Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | December 10, 2012 10:32

Դեկտեմբերի 5-ից 9-ը Ֆրանսիայի հանրապետության Լիոն քաղաքում անցկացված Լույսերի տոնին ֆրասիացի գործընկերոջ հրավերով մասնակցած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հետ:

Մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին հրավերը չմերժելու համար, Ժերար Կոլոմբը նշել է, որ այս կերպ ևս մեկ անգամ փաստվում է հայ-ֆրանսիական և այդ համատեքստում նաև երկու քույր քաղաքների հարաբերությունների բարձր մակարդակը: Առանձնակի կարևորելով երկու քաղաքների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների ներկա մակարդակը, Լիոնի քաղաքապետը նաև նկատել է, որ այն զարգացման լուրջ հեռանկարներ ունի և վստահեցրել է, որ Լիոնը պատրաստակամ է վերջերս թարմացված համագործակցության ծրագրի շրջանակում էլ ավելի խորացնել երկուստեք փոխշահավետ ու գործընկերային հարաբերությունները:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և գործընկերային հարաբերությունների էլ ավելի խորացման պատրաստակամության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին նշել է, որ Երևանի քաղաքապետարանը ևս բաց ու պատրաստակամ է երկուստեք հարաբերությունների ընդլայնման հարցում: Տարոն Մարգարյանը ֆրանսիացի գործընկերոջը նաև տեղեկացրել է, որ այս օրերին հասցրել է գործնական հանդիպումներ ունենալ քաղաքային տնտեսության որոշ ոլորտների պատասխանատուների հետ և ձեռք է բերել որոշակի պայմանավորվածություններ, որոնք իրապես կնպաստեն երկուստեք հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը:

Նկատելով, որ 2013-ին կլրանա երկու քաղաքների քույրացման 20-ամյակը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ժերար Կոլոմբին հրավիրել է Երևան` ձևավորված հարաբերությունների հոբելյանական տարին նշելու և գործընկերային հարաբերությունների խորացման հնարավոր մոտեցումները տեղում քննարկելու համար:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար, Ժերար Կոլոմբը խոստացել է նախապես համաձայնեցնելուց հետո հաջորդ տարի պաշտոնական այցով այցելել Երևան:

Պաշտոնական հանդիպումից հետո Երևանի և Լիոնի քաղաքապետերը հանդիպել են հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Օգտվելով առիթից, Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել հայ համայնքին` երկու քաղաքների հարաբերությունների խթանմանն ու ամրապնդմանը նպաստելու համար:

Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ժերար Կոլոմբին պարգևատրել է մեդալով` երկու քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների խորացմանը նպաստելու գործում մեծ ներդրում ունենալու համար:

Դիտվել է 730 անգամ:
Print Friendly

Leave a Reply