Եվրոպական երկրներում հավատարմագրված Հայաստանի դեսպանների խորհրդակցությունը

Պաշտոնական, Օրվա լուր | | December 10, 2012 12:01

Դեկտեմբերի 9-ին Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը անցկացրեց Եվրոպական երկրներում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների ավանդական խորհրդակցությունը:

Հանդիպման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքից հեռացած Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանի հիշատակը։ Խոսելով Կարինե Ղազինյանի մասին` նախարար Նալբանդյանը նշեց, որ նրա մահը մեծ հարված էր Հայաստանի դիվանագիտական ծառայությանը, որի նվիրյալներից էր նա։ «Մեծ է Կարինե Ղազինյանի ավանդը Հայաստանի և եվրոպական մի շարք երկրների, ինչպես նաև Եվրոպական Միության հետ հարաբերությունների զարգացման գործում, նա բոլորի կողմից խորը հարգանք և մեծ համակրանք էր վայելում»,- շեշտեց նախարար Նալբանդյանը։

Խորհրդակցությանը անդրադարձ արվեց նախորդ տարվա օգոստոսին կայացած ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպմանը Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարմանը, մեկ տարի առաջ կայացած դեսպանաժողովին քննարկման առարկա դարձած ոլորտներում արձանագրված արդյունքներին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դեսպաններին ներկայացրեց մեր երկրի արտաքին քաղաքական բնագավառում տեղի ունեցած վերջին զարգացումները, անդրադարձավ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, Դուբլինում տեղի ունեցած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, մեկ շաբաթից Բրյուսելում կայանալիք Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցության խորհրդին քննարկվելիք հարցերին, Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Էդվարդ Նալբանդյանը հանձնարարականներ տվեց միջազգային կառույցներում ներգրավվածության առավել ակտիվացման եւ կազմակերպությունների հետ համագործակցության խորացման, եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունների առավել զարգացման, Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ իրականցվելիք աշխատանքների վերաբերյալ:
Հանդիպմանը հատուկ շեշտադրում արվեց դեսպանությունների գործունեության տնտեսական բաղադրիչի, միջխորհրդարանական կապերի զարգացման, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման, տեղեկատվական դաշտում աշխատանքների վրա։

Խորհրդակցության օրակարգում կարևոր տեղ էին զբաղեցնում դեսպանությունների հյուպատոսական ծառայությունների մակարդակի, արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացման հարցերը:

Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները ներկայացրին իրենց հավատարմագրման երկրներում եւ միջազգային կազմակերպություններում ընթացող գործընթացներն ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը:

Բարձրաստիճան դիվանագետները հանգամանալից քննարկեցին մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:

Դիտվել է 1307 անգամ:
Print Friendly

Leave a Reply