Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղարի պարզաբանումները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 8, 2012 17:10

Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեկտեմբերի 4-6-ը Բրյուսել կատարած այցի մասին տարածված երկու հաղորդագրությունների մեջ որեւէ հակասություն չկա, ընդամենը վերախմբագրվել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը`անդրադառնալով ԲՀԿ մամուլի ծառայության դեկտեմբերի 5-ին եւ դեկտեմբերի 7-ին տարածած երկու հաղորդագրություններին, որոնք իրարից տարբերվում են զգալի փոփոխություններով:

Նշենք, որ լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում մեծ աղմուկ է առաջացրել այս երկու հաղորդագրությունները, քանի որ երկրորդ հաղորդագրության մեջ դուրս են թողնված նախորդ հաղորդագրության «սուր մասերը», առկա են զգալի փոփոխություններ: Մասնավորապես, երկրորդ հաղորդագրության մեջ բացակայում է Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, որ «անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում»: Ինչպես նաեւ, երկրորդ հաղորդագրության մեջ չկա առաջին հաղորդագրության այն մասը, թե  «Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան նշել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը կարող է հիանալի թեկնածու լինել, քանզի առանձնանում է մարդկային ու լավատեսական հատկանիշներով»։

Այս երկու հաղորդագրությունների մեջ տեղ գտած տարբերությունները չվրիպեցին լրագրողական եւ քաղաքական շրջանակների աչքից: Մի կողմից, վերլուծություններ եղան, որ ԲՀԿ-ի «պրես-ռելիզ» կազմողները անփորձ են եւ ինչ-որ բան խառնել են: Մյուս կողմից էլ շեշտվում էր, որ բացառված է, որ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան Գագիկ Ծառուկյանին ասեր, որ նա առաջիկա նախագահական ընտրություններում կարող է հիանալի թեկնածու լինել, ինչպես նշել էր ԲՀԿ-ն իր դեկտեմբերի 5-ի հաղորդագրության մեջ: Այս մեկնաբանության հեղինակները որպես փաստարկ նշում էին այն, որ որեւէ ծանրակշիռ պաշտոնյա նման բան չէր կարող ասել եւ իրավունք չուներ ասելու, քանի որ կա որոշակի էթիկետ, որի մեջ մտնում է նաեւ որեւէ երկրի ներքին գործերին չմիջամտելը: Իսկ թերթերից մեկը` «Ժամանակը», վկայակոչելով ԵԽ աշխատակազմի աշխատակցին, գրել էր, թե Վիդալի խոսքերը կեղծվել են ու աղավաղվել. «Իրականում Վիդալ Քվադրաս Ռոկան ասել է` «լավատեսությունը շատ կարեւոր հատկանիշ է քաղաքական գործչի համար, եւ ես ինքս էլ եմ լավատես», իսկ խոսակցության վերջում հրաժեշտ տալուց ասել է` «ամենայն բարիք եմ մաղթում Ձեզ (Ծառուկյանին)` all the best and good luck to you»»:

ԲՀԿ  հաղորդագրության մեջ ներկայացված եվրոպացի պաշտոնյանի խոսքը կակածի տակ է դրել նաեւ ԲՀԿ-ի հետ համագործակցող Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը` պատգամավոր Արամ Մանուկյանը:

ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով երկու հաղորդագրությունների շուրջ առաջացած աղմուկին եւ արված մեկնաբանություններին, ասել է հետեւյալը. «Որեւէ էքստրեմալ կամ էսքստրաօրդինար բան տեղի չի ունեցել, ընդամենը դեկտեմբերի 5-ին տարածվել է հաղորդագրություն այդ օրվա առաջին կեսին տեղի ունեցած հանդիպումների մասին: Իսկ արդեն Երեւան վերադառնալուց հետո  ամփոփվել է երկօրյա այցի շրջանակներում տեղի ունեցած բոլոր օրակարգային հանդիպումների վերաբերյալ տեղեկատվությունները: Իսկ քանի որ հանդիպումների քանակը գերազանցում էր շուրջ  մեկ տասնյակը, ընդամենը տեքստային վերախմբագրում է տեղի ունեցել, որովհետեւ երկու անգամ նույն բանի մասին հաղորդագրություն տարածելը առավել քան ինքնանպատակ կլիներ: Ի վերջո, ԲՀԿ-ն որեւէ մեկին որեւէ բան ապացուցելու կարիք եւ անհրաժեշտություն չունի: Իսկ թե ինչու է այցին վերաբերող որոշ մանրամասներ որոշ շրջանակներում խիստ ցավագին ընդունվել, մեծ երեւակայություն պետք չէ դա հասկանալու համար»,- նշել է նա:

Հարցին, թե երկրորդ հաղորդագրության մեջ կատարված վերախմբագրումները արդյոք պայմանավորված չեն այն հանգամանքով, որ եվրոպացի պաշտոնյաները նման բան չեն ասել, նա պատասխանեց. «Եթե որոշ մարդիկ կասկածներ ունեն այս կամ այն պաշտոնյայի այս կամ այն հայտարարության իսկության վերաբերյալ, ապա պետք է հիասթափեցնել նրանց եւ ասել, որ երկուստեք պայմանավորվածության համաձայն` հանդիպումները տեսաձայնագրվել են եւ տրամադրված տեղեկատվության արժանահավատության շուրջ կասկածներ ունեցող անձանց կարող ենք տրամադրել նաեւ տեսաձայնագրությունները»,- ասել է նա:

Մամուլի քարտուղարն ասել է, որ «երեքէջանոց հաղորդագրություն չէր պատրաստվելու, այլ ամփոփ հաղորդագրություն է պատրաստվել: Եւ նախորդ ռելիզում տեղ գտած որոշ տեղեկատվություն պարզապես փոխարինվել է հաջորդող  հանդիպումների մանրամասներով»:

Իվետա Տոնոյանը վստահեցրեց, որ երկրորդ հաղորդագրության մեջ բացակայող երկու ամենից շատ շահարկվող հատվածների (Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը կոռուպցիայի վերաբերյալ եւ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի` ԲՀԿ առաջնորդին հիանալի նածագահի թեկնածու համարելը) վերաբերյալ իրենք ունեն տեսաձայնագրություն: «Պարոն Ծառուկյանը խոսել է համակարգային արատի մասին եւ ասել է, որ կոռուպցիան հաղթահարելու մեխանիզմները, որ այսօր կան, անարադյունավետ են` նկատի է ունեցել, որ Հայաստանում  կոռուպցիան լրջագույն համակարգային աղետ է, անձնավորումներ չեն եղել: Թե ինչու են մարդիկ փորձում անձնավորել դա, դա բացառապես նրանց խնդիրն է»,- ասաց նա:

Ի դեպ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական կայքում տեղադրված տեսանյութի մեջ ակնհայտ է, որ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ասել է, թե «շատ դրական անձնավորություն լինելուց բացի` նաեւ շատ ուժեղ մարդ եք, իսկ քաղաքականության մեջ շատ կարեւոր է ունենալ առողջություն եւ ֆիզիկական ուժ»: ԲՀԿ-ի պաշտոնական  կայքում տեղադրված տեսանյութի մեջ չկա այն հատվածը, երբ եվրոպացի պաշտոնյան Գագիկ Ծառուկյանին համարում է նախագահի հիանալի թեկնածու, ինչի մասին ԲՀԿ-ն հաղորդագրություն էր տարածել:

Տեսանյութի այն հատվածում, երբ եվրոպացի պաշտոնյան Ծառուկյանին համարում է դրական եւ ուժեղ անձնավորություն, որեւէ խոսք նախագահի հիանալի թեկնածու լինելու մասին չի լսվում թե անգլերենում, թե հայերեն թարգմանության մեջ:

Դիտվել է 1238 անգամ:
Print Friendly

Leave a Reply