Իրական և վիրտուալ Հայաստանների արանքում

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | March 19, 2010 18:54

«Հայաստանի իշխանությունները պետք է անհապաղ իրականացնեն 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող  խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունները»,- փետրվարի  սկզբին հայտարարեցին ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն: Զեկուցողները 1,5 ամիս ժամանակ տվեցին մեր իշխանություններին  (մինչ մարտի 17-ին կայանալիք մոնիթորինգի հանձնաժողովի նիստը) բարեփոխումների  իրականացման հստակ ժամանակացույցը ներկայացնելու համար: Իսկ ընդամենը օրեր առաջ` մարտի 8-ին ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) զեկույց հրապարակեց, որում խոսվում է Հայաստանի արդարադատության համակարգում առկա թերությունների մասին:

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի խոսքերով` Հայաստանը պատրաստվում է մի շարք խնդիրների առնչությամբ արդեն հաջորդ շաբաթ կայանալիք մոնիթորինգի հանձնաժողովի նիստին ներկայացնել իր ծրագրերը: Ընդ որում, ըստ Հարությունյանի, Հայաստանի կողմից կատարվող աշխատանքները կընդլայնվեն` հաշվի առնելով հենց ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի վերջին զեկույցը: Անդրադառնալով բարեփոխումների ծրագրին ու ժամանակացույցին` ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը մատնանշում է ընտրական օրենսդրության բարեփոխումները, ոստիկանական ռեֆորմը և քրեական դատավարության օրենսգրքի որոշակի փոփոխություններ: Անդրադարձ է կատարվելու նաև համազեկուցողների կողմից  բարձրացված` զանգվածային միջոցառումների մասին իրազեկման վիճակագրությանը` ըստ մարզերի:

Բարեփոխումների մասին խոսելով բացառապես այս կամ այն օրենքը փոփոխության ենթարկելու համատեքստում` Դավիթ Հարությունյանն, այնուամենայնիվ,  համաձայն է, որ միայն այդ կերպ համազեկուցողների պահանջները չեն բավարարվի: «Օրենքի փոփոխությունն ընդամենը մի հատված է: Բայց պետք է հաշվի առնենք, որ մենք գործ ունենք առաջին հերթին վեհաժողովի հետ, որի անդամները խորհրդարանականներ են ու քաջ գիտակցում են, որ եթե օրենքն ինքնին պատշաճ չի կատարվում,  ապա պահանջվում է 2 քայլ. նախ` ավելի մանրամասնեցում ու ավելի հստակ արգելքների ամրագրում, ապա` պատշաճ կատարում»,-ասում է Հարությունյանը` մատնանշելով, որ մեր օրենքի ոչ բոլոր դրույթներն են վատը, և գործող քրեական դատավարության օրենսգիրքն ամենևին չէր ենթադրում, թե պետք է լինեն ԺՀՄԻԳ-ի հաշվետվության մեջ նշմարված դրույթները: «Սակայն,  եթե դատարանները պատշաճ չեն կիրառել համապատասխան նորմերը, ապա օրենսդիրն անխուսափելիորեն պիտի մանրամասնեցնի դրույթները»,- պնդում է Հարությունյանը, այդպիսով ավելի խորացնելով անվստահությունը արդարադատության  համակարգի նկատմամբ:

Հարց է ծագում` ինչն է խանգարում դատարաններին մանրամասնեցումից  հետո էլ պատշաճ չկիրառել համապատասխան նորմերը,  մի՞թե դրույթի պատշաճ կատարումը  միայն դրա լավ կամ վատ լինելու հետ է կապված:

Դավիթ Հարությունյանն ասում է, որ ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի վերջին զեկույցում խոսվում է ոչ միայն դատավարական գործընթացների օբյեկտիվության, այլև` հանրային վերահսկողության, խափանման միջոցների,  մեղադրող և պաշտպանվող կողմերի հավասար միջոցների մասին, բայց միաժամանակ պնդում է, թե բոլոր միջնորդությունների մերժումը դեռևս ոչինչ չի նշանակում:

Ստացվում է` գործ ունենք մի փակ շրջանի հետ,  որում, ակնհայտ է,  բացառապես օրենսդրական փոփոխություններով անհնար է հասնել այն նպատակներին, որոնք  առաջադրվել են ԵԽԽՎ համազեկուցողների կողմից: Մինչդեռ բարեփոխումների այս պահանջը ԵԽԽՎ-ի`  երկրում հանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու և  առճակատման պատը քանդելու հորդոր էր: Դա չհասկացան ոչ միայն իշխանությունները,  այլև` ընդդիմությունը, որը նույնպես «քայլեր է ձեռնարկում» մոնիթորինգի նիստից առաջ:

Այսպես, նիստի նախօրեին ՀԱԿ-ը պատրաստվում է ԵԽ հայաստանյան ներկայացուցչությանը հանձնել բարեփոխումների իր մշակած «ճանապարհային քարտեզը»: Վերջինս, ՀԱԿ-ի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանի խոսքերով, հենվելու է այն առաջարկությունների, պահանջների վրա,  որոնք տեղ էին գտել վերջին շրջանում ԵԽԽՎ ի կողմից Հայաստանի վերաբերյալ ընդունված 4 բանաձևերում: «Լինելով քաղաքական ուժ, որն արտահայտում է ժողովրդի զգալի մասի, եթե չասենք մեծամասնության, տրամադրությունները, մենք ուզում ենք ցույց տալ, որ համահունչ  ենք քայլում այն միջազգային պահանջներին, պարտավորություններին, որ ունի Հայաստանը միջազգային հանրության և մասնավորապես Եվրոպայի խորհրդի նկատմամբ»,- ասում է ՀԱԿ-ի արտաքին կապերի պատասխանատուն և նշում, որ իրենց առաջարկությունները կարող են ԵԽ-ի կողմից օգտագործվել մեր իշխանությունների ու հայաստանյան տարբեր ինստիտուտների հետ բանակցություններում:

Միաժամանակ Կարապետյանը պարադոքսալ միտք է հայտնում. «Մենք չենք աշխատում Եվրոպայի խորհրդի հետ:  Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու համար. մեր հիմնական հասցեատերը հայ ժողովուրդն է»:  Մի՞թե Հայաստանում իրականացվող բարեփոխումները ի շահ հայ ժողովրդի չեն: Այդ հարցը, թերևս, ՀԱԿ-ում մնում է առկախ:

Փաստորեն,  հայաստանյան իշխանությունները կենտրոնանում են բացառապես եվրոպացիների պահանջների օրենսդրական կողմի վրա, ընդդիմությունն էլ փորձում է  առաջ մղել իր անհամաձայնությունն ու  պահանջները: Իշխանությունների  բարեփոխումները  սոսկ ձայնից չզրկվելու գերագույն նպատակ են հետապնդում, ընդդիմության տարաբնույթ «քարտեզները»` իշխանություններին «պատժելու»: Իսկ արանքում էլ ավելի է խորանում ոչ միայն քաղաքական սուբյեկտների միջև գոյացած անջրպետը, այլև` հասարակական ուժերի` ստեղծելով երկու տարբեր Հայաստան: Իսկ տարբեր Հայաստաններում ապրող քաղաքացին իրեն մոռացված ու անտեսված է զգում սեփական իշխանությունների օրենսդրական խաղերի ու միջազգային պարտավորություններին «համահունչ քայլող» ընդդիմության անիրատես պահանջների արանքում:

Դիտվել է 1366 անգամ:
Print Friendly

Leave a Reply