Ֆլորա Մարտիրոսյանի հուղարկավորությունն այսօր է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 11, 2012 11:16

ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանին հայ արվեստասեր հասարակությունը վերջին հրաժեշտ կտա այսօր` դեկտեմբերի 11-ին, ժամը 12:00-14:00-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Այնուհետ թաղման թափորը կշարժվի դեպի Երեւանի քաղաքային պանթեոն, որտեղ էլ կկայանա երգչուհու հուղարկավորությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մինչ դիակի փոխադրումը Հայաստան, Լոս-Անջելեսում եւս կայացել է սիրված երգչուհու հոգեհանգստյան արարողությունը: Այն նախագահել է Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկայի արեւմտյան ափի թեմակալ առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանը: Անվանի երգչուհուն հարգանքի տուրք մատուցելու եւ վերջին հրաժեշտը տալու են եկել բազմաթիվ օտարերկրացիներ, նրա գործընկերներից շատերը, որոնց հետ Ֆլորա Մարտիրոսյանը դեռ մեծ ծրագրեր ուներ իրականացնելու:

Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957 թ-ի փետրվարի 5-ին` Գյումրիում: 1971 թ. ավարտել է Գյումրիի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը, 1974-1978 թթ. սովորել Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում, 1981-1986 թթ. ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ժողովրդական երգեցողության բաժնում:

Ֆլորա Մարտիրոսյանի արվեստի հետագա վերելքի համար կարեւոր դեր է ունեցել Հայաստանի պետական ժողովրդական գործիքների անսամբլը, որի մենակատարն էր 1976-1991 թթ.: 1990-ականներին տեղափոխվելով ԱՄՆ՝  շարունակել է իր ազգանվեր գործունեությունը՝ հայ տոհմիկ եւ ազնվահունչ երգով նպաստելով հայապահպանության եւ հայրենիքն ու սփյուռքը մշակույթով համախմբելու կարեւոր գործին: Վերադառնալով հայրենիք 1997-2001 թթ. աշխատել է Երեւանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում՝ որպես տնօրեն:

2002-2008 թթ. ղեկավարել է Լոս-Անջելեսում իր հիմնադրած Բրբենքի եւ Հոլիվուդի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցները: 2006-2007 թթ. առաջին անգամ Հայաստանում կազմակերպել է «Կոմիտաս» համահայկական միջազգային երգի մրցույթը, որին Հայաստանից եւ արտերկրից մասնակցել է շուրջ 2000 հայ երեխա: Ֆլորա Մարտիրոսյանի երգն ընդմիշտ  կմնա հայ երգարվեստի պատմության էջերում եւ հանդիսատեսի հիշողության մեջ:

Դիտվել է 815 անգամ:
Print Friendly

Leave a Reply