ՀՅԴ պատկերացումները ընդդիմության հավաքական թեկնածուի շուրջ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 7, 2012 15:29

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ իմաստ չունի առաջ ընկնել և առաջադրել թեկնածու, երբ շատ հարցեր դեռ լուծված չեն: Այնուհետև խոսելով Հայաստանում արդար ընտրությունների վերաբերյալ հասարակության բացասական վերաբերմունքից, օրեցօր ավելացող հիասթափությունից` Ռուստամյանն ասաց. «Ընդհանրապես, հարց է` արժե՞ մասնակցել այսպիսի ընտրությունների, թե ոչ»:

Ընտրություններից առաջ հիմնական հարցը, որ ուզում է լուծել ՀՅԴ-ն, հետևյալն է` ընդդիմադիր դաշտը համախմբել և դրա միջոցով հասարակության շրջանում հույս արթնացնել, որ ընտրություններով կարելի է որևէ բան փոխել: «Դա պետք է տեղի ունենա իրական քաղաքական օրակարգի շուրջ, եթե դա տեղի չի ունեցել, համախմբում ընդդիմադիր դաշտում դժվար է պատկերացնել, առավել ևս` որևէ անձի թեկնածուի շուրջ»,-ասաց Ռուստամյանը:

Եթե ՀՅԴ առաջ քաշած ծրագրի շուրջ ԲՀԿ-ն համաձայնության գա, Գագիկ Ծառուկյանը ՀՅԴ-ի պատկերացրած թեկնածուն կարո՞ղ է լինել հարցին ՀՅԴ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Երբ որ օրակարգը ձևավորվի, առաջնորդողը բնական ձևով կառաջանա,-ասաց նա,-կարևորը, որ մենք ունենանք մի պլատֆորմ, որի շուրջ ժողովրդին համախմբելու հիմք ունենանք: Եվ եթե մի քանի քաղաքական ուժեր այդ պլատֆորմի շուրջ համաձայնության գան, իսկ հետագայում միայնակ շարունակեն իրենց ճանապարհը, պարտավորված կլինեն այդ օրակարգով շարունակել: Մենք չենք եկել խաղեր խաղալու, սակարկելու, եկել ենք համոզումով, որ այդ օրակարգն ամենաճիշտ օրակարգն է երկրի համար, և եթե դա բոլորն ընդունում են, ուրեմն իրենց թեկնածուները նույնպես պետք է այդ օրակարգով ներկայանան ժողովրդին»:

Դիտվել է 797 անգամ:
Print Friendly

Leave a Reply