Մրգեր և բանջարեղեն. բնության դեղերը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 22, 2010 10:50

Եթե տանը կենդանի եք պահում, ապա անպայման նկատած կլինեք, որ երբ նա իրեն վատ է զգում կամ հիվանդանում է, նրա մեջ հետաքրքրություն է առաջանում ձեր տնային բույսերի նկատմամբ: Բնությունը ստիպում է նրան ուտել դրանք, որպեսզի  օրգանիզմին անհրաժեշտ նյութերը   կուտակի և ապաքինվի: Մարդիկ նույնպես կարող են իրենց գրեթե բոլոր առողջական խնդիրների լուծել բույսերի, մրգերի և բանջարեղենի միջոցով, քանի որ բնությունը բնական դեղամիջոցներ է ստեղծել գրեթե բոլոր հիվանդությունները կանխելու կամ էլ հաղթահարելու համար:

Ալերգիա

Ալերգիաների ժամանակ ձեր վիճակը կլավացնի սոխը: Այն լավ է մարսողական համակարգի և աղիների համար, իսկ յուրաքանչյուր ալերգիա, ուղղակիորեն կապված է աղիների գործունեության հետ:

Անորեքսիա

Մարոլը և բողկը լավ են անորեքսիայով և վատ ախորժակով տառապող մարդկանց համար, քանի որ օգնում են լավացնելու մարսողությունը և քաղցածության զգացողություն են առաջացնում:

Արթրիտ և ռեվմատիզմ

Խնձորը, բալը, թուրինջը, խաղողը, ելակը, արքայախնձորը, նարինջը, վարունգը և կաղամբը լավ են անոթների և ոսկորների համար, ինչպես նաև կարող են բուժել և կանխել արթրին ու  ռևմատիզմը:

Գլխացավ

Խնձորները և կաղամբը օգնում են պայքարել գլխացավի դեմ: Գլխուղեղի լարված աշխատանքի ժամանակ ձեզ օգտակար կլինեն խնձորը, ծիրանը, մանգոն, նարինջը, դեղձը, արքայախնձորը:

Դաշտանի  խախտումներ

Գազարը և գուավան լավ են կանանց դաշտանային ցիկլի համար:

Երիկամներ և միզապարկ

Խնձորը, գազարը, բալը, ջուրը, խաղողը, մանգոն, դեղձը, տանձը, ելակը, վարունգը, սպանախը օգնում են ազատվելու երիկանմերի և միզապարկի քարերից և կանխում են նրանց հետագա գոյացումը:

Զարկերակային ճնշում

Վարունգը, լոլիկը, սպանախը, ինչպես նաև բալը, դեղձը, նարինջը, տանձը, արքայախնձորը իջեցնում են զարկերակային բարձր ճնշումը, մինչդեռ կարտոֆիլը, դդումը և ոլոռը օգնում են պայքարելու ցածր ճնշման դեմ:

Թոքաբորբ

Թոքերի առողջության և թոքաբորբի դեմ պայքարելու համար շատ լավ են սոխը և նարինջը:

Սակավարյունություն

Ծիրանը, մանավանդ հայկական ծիրանը, լավ է արյան համար և օգնում է կանխելու կամ բուժելու սակավարյունությունը: Օգտակար են նաև խաղողը, բալը և մարոլը:

Նորագոյացություններ

Խնձորը, ծիրանը, բալը, դեղձը, գազարը, ձմերուկը, մարոլը, կարտոֆիլը, սպանախը, լոլիկը, ոլոռը հակաօքսիդանտ հատկություններ ունեն: Նրանք պաշտպանում են մարմնի բջիջները վնասվելուց  և օգնում են կանխելու նորագոյացությունները:

Շագանակագեղձի առողջության համար շատ կարևոր է հնարավորինս շատ դդումի սերմեր ուտել: Շաքարային դիաբետ Վարունգը, սոխը, սպանախը և բողկը օգնում են կանխելու շաքարային դիաբետը:

Տեսողություն

Կաղամբը, գազարը և սոխը լավացնում են տեսողությունը:

Մազեր

Կաղամբը, գազարը, վարունգը, սոխը, մարոլը, բողկը և սպանախը դրական ազդեցություն ունեն մազերի որակի վրա, արագացնում են աճը և կանխում մազաթափությունը:

Պոտենցիա

Ավոկադոն և դդումի կորիզները կարող են օգնել լուծելու պոտենցիայի հետ կապված խնդիրները:

Իմունիտետ

Խաղողը և սոյան, ինչպես նաև բոլոր ցիտրուսները ուժեղացնում են իմունային համակարգը:

Քաշ

Ավելորդ քաշից ձեզ կօգնեն ազատվել ծիրանը, բալը, տանձը, թուրինջը, սոխը, գազարը, լոլիկը, սպանախը, բողկը, քանի որ դրանք քաղցը արագ հագեցնող և մարսողությունը լավացնող հատկություն ունեն: Իսկ պակաս քաշի դեպքում ձեզ կօգնեն ավոկադոն, խաղողը, կարտոֆիլը, կաղամբը, ընկույզն  ու պնդուկը:

«Հինգ Բաժակի» սննդակարգ

Մեզանից շատերը, առավոտյան արթնանալով, գնում են աշխատանքի առանց նախաճաշելու, կամ էլ նախաճաշի փոխարեն մեկ բաժակ թեյ կամ սուրճ են խմում: Աշխատավայրում գրեթե ոչինչ չեն ուտում կամ էլ ուտում են ինչ-որ «արագ սնունդ»: Երեկոյան էլ, աշխատանքից վերադառնալով, ուտում են ծանր ընթրիք, դիտում հեռուստացույց և գնում քնելու: Եվ հետո զարմանում են, թե ինչից են  առաջանում առողջական խնդիրները: Ամեն ինչ սկսում է խախտված նյութափոխանակությունից, որը հետագայում հանգեցնում է այլ, շատ ավելի լուրջ առողջական խնդիրների և խախտումների:

Բժիշկներն ասում են, որ առողջության համար լավ է սնվել հաճախ, բայց փոքր չափաբաժիններով: Այսպես մարդն ավելի արագ է հագենում, իսկ նրա մարսողական համակարգն ու նյութափոխանակությունը սկսում են ավելի լավ գործել: Եթե սնունդ ընդունեք քիչ-քիչ, բայց օրական 5-6 անգամ, երբեք չեք ունենա նյութափոխանակության, ավելորդ քաշի, մարսողական համակարգի հետ կապված առողջական խնդիրներ:

Ի դեպ, «փոքր  չափաբաժիններով» բառակապակցությունը սկզբունքային է, քանի որ մեծ քանակությամբ սննդի հաճախակի ընդունումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Եվ օրական 5-6 անգամից ավելի ուտելն էլ այնքան էլ լավ միտք չէ:

Այն մարդկանց համար, ովքեր դժվարանում են կարգավորել ընդունվող սննդի քանակը, մասնագետները ստեղծել են այսպես կոչված «հինգ բաժակի սննդակարգը», որն օգնում է  կարգավորելու թե՛ ընդունված սննդի քանակը, թե՛ հաճախականությունը: Բացի այդ, հինգ բաժակի սննդակարգը ներառում է միայն առողջ և տարատեսակ սնունդ, այնպես որ օրգանիզմը ստանում է անհրաժեշտ բոլոր վիտամիններն ու միկրոտարրերը: Այսինքն` այսպիսի սննդակարգը օգնում է լավացնել նյութափոխանակությունն  ու մարսողությունը և ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Հինգ բաժակի սննդակարգը կարելի է համարել նաև դիետա, որը 15 օրվա ընթացքում կօգնի ձեզ ազատվել 2-5 կիլոգրամից (կախված ձեր օրգանիզմի յուրահատկություններից):

Այսպիսով, ի՞նչ է այս հինգ բաժակի սննդակարգը և ինչպե՞ս  պետք է դրան հետևել:

Առաջին հերթին անհրաժեշտ է ընտրել բաժակ: Իհարկե, բաժակը կարելի է նաև փոխարինել փոքր թասով կամ ամանով: Կարևոր է, որ ամանը շատ մեծ չլինի. 300 միլիլիտր ջրի տարողությամբ ամանը կամ բաժակը միանգամայն բավական է: Կարելի է նաև ընտրել նույն տարողությամբ, բայց տարբեր գույների բաժակներ:

Ցանկալի է, որ բաժակը կամ թասը ձեզ դուր գա և լինի վառ գույնի, քանի որ այն, թե ինչից ենք ուտում, պակաս կարևոր չէ նրանից, թե ինչ ենք ուտում: Գեղեցիկ սպասքը բարձրացնում է տրամադրությունը, ինչն ուղղակիորեն ազդում է մարսողության և նյութափոխանակության վրա:

Ընտրած բաժակը կամ թասը հարկավոր է ամեն երկու ժամը մեկ, բայց օրական հինգ անգամից ոչ հաճախ լցնել ստորև նշված կերակուրներից մեկով և ուտել: Շատ կարևոր է, որ կերակուրը լինի տարատեսակ: Այսինքն` օգտակար կերակուրներից օրգանիզմը զրկել չի կարելի:

Մասնագետները մշակել են նաև օրվա ցանկալի սննդակարգը.

– Առավոտյան հարկավոր է ուտել կաթնամթերքներ կամ մրգեր:

– Նախաճաշից երկու ժամ անց կարելի է ուտել մեկ բաժակ լապշա կամ էլ ձավարի, բրնձի կամ հնդկացորենի փլավ:

– Եվս երկու ժամ հետո կարելի է ուտել միս, թռչնի միս կամ ձուկ: Բնականաբար, ընտրված բաժակի չափով:

– Չորրորդ անգամ ուտելիս ցանկալի է բաժակը լցնել բանջարեղենով: Կարելի է ուտել ամեն տեսակի բանջարեղեն, նույնիսկ կարտոֆիլ: Բանջարեղենից կարելի է պատրաստել ցանկացած կերակրատեսակ, բայց հիշեք, որ աղցաններն ավելի ցանկալի են և ավելի լավ են առողջության համար, քան, ասենք, տապակած բանջարեղենը:

– Օրվա վերջում կարելի է կրկնել նախորդ կերակուրներից յուրաքանչյուրը, բացի բանջարեղենից:

Սննդակարգից հարկավոր է բացառել ամեն տեսակի սոուսները, մայոնեզն ու կետչուպը: Քաղցր ուտել նույնպես չարժե: Համեմունքներ և աղ օգտագործել կարելի է, բայց ինչքան քիչ, այդքան լավ:

Օրվա ընթացքում կարելի է նաև խմել ջուր, բնական հյութեր և թեյ` սև կամ կանաչ, առանց շաքարի:

Սակայն հիշեք, որ սնվել այս սննդակարգով կարելի է միայն 15 օրվա ընթացքում, ինչից հետո պետք է շարունակել սնվել հաճախ, նույնպես քիչ-քիչ, բայց չսահմանափակվել բաժակի պարունակությամբ: Կերեք այնքան, որ սով չզգաք:

Այսպիսի սննդակարգը լավ է առողջ մեծահասակների համար: Եթե ինչ-որ լուրջ առողջական խնդիրներ ունեք, անպայման խորհրդակցեք ձեր բժշկի հետ: Հղի և կերակրող կանանց նույնպես չարժե փոխել սովորական դարձած սննդակարգը և բացառել որևիցե կերակրատեսակ:

Իհարկե, ցանկալի է գոնե այս սննդակարգին հետևելու 15 օրերի ընթացքում նաև մարզանքով զբաղվել: Եթե մարզադահլիճ գնալու հնարավորություն և ժամանակ չկա, աշխատեք գոնե առավոտյան 15-20 րոպե տրամադրել վարժություններին և օրվա ընթացքում հնարավորինս շատ քայլել. դա ոչ միայն կպնդացնի ձեր մկանները, այլև կնպաստի նյութափոխանակության լավացմանը ու իմունիտետի բարձրացմանը:

Դիտվել է 11182 անգամ:
Print Friendly

Leave a Reply