ԲՀԿ-ն բրյուսելյան այցի մասին «սրբագրված» հաղորդագրություն է տարածել. Հայաստանի հասցեին քննադատությունները վերացել են

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 8, 2012 10:12

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել դեկտեմբերի 4-6-ը կուսակցության անդամներից կազմված պատվիրակության՝ Բրյուսել կատարած այցի վերաբերյալ, որը երկու օր առաջ տարածված աղմկահարույց հաղորդագրությունից տարբերվում է էական շտկումներով։ Նախ` նկատենք, որ նախորդ հաղորդագրության հիման վրա կառուցված այս հաղորդագրությունը առավել ընդարձակ է և դրանում ներկայացված են նաև վերջին օրվա հանդիպումները եվրոպական տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ։ Բայց դրանից դուրս են թողնված նախորդ հաղորդագրության «սուր մասերը» և իրականացված են էական շտկումներ, որոնք երկրորդ հաղորդագրությունը դարձրել են «անատամ»։

Tert.am-ը առանձնացրել է երկու հաղորդագրություններում եղած քիչ թե շատ էական ու սկզբունքային տարբերությունները և դրանք ներկայացրել պայմանական համարակալմամբ և գունավորմամբ։ Մասնավորապես, դեղին գույնով նշված են այն հատվածները, որոնք առաջին հաղորդագրությունից դուրս են մնացել, իսկ կանաչ գույնով նշված են այն հատվածները, որոնք ավելացվել են նոր հաղորդագրության մեջ։ Ինչպես նաև ընդգծվել են (տակից գծով) այն հատվածները, որոնցում որոշակի փոփոխություններ են արվել։

Եթե համառոտ նկարագրելու լինենք, առաջին հաղորդագրությունից դուրս են մնացել առաջին հաղորդագրության մեջ առավել աղմկահարույց այն երկու հատվածները, որոնցից մեկը վերաբերում էր Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ «անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում», իսկ երկրորդ հատվածը՝ թե «Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան նշել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը կարող է հիանալի թեկնածու լինել, քանզի առանձնանում է մարդկային ու լավատեսական հատկանիշներով»։
Նշենք, որ դեկտեմբերի 5-ին տարածված հաղորդագրությունը մեծ արձագանք գտավ քաղաքական դաշտում և արժանացավ կոշտ գնահատականների՝ մասնավորապես ՀՀԿ-ական գործիչների կողմից։ Մասնավորապես, ՀՀԿ մամուլի խոսնակԷդուարդ Շարմազանովն այն համարեց ամոթալի և ներքին լսարանի համար թատերական ներկայացում:

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն էլ այդ հայտարարությունները անհեթեթ անհավանական էր համարել:

Ահա երկու հաղորդագրությունները՝ ըստ ժամանակային հերթականության և առանց խմբագրական միջամտության (այդ թվում և վրիպակների առումով).
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ 1 – Դեկտեմբերի 5

Դեկտեմբերի հինգին մեկնարկել է ԲարգավաՃ Հայաստան կուսակցության (1) նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցը Բրյուսել: Եվրոպական խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ արտաքին գործերի գործակալության բարձրաստիճան պաշտոնյաների(4) Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումների շարքը մեկնարկել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ հանդիպումով:
Ողջունելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ ԲՀԿ-ն այսօր այստեղ է Եվրոպական կուսակցությունների հետ հարաբերությունները խորացնելու նպատակով, քանի որ եվրոպական ինտեգրումը ԲՀԿ օրակարգի գերկայություններից մեկն (5) է:
Միջկուսակցական համագործակցության խորացմանը միտված ծրագրերի քննարկումից զատ կողմերը զրուցել են նաև Հայաստանի տնտեսական քաղաքականության վերաբերյալ հարցերի շուրջ: Անկաշկանդ շփման ընթացքում Գագիկ Ծառուկյանը կարծիք է հայտնել, որ անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում: (6)
Հանդիպման շրջանակներում կողմերը զրուցել են Հայաստանի քաղաքական օրակարգի կարևորագույն խնդիրների մասին, այդ թվում անդրադարձ է կատարվել նաև առաջիկա նախագահական ընտրություններին: (7)
Ծանոթ լինելով ԲՀԿ գաղափարական և քաղաքական (8) գործունեությանը՝ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան հաստակամություն ու պատրաստակամություն է հայտնել օժանդակելու ԲՀԿ-ի՝ Եվրոպական կուսակցությունների հետ համագործակցության ընդլայնմանը միտված քաղաքականության կենսագործմանը:
Փոխնախագահն ընդգծել է, որ ցանկացած տեսակի համագործակցության կայացման ու արդյունավետության առաջին գրավականն ու երաշխիքը մարդկային հարաբերություններն են և այդ համատեքստում կարևորում է ԲՀԿ նախագահի հետ ծանոթությունը: Անձնական ծանոթությունից հետո Եվրոպական խորհդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան նշել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը կարող է հիանալի թեկնածու լինել, քանզի առանձնանում է մարդկային ու լավատեսական հատկանիշներով: (9)
Հագեցած օրակարգով հանդիպման ավարտին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկային հրավիրել է այցելել Հայաստան, որտեղ կարող են նաև առավել հանգամանորեն քննարկել առաջիկա գործակցության հեռանկաները:
Դեկտեմբերի հինգին ԲՀԿ խմբակցության պատգամավորները Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հանդիպում են ունեցել նաև Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինի հետ: Հանդիպման շրջանակներում առաջնային թեման առաջիկա նախագահական ընտրություններն են եղել: (11)
Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ ԲՀԿ-ն մշտապես հանդես է եկել բացառապես ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխանող ընտրությունների անցկացման դիրքերից(12) Անդրադարձ է կատարվել նաև եվրոպական կառույցների կողմից ընտրությունների ժամանակ երկարաժամկետ ու կարճաժամկետ դիտորդական առաքելությունների իրականացման գործընթացին:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինը տեղեկացրել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում Հայաստանում իրենց դիտորդական առաքելությունն իրականցնող կառույցները ուշի ուշով հետևելու են ներքաղաքական բոլոր զարգացումներին: (14)
ԲՀԿ նախագահի հերթական հանդիպումը կայացել է Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլի, եվրոպական խորհրդարանում դաշինքի քաղաքական խմբի ղեկավար Մարտին Կալանանի հետ, որտեղ ևս (15)քննարկվել են կուսակցությունների միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում հանդիպել արդեն առավել գործնական քայլեր ձեռնարկելու նպատակով:
Բարգավաճ Հայաստան կուսկացության նախագահ Գագիկ Ծառուկյանի այցը շարունակվելու է նաև վաղը՝ դեկտեմբերի վեցին:
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ 2- Դեկտեմբերի 7
Դեկտեմբերի 4-ից 6-ը տեղի է ունեցել ԲՀԿ (1)նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցը Բելգիայի մայրաքաղաք՝ (2) Բրյուսել։

Այցի շրջանակներում պատվիրակության անդամները մի շարք հանդիպումներ են ունեցել(3) Եվրոպական խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների, ինչպես նաև հայ համայնքի հետ: Հանդիպումների շարքը մեկնարկել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ հանդիպումով:
Ողջունելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ ԲՀԿ-ն Բրյուսելում է Եվրոպական կուսակցությունների հետ հարաբերությունները խորացնելու նպատակով, քանի որ եվրոպական ինտեգրումը ԲՀԿ օրակարգի գերակայություններից է:
Հանդիպման շրջանակներում կողմերը զրուցել են նաև Հայաստանում առաջիկա թիվ մեկ քաղաքական իրադարձության՝ նախագահական ընտրությունների վերաբերյալ(7)
Ծանոթ լինելով ԲՀԿ գործունեությանը՝ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան հաստակամություն ու պատրաստակամություն է հայտնել օժանդակելու ԲՀԿ-ի՝ Եվրոպական կուսակցությունների հետ համագործակցության ընդլայնմանը միտված քաղաքականության կենսագործմանը:
Հագեցած օրակարգով հանդիպման ավարտին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկային հրավիրել է այցելել Հայաստան, որտեղ կարող են առավել հանգամանորեն քննարկել առաջիկա գործակցության հեռանկարները:
Նույն օրը ԲՀԿ խմբակցության պատգամավորները Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հանդիպել են նաև Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինի հետ: Հանդիպման շրջանակներում քննարկվել են ինչպես խորհրդարանական դիվանագիտությանն առնչվող հարցեր, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական խնդիրները։ (10) Չի շրջանցվել նաև առաջիկա նախագահական ընտրություններն թեման։ (11)
Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ ԲՀԿ-ն մշտապես հանդես է եկել բացառապես ազատ, արդար, թափանցիկ ու միջազգային չափորոշիչներին համապատասխանող ընտրությունների անցկացման օգտին: (12) Այդ համատեքստում (13)անդրադարձ է կատարվել նաև եվրոպական կառույցների կողմից ընտրությունների ընթացքում երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդական առաքելությունների իրականացման գործընթացին:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինը տեղեկացրել է, որ եվրոպական խորհրդարանի պատգամավորները ևս դիտորդական առաքելություն են իրականացնելու առաջիկա ընտրություններում՝ ամենայն ուշադրությամբ հետևելով ներքաղաքական զարգացումներին: (14)
ԲՀԿ նախագահի գլխավորությամբ հերթական հանդիպումն արդեն Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլի, եվրոպական խորհրդարանում դաշինքի քաղաքական խմբի ղեկավար Մարտին Կալանանի հետ է կայացել, որտեղ քննարկվել են կուսակցությունների միջև առավել սերտ համագործակցության հեռանկարները: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում հանդիպել արդեն առավել գործնական և կոնկրետ քայլեր ձեռնարկելու նպատակով:
Նույն օրը կայացել է նաև ԲՀԿ խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչների հանդիպումը Եվրոպական խորհրդարանում սոցիալ-դեմոկրատների միության խմբակցության փոխնախագահ Լիբոր Ռուչեկի հետ: Քննարկվել են եվրոպական ինտեգրման, առաջիկա նախագահական ընտրություններում Եվրոպական խոհրդարանի կողմից իրականացվող դիտորդական առաքելության հետ կապված հարցեր, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հետաքրքրությունների ոլորտում գտնվող բազմաթիվ այլ խնդիրներ:


Դեկտեմբերի 5-ի երեկոյան կայացել է հանդիպում Բելգիայի և հարակից պետությունների հայ համայնքների հեղինակավոր կառույցների ղեկավարների ու պատասխանատուների հետ: Ներկաները զրուցել են հայկական գաղթօջախներին ներկայումս առավել հուզող խնդիրների մասին՝ Հայաստանից արտագաղթողների աննախադեպ աճ, լեզվի, մշակույթի ու ավանդույթների պահպանության խնդիր ու ինքնության կորուստը վտանգող մի շարք այլ հարցերի, ինչպես նաև Հայաստան- Սփյուռք գործակցությունը որակական նոր մակարդակի վրա տեղափոխելու խնդիրներ:


Պաշտոնական այցի վերջին հանդիպումը Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ է կայացել: Շուրջ մեկ ժամ տևած հանդիպման շրջանակներում Գագիկ Ծառուկյանը նախ ներկայացրել է այցի նպատակները, ընդգծելով որ ԲՀԿ-ն կարևորում է եվրոպական գործընկերների հետ անձնական շփումներն ու օրակարգային մի շարք հարցերի շուրջ տեսակետների փոխանակումը:


ԲՀԿ նախագահը ներկայացրել է նաև կուսակցության մոտեցումները Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների խորացման ուղիների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ասոցիացման համաձայնագրի, ինչպես նաև վիզային ռեժիմի դյուրացման գործընթացին: Իր հերթին Շտեֆան Ֆյուլեն ընդգծել է, Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացը խիստ անհրաժեշտ է, և այդ բարեփոխումների իրականացման համատեքստում կարևորվում է նաև ԲՀԿ դերակատարումը: 

Դիտվել է 772 անգամ:
Print Friendly

Leave a Reply