Ավարտվում է ներքին աուդիտի համակարգի ներդրման փուլը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 11, 2012 17:53

ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 11-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ՝ քննարկելու ներքին աուդիտի համակարգի ներդրման ընթացքը:

Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ նախաձեռնության նպատակն է պարզել, թե «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի կիրառման մեկ տարվա ընթացքում ինչ խնդիրներ են բացահայտվել, եւ կա արդյոք փոփոխություններ-շտկումների անհրաժեշտություն: Ըստ նրա՝ խորհրդարանը հաճախ իր ընդունած օրենքների նկատմամբ մշտադիրտարկում չի իրականացնում, հետադարձ կապ չի ապահովում: Մինչդեռ հնարավոր է, որ օրենքը կիրառելիս բացահայտվեն նոր իրողություններին ոչ համահունչ դրույթներ, օրենքի հիմքում լինեն ոչ ճշգրիտ կանխատեսումներ, որոնք էլ առաջարկների ու փոփոխությունների միջոցով շտկելու անհրաժեշտություն լինի: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը մտադիր է այս փորձը կիրառել նաեւ այլ օրենքների վրա՝ բարձրացնելով օրենքի գործողության արդյունավետությունը:

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը պատգամավորներին, տարբեր գերատեսչությունների ու հասարակական կազամակերպությունների ներկայացուցիչներին ծանոթացրեց ներքին աուդիտի համակարգի ներդրման ընթացքին: Օրենքը, նրա գնահատամամբ, լավ է մշակված, համապատասխանում է միջազգային չափանիշներին եւ ընդգրկում է հանրային ամբողջ ոլորտը: Ըստ նախարարի՝ մեկ տարվա ընթացքում հասցրել են ավարտին մոտեցնել այս համակարգի ներդրման փուլը, դեռ նախորդ տարի հաստատվել են ներքին աուդիտորի մասնագիտական գործունեության ստանդարտները, վարքագծի կանոնագիրքը եւ համակարգի ներդրման ժամանակացույցը: Համապատասխան ստորաբաժանումներն արդեն ստեղծված են պետական եւ պետական 50 տոկոսից ավելի մասնաբաժին ունեցող ընկերություններում, ընդունված են ենթաօրենսդրական անհրաժեշտ ակտերը: Նախարարը նշեց, որ սա վերահսկողական մարմին չէ, չունի պատժելու լիազորություն, փոխարենն առկա ռիսկերն է գնահատելու, կանխարգելելու եւ վերացնելու: Նաեւ ունի սխալները վերհանելուց հետո խորհրդատվություն իրականացնելու նպատակ: Այս ամենն իրականացնելու համար հիմնական զեկուցողը կարեւոր համարեց անհրաժեշտ կադրերի առկայությունը, եւ նրանց վերապատրաստումը համարեց կառավարության 2013 թ. գերակա ուղղություն: Նախարարը ներքին աուդիտի համարկարգի ներդրման ընթացքը բավարար գնահատեց, միաժամանակ նշեց, որ այն դեռ կայացած չէ:

Պատգամավորները նախարարին հարցեր ուղղեցին ներքին աուդիտորների անկախության, վարձատրության, թվաքանակի, որակավորման եւ այլ խնդիրների վերաբերյալ: Ֆինանսների նախարարության գնահատմամբ՝ օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ կլինեն շուրջ 500 աուդիտորներ, նոր հաստիքներ չեն ավելանա, աուդիտը կիրականացվի ներքին ռեսուրսների հաշվին: Օրենքի համաձայն՝ ներքին աուդիտի ստորաբաժանումն անմիջականորեն կազմակերպության ղեկավարի ենթակայության տակ է: Պատգամավորների դիտարկմանն ի պատասխան, թե այդպես խախտվում է անկախության սկզբունքը, նախարարը հնարավոր համարեց երկակի ենթակայություն սահմանելը:

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն իր ելույթում առաջարկեց եւ արդյունավետ համարեց, որ ներքին աուդիտի կառույցը լինի ֆինանսների նախարարության ենթակայության տակ: 500 հոգին մեծ ներուժ է, եւ իր ղեկավարած՝ արտաքին աուդիտ իրականացնող Վերահսկիչ պալատի 84 մասնագետների հետ կարող է լիարժեքորեն վերահսկել պետական բյուջեի կատարումն ու հատկապես ծախսային մասը: Ներքին աուդիտը նա խիստ կարեւոր համակարգ համարեց նաեւ ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից:

Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը ներկայացրեց բանկի փորձը ներքին աուդիտի համակարգի կայացման գործում, նաեւ՝ կիրառվող միջազգային մոդելները: Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների միության խորհրդի նախագահ Ահարոն Չիլինգարյանը նույնպես իր դիտրարկումները ներկայացրեց ներքին աուդիտի համակարգի կայացման վերաբերյալ՝ աուդիտորների որակավորման ծրագրերում համագործակցելու եւ աջակցելու պատրաստակամություն հայտնելով:

Ամփոփելով հարցադրումները՝ ֆինանսների նախարարը ընդունելի, բայց եւ լրացուցիչ քննարկման առարկա համարեց ներքին աուդիտը ֆինանսների նախարարության ենթակայության տակ դիտարկելու կամ երկակի ենթակայություն սահմանելու վերաբերյալ մոտեցումները:

Դիտվել է 980 անգամ:
Print Friendly

Leave a Reply