Նախատոնական թանկացումներն ավելի մեղմ կլինեն, քան նախորդ տարի

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 10, 2012 11:38

Այս տարվա նախատոնական թանկացումներն ավելի մեղմ կարտահայտվեն նախորդ տարվա համեմատությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Սպառողների միության տնօրեն Արմեն Պողոսյանը՝ հավելելով, որ փորձը ցույց է տալիս, որ նախատոնական թանկացումներ հիմնականում սննդամթերքի շրջանում միշտ էլ լինում են:

«Նախատոնական թանկացումներ կլինեն, բայց ավելի մեղմ, քան նախորդ տարի, քանզի արտադրական ծավալները մեծացել են: Կարծում եմ, որ թռչնի միսը և ձուն պետք է, որ չթանկանան, բայց միսը և միրգը կարող են թանկանալ»,-ասաց Պողոսյանը: Ընդգծելով հայերի անհաշվենկատ լինելը և ճոխ-ճոխ սեղաններ գցելը՝ նա շեշտեց, որ դեկտեմբերին 2,5 անգամ ավելի շատ են գնումներ կատարում, քան մյուս ամիսներին, հետո մնում է ու թափում են:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կարելի է խուսափել նախատոնական թանկացումներից՝ Պողոսյանն ասաց, որ կան երկրներ, որոնք որոշ ապրանքների համար սահմանում են առավելագույն գին, սակայն, դա հարցի լուծում չէ: «Լուծում կարող է լինեն մրցակցային դաշտի ստեղծումը, որը բերում է գնի անկման»,-կարծիք հայտնեց Պողոսյանը:

ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանի խոսքով՝ հանձնաժողովը շաբաթական երեք անգամ գնային մոնիտորինգ է իրականացնում, իսկ դեկտեմբերի 10-ից այդ դիտանցումներն ավելի կուժեղանան՝ նաև ոչ աշխատանքային օրերին: «Օրենքով սահմանված է, որ մենք կարող ենք վերահսկողություն սահմանել միայն խոշոր տնտեսվարողների շրջանում: Հաճախ ահազանգեր ենք ստանում ընդեղենի, մրգի շուկայում չարաշահումների վերաբերյալ, սակայն մենք իրավասու չենք նման մասնավոր շրջանակներում վերահսկողություն սահմանել»,-ասաց Սահակյանը՝ շեշտելով, որ վերջին շրջանի ստուգումների ընթացքում չարաշահումներ և թանկացումներ չեն արձանագրվել, նույնիսկ կա շաքարավազի գնի նվազում:

Դիտվել է 650 անգամ:
Print Friendly

Leave a Reply