Վկան իրավունք ունի՞ հրաժարվել ցուցմունքներ տալուց

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | December 13, 2012 7:00

Վկայի ցուցմունքներն ապացույցի տարատեսակ են, որի դեպքում տվյալ անձը, այսինքն` վկան, չի ենթարկվում քրեական պատասխանատվության, և դա էլ հենց բնութագրում է ապացույցի աղբյուրի յուրահատկությունը: Սակայն միշտ չէ, որ նա կարող է խուսափել պատասխանատվությունից:

Նշենք, որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի   1-ին մասի` վկան ցուցմունքներ տալու նպատակով կողմի կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կանչված այն անձն է, որին կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ հանգամանք:

Քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված են նաև վկայի պարտականությունները: Ըստ այդմ` վկան պարտավոր է`

1) ցուցմունքներ տալու, քննչական և այլ դատավարական գործողությունների կատարմանը մասնակցելու համար ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով,

2) տալ ճշմարտացի ցուցմունքներ` հայտնել գործով իրեն ամբողջ հայտնի դարձածը և պատասխանել առաջադրված հարցերին, ստորագրությամբ հաստատել քննչական կամ այլ դատավարական գործողության, արձանագրության մեջ իր տված ցուցմունքների գրառումների ճշտությունը,

3) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով տրամադրել իր մոտ եղած առարկաները, փաստաթղթերը, ինչպես նաև նմուշներ` համեմատական հետազոտման համար,

4) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել քննման,

5) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել արտահիվանդանոցային փորձաքննության` ստուգելու համար քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու և վերարտադրելու նրա ունակությունը, եթե հիմքեր կան կասկածի տակ դնելու նրա այդպիսի ունակությունը,

6) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի կարգադրություններին,

7) չմեկնել այլ վայր` առանց դատարանի թույլտվության կամ առանց քրեական հետապնդման մարմնին իր գտնվելու նոր վայրի մասին նախապես տեղեկացնելու,

8) առանց նախագահողի թույլտվության չլքել դատական նիստերի դահլիճը կամ դատարանի շենքը,

9) դատական նիստի ժամանակ պահպանել կարգուկանոն:

Ընդ որում, վկայի կողմից իր պարտականությունները չկատարելն առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն: Այսպես, ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ: Իսկ քրեական օրենսգրքի 339-րդ հոդվածի համաձայն` վկայի կամ տուժողի կողմից ցուցմունք տալուց հրաժարվելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Իր, ամուսնու կամ մերձավոր ազգականի դեմ ցուցմունք տալուց հրաժարված անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից:

Ամփոփելով կարելի է ասել, որ եթե մեղադրյալը, իր պաշտպանության շահերից ելնելով, կարող է հրաժարվել կամ տալ կեղծ ցուցմունքներ, ինչը չի կարող մեկնաբանվել ի վնաս իրեն, ապա վկան չունի նման իրավունք. նա չի կարող հրաժարվել ցուցմունքներ տալուց կամ տալ կեղծ ցուցմունքներ, հակառակ դեպքում կենթարկվի օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության:

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 3468 անգամ:
Print Friendly

Leave a Reply