Անունը կա, ամանում չկա.Հրավառություն կազմակերպողները շրջանցում են օրենքը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | December 10, 2012 14:32

Հրավառությունը ժամանցային վայրերում, ծննդյան և հարսանեկան արարողություններին հաջորդող ամենահաճելի անակնկալներից է: Եվ, ի դեպ,

այլևս թանկ հաճույք չէ դրա ներմուծման մատչելիության, առաջարկների բազմազանության, իրացման հետ կապված սահմանափակումների վերացման և սակագների նվազեցման շնորհիվ: Սակայն  ելնելով հրավառության և առհասարակ դյուրավառ նյութերի գործածման անվտանգության նորմերից  և հասարակական կարգի խախտման կամ  չարաշահման  հաճախակի կրկնվող դեպքերից` մեզանում վաղուց օրենքով որոշակի սահմանափակումներ են մտցվել: Բայց խնդիրն այն է, որ  հրավառության անցկացման, հրագործական արտադրությունների շրջանառության, դրանց գնման և հետագա շահագործման հետ կապված  հարցերը  չեն վերանում և հստակեցման խիստ կարիք ունեն: Կարծես դաշտն ամբողջովին բաց  է և անվերահսկելի:

Սահմանված օրենքի համաձայն` հրավառության կազմակերպումը  ռեստորանային համալիրների մերձակայքում կամ այլ ժամանցային վայրերում թույլատրվում է մինչև երեկոյան ժամը  23-00-ը:  Նույնսիկ ամիսներ առաջ ՀՀ ոստիկանության  կողմից որոշ նախազգուշացումներ եղան ոլորտը չարաշահողներին, և հանրության լայն շրջանների համար տեղեկատվություն տրամադրվեց հրավառությունների կազմակերպման կանոնների և սահմանափակումների վերաբերյալ:

Խնդիրն այն է, որ հրավառություն կազմակերպողները բավական հաճախ շրջանցում են օրենքն ու գործող սահմանափակումները և անհարմարություն ու անհանգստություն պատճառում մերձակա բնակիչներին: Բացի ռեստորանային համալիրներից,  երբեմն քաղաքացիները կեսգիշերից հետո, լինելով գինովցած,  հրավառություն են կազմակերպում նույնիսկ  սեփական տան բակում` խախտելով և՛  հասարակական կարգը, և՛  բնակիչների անդորրը:

Տիգրան Մեծ և Նար-Դոս խաչմերուկը հատող փողոցի` Սիլաչի թաղամասի բնակիչները, օրինակ, բազմիցս ահազանգել են համապատասխան կառույցներին:

Թեպետ վերջին ամիսներին առավելապես խստացվեցին այս երևույթի վերահսկողությունն ու չարաշահումների  համար տուգանքների սահմանումը, այդուհանդերձ, քաղաքացիների կողմից չարաշահման դեպքեր բավական հաճախակի են արձանագրվում և անպատիժ մնում:

Դաշտն ամբողջովին բաց է մի քանի տեսանկյունից: Հարց է ծագում, թե ինչ սահմանափակումներ են առհասարակ գործում դյուրավառ նյութերի և պայթուցիկների, այդ թվում նաև հրավառությունների շրջանառության, վաճառքի և գնման ու հրահանգավորման ոլորտներում: Բացի այդ, հրավառության պարագները, որքան էլ լիցենզավորված են և անարգել վաճառվում են, կանոնակարգման խնդիր ունեն: Հետաքրքիր է նաև պարզել, թե ինչպես է կանոնակարգվում դյուրավառ և պայթուցիկ նյութերի ներմուծման և իրացման ոլորտը, և ինչ սահմանափակումներ են գործում, քանի որ  դրանց  օգտագործումը ևս հասարակական կարգի լուրջ խախտում է:

 Ոստիկանությունից մեզ հիշեցրին, որ այս տարվա հունիսի 2-ից գործողության մեջ է մտել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի «Լռության խախտումը հասարակական վայրերում» հոդվածով սահմանվել են վարչական նոր պատժաչափեր: Դրանք են` նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի և նախազգուշացում կամ տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով: Օրենսդրական նշված փոփոխության հիման վրա 2012 թ. օգոստոսի 9-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Գիշերային ժամանակ  հրագործական արտադրատեսակներ օգտագործելու թույլատրելի բացառությունները սահմանելու մասին» որոշումը: Բացառիկ կարգով թույլատրվում է  հրավառություն  կազմակերպել  միայն  ամանորի կապակցությամբ` դեկտեմբերի 31-ի ժամը  23. 00-ից մինչև հաջորդ օրվա ժամը  01. 00-ը, ինչպես նաև տոն օրերին` նույն ժամանակահատվածում:

 Իսկ հրագործական արտադրատեսակների շրջանառության վերաբերյալ վերահսկողություն է իրականացվում իրավական ակտերի պահանջներին համապատասխան: Այս ժամանակահատվածում մայրաքաղաքում չսահմանված ժամերին հրագործական արտադրատեսակ օգտագործելու կապակցությամբ կազմվել է  վարչական իրավախախտման 3 արձանագրություն, որոնցից  1-ը կազմակերպության նկատմամբ,  2-ը` քաղաքացիների:

Ոստիկանության համապատասխան բաժնից տեղեկացանք նաև, որ հրագործական ապրանքների արտադրության ներմուծման կամ առևտրի գործունեության տեսակը ենթակա  է լիցենզավորման պարզ ընթացակարգով, որն իրականացնում և վերահսկում է ՀՀ ֆինանսների նախարարությունը: Ներմուծման գործընթացները ևս իրականացվում են տվյալ գերատեսչության հատուկ սահմանված կարգով:

Իսկ ինչ վերաբերում է դյուրավառ նյութերի օգտագործման հրահանգավորման կանոնների պարտադիր ապահովմանը, ապա ոստիկանությունից պարզաբանեցին, որ հրագործական արտադրատեսակների առևտուր իրականացնող իրավաբանական անձինք վաճառվող ապրանքատեսակների հետ պարտադիր տրամադրում են հայերեն անվտանգ օգտագործման հայերեն կանոնները: Սակայն հարց է, թե նման պարագաների վաճառքի իրականացման կետերում որքանով են պահպանվում օրենքով սահմանված այս պահանջները:

Փաստն այն է, որ  ոլորտում դրանց սահմանափակումների, շրջանառության և իրացման ու օգտագործման վերաբերյալ օրենքեր կան, սակայն վերահսկողության անարդյունավետության և անհրաժեշտ մեխանիզմների բացակայության պատճառով մայրաքաղաքում օրենքի խախտումներ հաճախակի են տեղի ունենում և նույնքան հաճախակի էլ  անպատիժ մնում:

Լ.Ն

Դիտվել է 2116 անգամ:
Print Friendly

Leave a Reply