Ունե՞նք կանանց սպորտ, թե՞ ոչ

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | March 22, 2010 11:33

Մարտի 8-ին կանանց տոնն էր: Մեր ժողովրդի համար այն սիրված օր է, քանի որ կանայք մեզ համար մայրության և գեղեցկության խորհրդանիշ են: Սպորտում էլ կանայք գրավիչ են: Ընդ որում, գեղեցիկ սեռի ներկայացուցիչները վերջին շրջանում ձգտում են կարողությունները փորձել նաև այնպիսի մարզաձևերում, որոնք երկար ժամանակ միայն տղամարդկանց մենաշնորհն էին: Այսուհանդերձ, Հայաստանում աստիճանաբար նվազում է սպորտով զբաղվող կանանց թիվը: Ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտում ներկայումս սովորողների գերակշիռ մեծամասնությունն ուժեղ սեռի ներկայացուցիչներ են: Արդեն բանը հասել է նրան, որ մարզական և մարզչական կադրերի պատրաստման դարբնոց համարվող այդ բուհի խաղային մարզաձևերի կանանց թիմերը չեն մասնակցում Հայաստանի ուսանողական խաղերի ծրագրով անցկացվող մրցումներին: Այսինքն`  մարզուհիների թիմեր չկան: Ինչ վերաբերում է Հայաստանի  առաջնություններին, ապա խիստ սահմանափակ է դրանցում իրենց կարողությունները փորձող գեղեցկ սեռի ներկայացուցիչների թիվը: Անդրադառնանք  միայն վերջին մի քանի օրերին Երևանում կայացած մրցումների տվյալներին: Ծանրամարտի Հայաստանի առաջնությանը մասնակցեց ընդամենը 12 մարզուհի: Ընդ որում, դա այն մարզաձևն է, որից ներկայումս աշխարհի չեմպիոնուհի ունենք` Նազիկ Ավդալյանը: Փաստորեն,  ակնառու հաջողություն է արձանագրվել, բայց ծանրամարտ պարապող մարզուհիներ գրեթե չկան: Մարմնամարզության Հայաստանի առաջնությանն էլ ընդամենը 11 մարզուհի է մասնակցել: Իսկ ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունում 13 մարզուհի է դուրս եկել տատամի: Հասկանալի է, որ քաշային կարգեր կային, որոնց մասնակիցների թիվն ավելի քիչ էր, քան սահմանված մրցանակներն էին:

Վիճակը վատ է նաև  մյուս մարզաձևերում: Օրինակ` առաջիկայում անցկացվելու է ջրացատկի Հայաստանի առաջնությունը, որին ընդամենը երեք մարզուհի է հանդես գալու: Թվում է, թե կանանց համար այնպիսի գրավիչ մարզաձևում, ինչպիսին գեղարվեստական մարմնամարզությունն է, պատկերն ավելի  մխիթարական պետք է լինի: Սակայն պարզվում է, որ արժանի նազելի չունենք, ով մեր երկիրը միջազգային ստուգատեսներում ներկայացնի: Եվ դրությունը շտկելու համար դրսից` Ռուսաստանից է գեղարվեստական մարմնամարզուհի հրավիրվել, որպեսզի 2009-ին Ճապոնիայում կայացած աշխարհի առաջնությանը մասնակցի: Ընդ որում, նա էլ խայտառակ տեղեր էր զբաղեցրել` հայտնվելով աղյուսակը եզրափակողների խմբում: Զարմանալին այն է, որ մեր երկրի հավաքականի գլխավոր մարզիչն այնքան վստահ է եղել, որ նա իր պատրաստականությամբ  Հայաստանի մարզուհիներից ավելի լավն է, որ այդ պատասխանատու մրցմանը առանց որևէ ստուգման նրան մրցահարթակ էր դուրս բերել:

Ի միջիայլոց, զավեշտական դեպք է տեղի ունեցել Մոսկվայի օդանավակայանում: Հայաստանի հավաքականի մարզիչը և այդ  գեղարվեստական մարմնամարզուհին պայմանավորվել էին, որ հանդիպեն և օդանավակայանից միասին ուղևորվեն մրցավայր: Սակայն իրար չեն ճանաչել, և մարզիչը մենակ է մեկնել ծագող արևի երկիր, իսկ մարզուհին, փաստի առաջ կանգնելով, ուշացումով է ժամանել:  Հետո էլ բողոքել է, որ մարզիչն իրեն «քաշել է»: Ի դեպ, այդպես, առանց  լուրջ ծանոթության, Կանադայի Վանկուվեր քաղաքում  կայացած ձմեռային օլիմպիական խաղերում մեր երկրին հատկացված լեռնադահուկորդուհի մասնակցի տեղը «նվիրվեց»  ԱՄՆ-ում բնակվող Անի Մաթիլդա Սերեբրակյանին, ով երկու անգամ մրցելույթ ունենալով, երկու անգամ էլ մրցատարածությունը չավարտեց: Կարճ ասած, եթե Հայաստանում ունենայինք կանանց սպորտ, ապա այսպիսի զավեշտալի պատմություններից զերծ կլինեինք: Իսկ առայժմ ունենք այն, ինչն ունենք, թերևս` ինչին արժանի ենք:

Դիտվել է 1783 անգամ:
Print Friendly

Leave a Reply