Հայաստանը միացել է Ֆրանսիայում ֆրանսիական “Ամենակարճ օր” կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | դեկտեմբերի 7, 2012 15:24

Հայաստանը 2012 թվականին միացել է Ֆրանսիայում արդեն ավանդական դարձած “Ամենակարճ օր” կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին, որի ընթացքում 10 օր շարունակ (դեկտեմբերի 21-31-ը) երկրի ամբողջ տարածքում կցուցադրվեն 1000-ից ավելի ֆրանսիական անիմացիոն, խաղարկային, վավերագրական կարճ` մինչեւ 59 րոպե տեւողությամբ ֆիլմեր: Հայաստանի եւ Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնների միջեւ համագործկցության համաձայնագրի շրջանակներում իրականացվող այս յուրօրինակ կինոակցիան եւս մեկ հնարավորություն է ընձեռում հայ հանդիսատեսին ծանոթանալու ֆրանսիական կինոյին: Ֆրանսիացիների այս հետաքրքիր եւ ուսանելի ակցիային անցյալ տարի արդեն միացել են 12 երկիր, իսկ այս տարի դրանց թիվն արդեն 40 է:
Երեւանում, ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ ընտրված յոթ վայրերում (Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական իստիտուտ, Սլավոնական համալսարան, Նարեկացի արվեստի կենտրոն, “Նաիրի” կինոթատրոն, Ալիանս Ֆրանսեզ կազմակերպություն, ATV եւ Հ1 հեռուստատեսությունները) կիրականացնեն ֆրանսիական ֆիլմերի ցուցադրությունը: Ֆրանսիական կողմից ներկայացված 187 ֆիլմից ցուցադրության համար ընտրվել եւ հաստատվել է 70-ը: Յուրաքանչյուր կազմակերպություն, արդեն ընտրված 70 ֆիլմից կկազմի իր կինոծրագիրը: Կինոցուցադրումները կմեկնարկեն դեկտեմբերի 21-ից եւ կշարունակվեն մինչեւ դեկտեմբերի 31-ը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայություն

Դիտվել է 757 անգամ:

Leave a Reply