Անորակ են եղել նույնիսկ հեղինակություն ունեցող խանութներից գնված ապրանքները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 7, 2012 13:22

Շուտով կսկսվեն նախատոնական գնումները, և մեր շատ հայրենակիցներ, սննդամթերքից բացի, նախաամանորյա զեղչերով պայմանավորված, կշտապեն գնել նաև կենցաղային տեխնիկա` սառնարաններ, հեռուստացույցներ, գազօջախներ, փոշեկուլներ և տանն անհրաժեշտ այլ սարքավորումներ:

Կարծում ենք, ճիշտ ժամանակն է հայաստանյան սպառողներին հիշեցնելու, որ անկախ ապրանքի գնի զեղչված լինել-չլինելուց, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ձեռք բերվող սարքավորման, հագուստի և, ընդհանրապես, գնվող ապրանքի ծագման երկրին, արտադրողի տվյալներին, ընդ որում, համապատասխան տվյալների ամբողջական առկայությանը: Կարևոր է նաև իմանալ, թե որ շուկայի համար է (եվրոպական թե ասիական) նախատեսված տվյալ արտադրանքը, խանութում ստուգել գնվող տեխնիկայի աշխատանքը:

Պակաս կարևոր չէ նաև իմանալը, որ նույնիսկ անորակ ապրանք գնելու դեպքում սպառողը, ՀՀ օրենսդրության համաձայն, իրավունք ունի հետ վերադարձնելու այն կամ փոխանակելու սարքին և որակյալ ապրանքի հետ: Դրա համար անհրաժեշտ նախապայման է ապացուցելը, թե երբ և որտեղից է ձեռք բերվել անորակ, անսարք ապրանքը, ինչը նշանակում է, որ ապրանքը գնելիս պետք է վերցնել ՀԴՄ կտրոնը և այն երկար ժամանակ դեն չնետել:

Կարևոր է նաև իմանալ, որ գոյություն ունի ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչություն, որի միջամտությանը կարելի է դիմել, երբ վաճառողը հրաժարվում է անորակ, անսարք ապրանքը հետ ընդունել կամ փոխանակել սպառողին անհրաժեշտ որակյալ ու սարքին ապրանքով: Օրերս մեզ հայտնի դարձավ, որ հիշյալ տեսչության միջամտության շնորհիվ անցյալ տարի վերադարձվել է նույնիսկ «Արայ» տեխնիկայի խանութ-սրահից գնված 200 000 դրամ արժեքով գազօջախը: Բողոքը, որին քաջատեղյակ է նաև «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ն, կապված է եղել տվյալ սարքի որակի հետ, քանի որ գազօջախի օգտագործման հաջորդ օրը էլեկտրական սալիկի միացուցիչը պոկվել է:

Վերոնշյալ բողոքից ընդամենը 3 օր հետո` 2011 թ. փետրվարի 17-ին, տեսչությունը մեկ այլ բողոք է ստացել, այս անգամ` «Արայ» տեխնիկայի խանութ-սրահից գնված 230 000 դրամ արժեքով սառնարանի որակի վերաբերյալ, քանի որ այն օգտագործելու հենց առաջին օրը պարզվել է, որ սառնարանը չի սառեցնում: Ընկերությունը գումարը դարձյալ վերադարձրել է դիմումատուին:

«Արայ» տեխնիկայի խանութ-սրահի վաճառած ապրանքի անորակության վերաբերյալ մեկ այլ դիմում-բողոք էլ տեսչությունն այս տարվա օգոստոսի 30-ին է ստացել և շատ արագ (հենց հաջորդ օրը) արձագանքել: Բողոքը վերաբերել է գնված հարիչի անորակությունը: Խանութ-սրահում համոզվելով, որ սպառողի բողոքը հիմնավոր է, գումարը վերադարձրել են նրան:

Ընդգծենք, որ վերոնշյալը բնավ էլ չի նշանակում, թե «Արայ»-ի վաճառած բոլոր ապրանքներն անորակ են, բացի այդ, անորակ ապրանքներ վաճառած լինելու առումով «Արայ»-ը բացառություն չէ: Տեսչությունն, օրինակ, այդպիսի բողոքներ է ստացել նաև «Զիգզագ» առևտրային ցանցից ձեռք բերված խոհանոցի օդափոխման սարքի անորակության (երաշխիքային ժամկետի ընթացքում շարքից դուրս է եկել լուսավորման լամպը, բողոքից ու տեսչության միջամտությունից հետո լամպը փոխարինվել է նորով), Վանաձորի Գր. Լուսավորիչ 29ա հասցեում գտնվող «Ձիպաս» խանութից գնված էլեկտրական մսաղացի անորակության (անորակ մսաղացը փոխարինվել է նորով), Երևանի Արշակունյաց 69/5 հասցեում գտնվող ՎԼՎ էլեկտրոնիկայի խանութից գնված սառնարանի անորակության (ընկերությունը գումարը վերադարձրել է դիմումատուին), Երևանում, Սեբաստիայի «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում գտնվող կրպակից գնված բջջային հեռախոսի անորակության (թերությունները վերացվել են), Երևանում գտնվող «Վի ընդ Վի» խանութ-սրահից 283 000 դրամով գնված «Սամսունգ» հեռուստացույցի անորակության (ընկերությունը գումարը վերադարձրել է դիմումատուին), դարձյալ մայրաքաղաքում գտնվող «Վեստա» խանութ-սրահից գնված 130 000 դրամ արժեքով գազօջախի և 35 000 դրամ արժեքով հարիչի անորակության (գազօջախն ընկերության կողմից վերանորոգվել է, իսկ հարիչը փոխարինվել նորով), «Բիլայն» խանութ-սրահից գնված բջջային հեռախոսի անորակության (փոխարինվել է նորով), Երևանի Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվող «Վի Էլ Վի» ՍՊԸ-ին պատկանող խանութից գնված 275 000 դրամ արժեքով «Թոշիբա» սառնարանի անորակության (ընկերությունը գումարը վերադարձրել է դիմումատուին), ինչպես նաև մի շարք այլ ապրանքների անորակության վերաբերյալ:

Շատ մեծ է Հայաստան ներկրվող և իրացվող անորակ ապրանքների տեսականին ու քանակը: Ե՞րբ է, որ դրանք հայաստանյան սպառողներին հազվադեպ կհանդիպեն, ինչպես Եվրոպայի, ԱՄՆ-ի ու Ճապոնիայի սպառողներին: Չէ՞որ մերոնք էլ են դրանց դիմաց վճարում, ու ոչ քիչ:

Արթուր Հովհաննիսյան

«Փաստինֆո»

Դիտվել է 1272 անգամ:
Print Friendly

Leave a Reply