Տիբեթում հայտնաբերվել են արիական անհայտ ցեղի դամբարաններ

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | March 20, 2010 2:12

Չինացի ու ամերիկացի հնագետների կողմից Տիբեթում գտնվել է 4 հազար տարեկան մի դամբարան: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այդտեղ թաղված մարդիկ կապ չունեն ո’չ չինացիների, ո’չ էլ Տիբեթի ներկայիս բնակչության հետ: Այս մասին հաղորդում է «The New York Times» թերթը:

Հին դամբարաններն այդքան էլ հազվադեպ երևույթ չեն. դրանք կան նաև «Homo-sapiens» խմբի կենսաբանական այլ տիպին պատկանող նեանդարթալացիների կայանատեղիներում, որոնք վերացել են վերջին սառցե դարաշրջանում:

Գիտնականների հետաքրքրությունը շարժեց ոչ թե դամբարանի տարիքը, այլ մի քանի տարօրինակ առանձնահատկություններ, որոնց բացատրությունն առայժմ չի հաջողվում գտնել:

Դամբարանը գտնվում է Սինցզյան-ույգուրական ինքնավար մարզում: Այն Տիբեթի  հյուսիսային մասում է, որը Չինաստանի ամենանոսր բնակեցված և ամենադաժան կլիմայական պայմաններ ունեցող շրջանն է:

Չնայաց գետերի առատությանը, հողերի մեծ մասն այստեղ անապատային է` սակավաթիվ օազիսներով և վերջերս հայտնաբերված նավթի պաշարներով:

Դամբարանի հետազոտությունը ցույց է տալիս, որ այդտեղ գտնվող մումիաները մոնղոլոիդ ռասային չեն պատկանում: Նրանց մարմինները գլխիվայր շուռ տված նավակների մեջ են, որոնց ծայրերին ֆալոսի պաշտամունքի խորհրդանիշներ են գտնվում:

Որտեղի՞ց են եկել բաց գույնի մազերով, բարձրահասակ, ասիական դիմագծեր չունեցող այդ մարդիկ և ու՞ր են անհետացել:

Ներկայումս Սինցզյան-ույգուրական մարզում ապրում են ույգուրներ, չինացիներ, ղազախներ, մոնղոլներ և մի քանի տասնյակ այլ ազգություններ, որոնց մեջ եվրոպացիներ գրեթե չկան:

Ույգուր-չինական հաճախակի տեղի ունեցող բախումների պատճառով այդ դամբարանի մասին միայն գիտնականները չեն խոսում. տեղական ազգայնական խմբերը արիական ծագման այդ մումիաներին հռչակում են` որպես իրենց նախնիներ:

Գենետիկ փորձաքննությունը ցույց է տալիս, որ Տիբեթի հյուսիսային շրջանների բնակիչներն ունեն և’ եվրոպացիների, և’ Սիբիրի բնակիչների հատկանիշներ:

Հետազոտությունը, սակայն, ոչ բոլոր հարցերին է սպառիչ պատասխան տալիս:

Փենսիլվանիայի համալսարանից Հյուսիսային Տիբեթի Թարիմյան ավազանի պատմության մասնագետ Վիկտոր Մայերը «New York Times»-ին տված հարցազրույցի ժամանակ նշեց մի քանի հետաքրքիր առանձնահատկություններ, որոնք  հայտնաբերվել են 2003-2005 թվականներին պեղումների արդյունքում:

Մի քանի գտնված առարկաներ հիշեցնում են նախկինում Եվրոպայում պեղված գտածոներ: Մայերը չի բացառում դամբարանի և վիկինգների թաղումների ծիսական արարողությունների ընդհանրության հանգամանքը:

Այս ենթադրությունները անհիմն չեն, եթե ուսումնասիրենք քարտեզը:

Տիբեթի հյուսիսային շրջաններում ապրող Տոխարները խոսում են հնդեվրոպական լեզվով և հիպոթեզներից մեկի համաձայն, եկել են Արևելյան Եվրոպայից: Նոր դարաշրջանի սկզբներին որոշ ժողովուրդներ՝ օրինակ հոները, Եվրոպա էին եկել ներկայիս Մոնղոլիայի և Չինաստանի տարածքներից: Այնպես որ, վիկինգների մշակութային կապերի հնարավորությունը Տիբեթի հյուսիսային առեղծվածային ժողովուրդների հետնորդների հետ, տրամաբանական է:

Դամբարանների վրա տեղադրված 3.5 մետր բարցրությամբ սյուները, հնագետների կարծիքով, խորհրդանշում են Ֆալոսի պաշտամունքը: Մեկուսի և դաժան կլիմայական պայմաններում ապրող, անհետացման վտանգի առաջ կանգնած ցեղի համար այդ 3 մետրանոց սեռական խորհրդանիշը հնարավոր է` առատություն է խորհրդանշել:

Ուշագրավ է, որ ֆալոսի խորհրդանիշները գտնվում են միայն կանացի դագաղների վրա, իսկ տղամարդկանց դամբարանների վրա սյունի ծայրը հիշեցնում է կանացի սեռական խորհրդանիշ:

Իսկ այն, որ որոշ կանանց դամբարանների վրա կան լրացուցիչ կանացի շնորհներ, թերևս կապված է նրանց` ավելի շատ երեխաներ ծնելու ու մեծացնելու փաստի հետ: Այնտեղ, որտեղ բնակչության թվաքանակի կրճատման սպառնալիք կա, ուշադրության այդօրինակ նշանները միանգամայն հասկանալի են, նշում են գիտնականները:

Հակոբ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է 2255 անգամ:
Print Friendly

Leave a Reply