Սիրիահայերի մի մասը հեռանում է Հայաստանից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 7, 2012 16:59

Հայաստանի սփյուռքի փոխնախարար Դավիթ Կարապետյանի գնահատմամբ, հիմնական պատճառը համակարգային խնդիրներն են, որոնք դժվարացրել են սիրիահայերի կյանքը Հայաստանում:

«Նախ՝ սիրիահայի եւ Հայաստանի սոցիալական միջավայրը, մշակութային դաշտը, տնտեսական դաշտը բավական տարբեր են, եւ նրանց պատկերացումները Հայաստանի հնարավորությունների վերաբերյալ շատ ժամանակ տարբերվում են իրական հնարավորություններից։ Կարող եմ ասել, որ Սփյուռքի նախարարությունը եւ ընդհանրապես Հայաստանի իշխանությունները անում են ամեն ինչ, որպեսզի հեշտացնեն նրանց կյանքը Հայաստանում, բայց կան օբյեկտիվ խնդիրներ՝ օրինակ մասնագիտացումների հետ կապված, աշխատավարձի չափերի հետ կապված, որոնք դժվարացնում են սիրիահայերի կյանքը», – ասում է Դավիթ Կարապետյանը։

Այս տարվա կեսից, երբ Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում թեժացավ հակամարտությունը կառավարության ու ընդդիմության միջեւ, շուրջ 6.000 սիրիահայեր լքեցին այդ երկիրը` ապաստան գտնելով Հայաստանում: Նրանցից, փաստորեն, 1000-ը հեռացել է այլ երկրներ:

Կարապետյանը նշում է, որ սփյուռքի նախարարությունը փորձում է անել հնարավորը, որպեսզի Հայաստան եկած սիրիահայերը, աշխատանք գտնելով, կարողանան հաստատվել հայրենիքում: Այս նպատակով էլ իրենք տարբեր գերատեսչությունների հետ միասին հանդիպումներ են կազմակերպում սիրիահայերի մասնակցությամբ: Նման հանդիպում տեղի է ունեցել երեկ, որին հրավիրվել էին Հայաստան տեղափոխված այն սիրիահայ գործարարները, ովքեր մտադիր են թեթեւ արդյունաբերության ու սպասարկման ոլորտում նոր գործ ձեռնարկել: Նրանք Հայաստանում գործող թեթեւ արդյունաբերության ոլորտի ղեկավարների հետ քննարկեցին բիզնես սկսելու իրենց հնարավորությունները, ծանոթացան հայաստանյան բիզնես դաշտին:

Սիրիահայ գործարարները «լիահույս են»

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում սիրիահայ գործարարներն ասում են, որ լիահույս են այստեղ նոր գործ սկսելու հարցում: Նրանց հիմնական խնդիրը հայաստանյան օրենսդրության չիմացությունն է:

Հալեպում տեքստիլ ոլորտում դիզայներական գործունեությամբ զբաղվող Վիգեն Շառոյանն ասում է, որ դեռ չի կողմնորոշվել, թե ինչպես կարող է Հայաստանում շարունակել իր գործը: Նա Հայաստանի կառավարությունից ակնկալում է աջակցություն իր բիզնեսը սկսելու համար:

«Պիտի շուկայի ընթացքը, օրենքները ճիշտ հիմքերով սկսեմ, որպեսզի հարատեւ շարունակություն ունենա», – ասում է նա։

Մեկ այլ գործարար՝ Հակոբ Ազոյանը, եւս հույս ունի, որ կկարողանա այստեղ հաստատվել, բայց դեռ չգիտի, թե որտեղից սկսի: Ազոյանը Հալեպում հայտնի երկաթագործ էր:

«Հիմա որ հայրենիք ենք սեկել, ուզում ենք ինչ-որ բան անել, բայց ի՞նչ ձեւով, որքա՞ն հաջողություն՝ չգիտենք։ Կառավարությունը օգնելու բան շատ ունի», – ասում է երկաթագործը։

Սփյուռքահայ գործարար Քրիստիան Գելիջին, ով վերջին տարիներին է հաստատվել Հայաստանում եի զբաղվում է տեքստիլ արդյունաբերությամբ, սիրիահայ գործարարներին խորհուրդ է տալիս զգույշ լինել:

«Մեծ խնդիր է դա, որ մեր նման մարդիկ, մեր հայրենասիրությունը այս մարդկանց քոռացնում է։ Իրենց սրտի հետեւից թող չգնան, խելքի հետեւից գնան։ Տեղացին, առանց ուզելու, քանի որ սովոր է Սովետի սիստեմով շարժվել ու վարվել, ինքը այսօր մեր պետական օրենքները չիմանալով, սխալ ճանապարհ է գնում ու իր սիրական բարեկամներին սխալ ճանապարհ տանելով՝ երկուսը իրար հետ խնդիր կունենան», – մեկնաբանում է Գելիջին։

«ՎԿՍ Արմենիա» ընկերության տնօրեն Գելիջին ասում է, որ հաջորդ խնդիրը իրավական դաշտի չիմացությունն է, ու ինքը կաջակցի իրեն դիմող սիրիահայերին` խորհրդատվություն տրամադրելով նոր գործ սկսելու վերաբերյալ:

Սիրիահայ գործարարներն ասում են, որ Սիրիայում իրենք օրինավոր աշխատողներ են եղել ու պատրաստվում են Հայաստանում եւս այդ կերպ աշխատել: Սփյուռքի նախարարությունը դեռեւս չունի թվային տվյալներ այն մասին, թե քանի սիրիահայ գործարար է իր գործը ձեռնարկել Հայաստանում:

Նաիրա Բուլղադարյան

Azatutyun.am

Դիտվել է 760 անգամ:
Print Friendly

Leave a Reply