշարում Դավիթ Համբարձումյանը դարձել էր հաղթող:

Ինչևէ, առաջիկայում Հայաստանում աշխուժություն է սպասվում: Ապրիլի 8-10-ը Երևանի Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում անցկացվելու է մեծահասակների մեր երկրի առաջնությունը, որի  արդյունքով համալրվելու է Հայաստանի հավաքականը: Փաստորեն, պայքար կծավալվի առաջիկա միջազգային ստուգատեսներին մասնակցելու համար: Ընդ որում, մարզիկների ընտրություն կատարելու հնարավորությունը խիստ սահմանափակ է, քանի որ Հայաստանի առաջնությանը,  որպես կանոն, մասնակցում է  մեկուկես տասնյակ մարզիկ-մարզուհի: Ջրացատկը գրավիչ, սակայն  բարդ մարզաձև է. առնվազն 7 տարի է պահանջվում, մինչև պարապողները ծանոթանում են ջրացատկի գաղտնիքներին և հմտություններ ձեռք բերում:

Հուլիսին մեր երկրի լավագույնները  հանդես կգան  Ֆինլանդիայում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, իսկ օգոստոսին կմասնակցեն Հունգարիայում կազմակերպվելիք մեծահասակաների Եվրոպայի առաջնությանը: Սեպտեմբերին  ԱՄՆ-ում անցկացվելու է երիտասարդների աշխարհի առաջնությունը, որում նույնպես մերոնք ցույց կտան կարողությունները: Նախատեսվում է, որ Հայաստանից  Եվրոպայի երիտասարդների, մեծահասակների առաջնություններին կմասնակցեն համապատասխանաբար 2 և 1, իսկ աշխարհի երիտասարդական առաջնությանը` 1 մարզիկ: Ինչ խոսք, հնարավորությունները սահմանափակ են: Հիմնական խանգարիչ հանգամանքն այն է, որ ֆինանսական միջոցները քիչ են: Հայաստանի սպորտի  և երիտասարդության հարցերի նախարարությունը մեր այս մարզաձևի ֆեդերացիային աջակցության կարգով 2010-ին հատկացրել է 7 մլն դրամ, որը խիստ անբավարար է որևէ բան ձեռնարկելու համար: Եվ ստացվում է, որ մեր երկրի այս մարզաձևի ներկայացուցիչները, շարունակ միջոցներ  խնայելով, բաց են թողնում արտասահմանյան ուսումնամարզական հավաքները և ներկայացուցչական ստուգատեսները: Ի դեպ, նախատեսվում էր, որ  միջազգային փորձություններից առաջ մերոնք արտասահմանում ուսումնամարզական հավաք կանցկացնեն, սակայն հետագայում որոշել են խնայել փողերը: Փոխարենը, մերոնք տարեվերջին նախ, ուսումնամարզական հավաք  կանցկացնեն Նիկոլաևում, ապա ուկրաինական այդ քաղաքում ուժերը կչափեն միջազգային ներկայացուցչական ստուգատեսում: Այդ իրավունքը տրվելու է այն մարզիկներին, ովքեր  Հայաստանի հավաքականի կազմում չեն մասնակցելու միջազգային խոշորամասշտաբ ստուգատեսներին: Դեռևս հայտնի չէ, թե երբ է կայանալու այդ մրցաշարը: Ի դեպ, անցյալ տարի ավանդական դարձած այդ միջազգային մրցումներում հանդես եկած մեր երկրի 4 մարզիկները 6 մեդալ են նվաճել:

Ինչ վերաբերում է միջազգային ստուգատեսների հետ կապված սպասելիքներին, ապա ջրացատկի Հայաստանի ֆեդերացիայի նախագահը հայտնեց, որ առաջիկա միջազգային փորձություններում մեր երկրից  հանդես կգան միայն նրանք, ովքեր  մեդալներ նվաճելու հույսեր կներշնչեն: Եվրոպայի երիտասարդական առաջնությանը նախապատրաստվում են Գևորգ Պապոյանը, Մելիք Հովհաննիսյանը, Օվսաննա Ղարագյոզյանը և Վահագն Պողոսյանը, սակայն նրացից միայն երկուսը կմեկնեն մրցավայր: «Պապոյանը և Հովհաննիսյանն ավելի փորձառու են, քանի որ մասնակցել են Եվրոպայի երիտասարդական առաջնությունների, բայց կրտսեր տարիքի մարզիկների մրցումներին: Գևորգը երկու անգամ Հին աշխարհամասի երիտասարդական առաջնություններում հանդես է եկել եզրափակչում և, ի վերջո, զբաղեցրել է 8-րդ տեղը: Մյուս երկուսն այս տարի առաջին անգամ կարող են այդպիսի փորձությունում հայտնվել:  Իսկ մեծահասակների Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հիմնականում հավակնում են դարձյալ Պապոյանը և Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է սպասելիքներին, դրանք ավելի շատ կապվում են Եվրոպայի երիտասարդական առաջնության հետ»,- ասաց Գրիգորյանը:

Դիտվել է 1841 անգամ:
Print Friendly

Leave a Reply