Պակիստանցի աղջկա հայրը նշանակվել է ՄԱԿ-ի հատուկ դեսպան
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 10, 2012 14:07
Զիյադդին Յուսուֆզայը`«Թալիբան» շարժման թիրախը դարձած պակիստանցի 14-ամյա ակտիվիստ աղջկա`Մալալայի հայրը, նշանակվել է ՄԱԿ-ի հատուկ դեսպան մինչև 2015 թվականը:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը`այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը: Նրա խոսքերով Յուսուֆզայը այդ պաշտոնին նշանակվել է այն պատճառով, որ նա պայքարում է թալիբների դեմ, որպեսզի Պակիստանում աղջիկները կրթություն ստանալու իրավունք ունենան: Այդ պայքարի համար թալիբները փորձել են վրեժ լուծել նրա աղջկանից, որին ծանր վիրավորել էին:
Այն բանից հետո, ինչ թալիբները գրավել էին Սվատի հովիտը և արգելել էին աղջիկներին դպրոց հաճախել, Մալալան բողոքի ակցիա էր նախաձեռնել: Դրանից հետո նրա անունը հայտնի դարձավ, նա նույնիսկ արժանացավ Խաղաղության ազգային մրցանակի: 14-ամյա աղջիկը BBC-ի ինտերնետ-կայքում ամեն օր ուրդու լեզվով բաժնում նշումներ էր անում`պատմելով թալիբների ժամանակ իրենց դժվար կյանքի մասին: Մալալան հրապարակումներ ունի նաև «The New York Times» թերթում:
Նշենք նաև, որ ամիսներ առաջ ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ, հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին հոլիվուդյան «The Daily Beast» թերթում Մալալայի մասին հրապարակում էր արել, նշելով, որ աղջիկը արժանի է Նոբելյան մրցանակի:






Facebook
Tweet This
Email This Post
