Աղքատությունը երկրում աճել է, միաժամանակ բանկերում կրկնակի ավելացել են քաղաքացիների խնայողությունները

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | December 9, 2012 10:26

Նոյեմբերի վերջին տասնօրյակում Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը երկրում աղքատության մասին միանգամից երկու ժողովածու է հրապարակել։

Դիտարկելով 2008-2011թթ. սպառման մակարդակը ըստ չափահասների խմբերի, առաջին հերթին աչքի է զարնում այդ ցուցանիշի չհուսադրող դինամիկան։ Դեցիլային խմբերից իննում սպառման մակարդակը, տրամաբանական աճի փոխարեն կրճատվել է։ Աճ է գրանցվել միայն մեկ խմբում՝ «ամենահարուստների»։

Տոկոսային հարաբերակցությամբ սպառման ամենամեծ անկումը, որքան էլ տարօրինակ է, «ամենաաղքատ մարդկանց» խմբում է՝ 6,3%։ Այսինքն, «ամենաաղքատները» սկսել են ավելի վատ ապրել։ Սպառման մակարդակի կրճատում է գրանցվել նաեւ դեցիլային ութ խմբերում՝ 1,9% -ից մինչեւ 4,8% տատանումներով։

Բացարձակ ցուցանիշներով՝ սպառման մակարդակում ամենամեծ անկումը ամսական 4768 դրամ է կազմել։ Միաժամանակ, «ամենահարուստների» խմբում 3571 դրամի աճ է գրանցվել։

Եթե տվյալներն ընդհանրացնենք, ստացվում է, որ երկրի չափահաս բնակչության 90%-ի շրջանում 2011թ. սպառման մակարդակը նվազել է։ Այսինքն, ամեն տասը մարդուց ինը սկսել է վատ ապրել։ Այստեղ հիմնական գործոնը, անկասկած, նախորդ տարվա զգալի ինֆլյացիան է։

Նախորդ տարի արտաքին մասնավոր փոխանցումների ծավալը, բազային տարվա համեմատ, կրճատվել է 94,7 մլն դլարով կամ 5,4%-ով։ Այս տարիներին արտաքին փոխանցումների իրական գումարի դրամային արտահայտության վրա ազդել են հակադիր երկու գործոններ՝ դոլարի փոխարժեքի ամրապնդումը (21,7%) եւ ինֆլյացիան (20,5%):

Արտաքին մասնավոր դրամական փոխանցումներ ստացողները, հազվադեպ բացառությամբ, մեր բնակչության աղքատ շերտերն են։ Իսկ «ամենահարուստները», դատելով սպառման մակարդակից, ավելացրել են եկամուտները՝ չնայած ինֆլյացիային։ Հնարավոր է՝ դրա շնորհիվ…

Փաստը, որ բնակչության մի հատվածը զգալի բարելավել է ֆինանսական վիճակը, հաստատում են երկրի առեւտրային բանկերում բնակիչների ավանդները։

2011թ. դեկտեմբերի դրությամբ բնակչության կազմակերպված ավանդների մնացորդները հասել են 483,6 մլրդ դրամի եւ 2008-ի նույն ժամկետի համեմատ ավելացել 281,7 մլրդ դրամով կամ գրեթե 2,4 անգամ։

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին մանրածախ ապրանքաշրջանառության ծավալն աճել է ընդամենը 2,2%-ով, ինչը անբավարար ցուցանիշ է։

Դատելով պաշտոնական վիճակագրությունից՝ վերջին երեք տարում սպառման կենտրոնացում է նկատվում «ամենահարուստների» խմբում։ Հանրության խորացող բեւեռացման գործոնը, անկասկած, նպաստում է երկրում սոցիալական լարվածության խորացմանը եւ բնակչության արտագաղթի պատճառ դառնում։

Ալբերտ Խաչատրյան

NEWS.am

Դիտվել է 1360 անգամ:
Print Friendly

Leave a Reply