Րաֆֆի Հովհաննիսյանը` համայն հայության թեկնածու, Ծառուկյանը` բետոնաշաղախողի հոգեկերտվածքով օլիգարխ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 7, 2012 13:45

«Ինձ համար ավելի կարևոր է, որ պատգամավորը խորհրդարանում հայտարարություններով հանդես գա և կարծիք արտահայտի»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բրյուսելյան այցին:

Փոխարենը նա հորդորեց Գագիկ Ծառուկյանին, որ եթե մարդկային արժանապատվությունը բարձր է գնահատում, ապա գա և ստորագրի Սահմանադրական դատարան դիմելու և ընտրական օրենսգիրքը վիճարկելու վերաբերյալ իրենց ներկայացրած ձևաթղթի տակ:

Հիշեցնենք, որ այս քառօրյայում «Ժառանգությունը» հանդես էր եկել ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու առաջարկով, որի ընդունվելու դեպքում արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենային մասնակցելու նախագահական ընտրություններին: Նախագիծը մերժվել էր:

Զարուհի Փոստանջյանը բացառեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ իր թեկնածությունը հանի` հանուն մեկ այլ թեկնածուի: Ավելին, Փոստանջյանը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ողջ հայ ժողովրդի` Արևելյան և Արևմտյան Հայաստանների, Արցախի և Ջավախքի հավաքական թեկնածուն է:

Հարցին, թե Գագիկ Ծառուկյանը կարո՞ղ է լինել ընդդիմության միասնական թեկնածու, Փոստանջյանը պատասխանեց. «Ես նրան որևէ կերպ չեմ տարանջատում Սերժ Սարգսյանից և Ռոբերտ Քոչարյանից: Ինձ համար Ծառուկյանը կերպավորում է օլիգարխ հասկացությունը, և ռուսական էսպիսի մի արտահայտություն կա, որը պետք է թարգմանեմ` բետոնաշաղախողի սեփականատիրոջ հոգեկերտվածքով օլիգարխներ: Այպիսի օլիգարխը չի կարող ներկայացնել հավաքական ընդդիմությունը»:

Դիտվել է 848 անգամ:
Print Friendly

Leave a Reply