Ինչպիսին էինք եվ ինչպիսին պիտի լինենք

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | December 12, 2012 17:34

Բոլորովին վերջերս ձեռքս ընկավ իր բովանդակությամբ լուսավոր ու ոչ ծավալուն մի գիրք՝ «Ինչպիսին էինք մենք…» (“ԽՈՍՌՎՌ Վօ ոօսՌ…”) վերնագրով: Հեղինակը երկար տարիներ եղել է Հայաստանի հանրային ռադիոյի ռուսական հաղորդումների խմբագիր: Այդ հիանալի գիրքը գեղեցիկ ու տպավորիչ ռուսերենով շարադրել է Քնարիկ Սարգսյանը, որն ունի օրինակելի ամուսին՝ կոմպոզիտոր, պրոֆեսոր Արկադի Շեկունցը, գեղեցիկ ու նպատակասլաց աղջիկ ու տղա՝ Զարան ու Կարենը, թոռներ, հրաշք ծոռներ: Եզակի մտավորականի ընտանիք, սակայն ընտանիքն այս պատումի մեջ անցել է երկրորդ պլան, առաջնայինը 1960-ականներից մինչև 1990-ականներն ընկած ժամանակահատվածի հայ արվեստի, գրականության մեծերի մասին թանկագին հուշերն են, որոնց հետ Քնարիկ Սարգսյանն անձամբ հանդիպել է, զրուցել, ձայնագրել նրանց խոսքը և հաղորդումներ պատրաստել ոչ միայն Հայաստանի, այլև այն ժամանակվա մի անծայրածիր երկրի մայրաքաղաքի՝ Մոսկվայի համապետական ռադիոյի համար:

«Ինչպիսին էինք մենք…» գրքի հերոսներն են համամարդկային արժեքներ ստեղծած մեր մեծերը՝ Երվանդ Քոչարը, Արամ Խաչատրյանը, Վիլյամ Սարոյանը, Գոհար Գասպարյանը, որոնց անունները վաղուց հայտնի են ազգային սահմաններից դուրս: Կան նաև  նշանավոր դեմքեր հայ իրականության ու նախկին Խորհրդային Միության գրականության ու արվեստի կյանքին իրենց նոր խոսքն ու նպաստը բերած անձինք՝ Էդմոնդ Քյոսայան, Սիլվա Կապուտիկյան, Վահագն Դավթյան, Գարեգին Սևունց և ուրիշներ:

Մի առիթով հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանն ասել է, թե հայերի՝ աշխարհում լավագույն գծերով անհայտ լինելու մեղքը հենց հայերինն է, որովհետև նրանք չեն կարողացել իրենց հիանալի գործերն ու երևելի դեմքերին ներկայացնել աշխարհին, որպեսզի աշխարհը հային ճանաչի այդ արժանիքներով ու այդ գործերով:

Ահա այդօրինակ ուղղվածություն է ունեցել հանրային ռադիոյում Քնարիկ Սարգսյանի ողջ գործունեությունը, որով նաև համամիութենական ունկնդրին Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն ակադեմիկոս Սեն Արևշատյանի և նրա կնոջ՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Քնարիկ Տեր-Դավթյանի աջակցությամբ ծանոթացրել է հայ միջնադարյան իրականության այնպիսի մեծերի ու դեմքերի հետ, ինչպիսիք էին Գրիգոր Լուսավորիչն ու Հռիփսիմյան կույսերը, Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը, Մովսես Խորենացին, Ներսես Շնորհալին, Գրիգոր Նարեկացին, Դավիթ Անհաղթը, Անանիա Շիրակացին, Գրիգոր Տաթևացին: Միայն հիանալ կարելի է, թե որքան ճիշտ են ընտրված հայ միջնադարի մեծերը, որոնց կյանքն ու գործը գիտական ճշգրտությամբ ներկայացվել է բազմազգ մի հսկա պետության ռուսերենը լիովին հասկացող տարբեր ազգերին:

Քնարիկ Սարգսյանը գրում է սեղմ ոճով, հաղորդում էականը, չգործածելով ավելորդ բառեր, սակայն ասելով շատ բան: Գրքի մի փոքր հատված նվիրված է Մայքլ կրտսեր Առլենի «Դեպի Արարատ» (“Passage to Ararat”) հուշագրությանը, որն ընդհանուր գծերով պատկերում է հայ ժողովրդի անցած ողջ պատմական ուղին՝ վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը՝ ներառելով նաև 1915-ի երիտթուրքերի կազմակերպած հայկական եղեռնը: Այդ գիրքը բարեբախտաբար թարգմանված է աշխարհի 20 լեզուներով:

Քնարիկ Սարգսյանն իր պատումի մեջ կենդանի մասնակիցներ է դարձնում այն գործընկերներին, որոնք եղել են իր գաղափարակիցներն ու աջակիցները, ինչպես ռուսալեզու գրողներ Ալբերտ Նալբանդյանն ու Նելլի Սահակյանը:

Գրքում անդրադարձ կա Ղարաբաղյան շարժմանը, մեր օրերի դժվարություններին, հայ ժողովրդի ապագա ճակատագրի հետ կապված տագնապներին, քանի որ դեռ չի վճռվել Արցախի ճակատագիրը:

Նվիրված լինելով Հայաստանի անցյալ կյանքին՝ գիրքն ուղղված է նաև մեր ժողովրդի ապագային, այն հույսով, թե ամուր ու հոգևոր, աշխատասեր ու միմյանց նվիրված ընտանիքներով, ազգային միասնությամբ, մեր հոգևոր արժեքները պահպանելով պետք է կառուցենք դարավոր ավանդույթներ ունեցող ազգային ապագան:

                     Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

    ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,

բան.գիտ.դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է 1057 անգամ:
Print Friendly

Leave a Reply