Տիգրան Սարգսյան. «Հասարակական կազմակերպությունների գործունեությունը և նախաձեռնությունները բխում են մեր ժողովրդի շահերից»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 10, 2012 15:31

ԱՄՆ-ում աշխատանքային օրվա երկրորդ կեսին վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան Թեմի առաջնորդարան:
Արևմտյան Թեմի առաջնորդ Արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանը ՀՀ կառավարության ղեկավարին ծանոթացրել է թեմի աշխատանքներին և ծրագրերին: Այնուհետև վարչապետը հանդիպել է Հարավային Կալիֆորնիայի հայ համայնքի ներկայացուցիչներին, պատասխանել նրանց հուզող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին և ներքին խնդիրներին:
Հանդիպումից հետո Տիգրան Սարգսյանը մոտեցել է առաջնորդարանի մոտ հավաքված Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության ամերիկաբնակ ակտիվիստներին, ովքեր իրենց անհանգստությունն են փոխանցել վարչապետին` Հայաստանում բնապահպանական, մասնավորապես, հանքերի շահագործման խնդիրների հետ կապված:
Ցուցարարներին ուղղված իր խոսքում վարչապետն ասել է. «Մենք ուշադիր հետևում ենք ձեր շարժմանը, տեղյակ ենք ձեր մտահոգությունների մասին, ավելին՝ բազմաթիվ հանդիպումներ ենք ունենում շարժման ներկայացուցիչների հետ»:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ ողջունել է հասարակական կազմկակերպությունների գործունեությունը, ակտիվությունը և նախաձեռնությունները, քանի որ դրանք բխում են մեր ժողովրդի շահերից: «Եթե չկա ակտիվություն, եթե չկա այս կամ այն բնագավառում ոլորտի շահերը պաշտպանող կազմակերպություն, մարդիկ, ովքեր նվիրված են այդ գաղափարներին և ովքեր գաղափարն առաջ են տանում, քաղաքացիական հասարակություն հնարավոր չէ կառուցել: Կառավարության պարտականություն է ձեզ համար ստեղծել այդպիսի հնարավորություններ, որպեսզի դուք կարողանաք ազատորեն հնչեցնել ձեզ մտահոգող հարցերը»,- ասել է վարչապետը:
Գործադիրի ղեկավարի խոսքով`շարժումը տալիս է դրական արդյունքներ, պետական կառույցները հաշվի են առնում շարժման կողմից հնչեցրած կարծիքը: «Կառավարությունը նույնպես աջակցում է ձեր այդ շարժմանը: Ես համոզված եմ, որ այս երկխոսությունն օգտակար է մեր ժողովրդի, պետության համար: Իհարկե, կան ձեր կողմից ներկայացված բազմաթիվ պահանջներ, որոնց լուծումները խնդրահարույց են, բայց մենք պատրաստ ենք նստել, քննարկել այդ հարցերը և փորձել գտնել այնպիսի լուծումներ, որոնք կբավարարեն նաև ձեզ: Ցանկանում եմ նաև իմ ուրախությունը հայտնել առ այն, որ ձեզանից շատերը մտադիր են վերադառնալ Հայաստան: Մեծ սիրով հրավիրում եմ ձեզ հայրենիք»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը
ՀՀ վարչապետի այցն ԱՄՆ շարունակվում է: Դեկտեմբերի 11-ին Տիգրան Սարգսյանը կմասնակցի «ԱրմԹեք 2012» համաժողովի բացմանը:

Դիտվել է 2173 անգամ:
Print Friendly

Leave a Reply