Հայաստանը Մերձավոր Արևելքում էական խաղացող չէ

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | December 8, 2012 14:24

Սերժ Սարգսյանի նոյեմբերի 28-ին ավարտված եռօրյա պաշտոնական այցը Լիբանան առանձնակի նշանակություն ուներ ոչ այնքան Հայաստան-Լիբանան` առանց այն էլ բարձր մակարդակի հարաբերությունների, որքան մերձավորարևելյան տարածաշրջանում ընթացող չափազանց լուրջ զարգացումների համատեքստում: Հայաստան-Լիբանան հարաբերությունների մասին վստահաբար կարելի է ասել, որ դրանք ավանդաբար բարեկամական են եղել և բարձր մակարդակի, անգամ ԽՍՀՄ տարիներին:

Առավել կարևոր էին հատկապես Բեյրութից Սերժ Սարգսյանի հղած մի քանի ուղերձները:

«Նախ, այցը տեղի է ունենում տարածաշրջանային մակարդակի վրա ճգնաժամային պայմանների և տեղական առումով քաղաքական բևեռացած համապատկերի մեջ: Այդ առումով էլ նախագահի ելույթների բովանդակային շեշտադրումները հաճախ արծարծում էին տագնապին վերաբերող սկզբունքային տեսական մոտեցումներ` հատկապես խաղաղության վերահաստատման առաջադրանքը գերակշռելով: Խաղաղության առաջադրման սկզբունքը հեզասահ ոստումով կապվեց նաև Կովկասում խաղաղություն հաստատելու առաջնահերթությանը` ընդգծելու համար Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումը խաղաղության հաստատման համար ընթացող բանակցություններին: Միջին Արևելքի և Կովկասի տարածաշրջաններում առաջադրելի խաղաղության հաստատման առաջնահերթության ընդգծումը անհրաժեշտ ուղերձ էր` ուղղված պաշտոնական Բեյրութի ներկայացուցիչներին, նկատի ունենալով նաև Իսլամական վեհաժողովներին մասնակցող լիբանանցի պաշտոնատարների կրավորականությունը` Բաքվի առաջադրած ամենահակահայ բանաձևի նախագծերի նկատմամբ»,- նախագահի այցի կապակցությամբ գրում է Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

Սակայն սա, իհարկե, նախագահի այցի ամենակարևոր նպատակներից չէր: Հոկտեմբերին Բեյրութի Աշրաֆիե թաղամասում տեղի ունեցած պայթյունի և դրա հետևանքով Լիբանանի ներքին հետախուզության ծառայության ղեկավար, գեներալ Վասիմ ալ Հասանի սպանությունից հետո այդ երկրի հյուսիսային Տրիպոլի քաղաքում սիրիական ռեժիմի կողմնակիցների և հակառակորդների` ալավիների և սուննիների միջև սկսված բախումները ցույց տվեցին, որ այդ երկիրը ևս Սիրիայի հետևից, գուցե նաև հրահրմամբ կարող է ներքաշվել քաղաքացիական պատերազմի հորձանուտ, ինչը տեղի հայկական համայնքի համար ուղղակի կարող է կործանարար լինել: Իսկ Սիրիայի հայկական համայնքի ներկայիս թուլացումից հետո Լիբանանում նմանատիպ զարգացումները կարող են անդառնալիորեն թուլացնել ընդհանրապես ողջ մերձավորարևելյան տարածաշրջանում հայկական գործոնը, որի ուղղությամբ ակտիվորեն աշխատում է հատկապես Անկարան` իր հրահանգիչների և հատուկ ծառայությունների միջոցով:

Լիբանանյան համայնքի ներկայիս հզորությունը Հայաստանի և հայության համար ռազմավարական նշանակություն ունի, և այս այցով Սերժ Սարգսյանը տալիս է այդ ազդակները: Ահա թե ինչու է նա հարկ համարում դատապարտել գեներալ ալ Հասանի սպանությունը և հայտարարել. «Լիովին վստահ եմ, որ Լիբանանի հայ համայնքը, որ ժամանակին ջերմ ընդունելության է արժանացել ձեր կողմից, միշտ ձեր կողքին կլինի: Հայաստանի իշխանություններն էլ, իրենց հերթին, պատրաստակամ են ուժերի ներածին չափով զորավիգ լինել Լիբանանին և լիբանանահայությանը ձեր առջև կանգնած խնդիրների լուծման ճանապարհին»:

Սա` Լիբանանի գործող իշխանությանը հայտնված ուղղակի աջակցություն: Մի բան, որ այդպես էլ Երևանը չկարողացավ անել Սիրիայի պարագայում:

«Լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպում-ճաշի ընթացքում իր ելույթում նախագահ Սարգսյանը կարևորեց լիբանանահայ գաղութի յուրահատկությունները, ազգային դիմագիծը, կենսունակ ու կազմակերպ համայնք լինելու հանգամանքը: Անդրադառնալով Երևան-Անկարա արձանագրությունների ճակատագրին` նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ բոլոր տարբերակները սեղանի վրա են այսօր, ընդհուպ մինչև ստորագրությունների հետկանչումը Երևանի կողմից: Առաջին անգամը լինելով` նման մի ակնարկ  Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարի կողմից հնչեց Սփյուռքի մայրաքաղաքից: Ֆուտբոլային դիվանագիտությունը մեկնարկեց Մոսկվայից: Ստորագրությունների հետ կանչելու հնարավորությունը հնչեց Բեյրութից: Այս երևույթը նաև լիբանանահայ համայնքի ներկայացրած համահայկական կարևորության մասն է կազմում: Նախագահի բեյրության այցի կարևորագույն ուղերձն էր սա: Հնչած` Լիբանանից, ուղղված` հայկական աշխարհին»,- գրում է Շահան Գանտահարյանը:

Քաղաքական հակակշիռ քայլերի այս ընդհանուր համապատկերում կարելի է դիտարկել նաև ՀՀ նախագահ Սարգսյանի այցը Լիբանանի նահատակաց հուշարձան և հարգանքի տուրքի մատուցումը Օսմանյան Թուրքիայի ջարդարար քաղաքականության զոհ դարձած լիբանանցի զոհերի հիշատակին:

Ահա հետաքրքիր է դառնում նաև մեկ այլ հանգամանք. կարելի՞ է արդյոք ՀՀ նախագահի լիբանանյան այցը դիտարկել որպես Հայաստանի` Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձություններին խառնվելու փորձ:

«Ինձ թվում է, որ նախագահի այցը Լիբանան շատ ավելի մեծ նշանակություն ունի լիբանանահայ համայնքի համար: Մենք չպետք է մոռանանք կամ ավելի ճիշտ` պետք է հասկանանք, որ այն դեպքերը, որ ծավալվում են Սիրիայում,  կարող են տեղափոխվել նաև Լիբանան: Այսինքն` պետք էր հայ համայնքին վստահեցնել, որ անհրաժեշտության դեպքում  Հայաստանը կարող է ընդունել նրանց: Ինձ թվում է, որ նախգահի այցի գլխավոր նպատակն ու իմաստը դա է եղել: Իհարկե, ընթացքում եղել են նաև տնտեսական փաստաթղթերի  ստորագրում, նոր կապերի հաստատում և այլն: Պատահական չէ, որ նախագահն այնտեղ հանդիպել է հայկական երեք եկեղեցիների` Հայ առաքելական եկեղեցու, հայ կաթոլիկների և հայ ավետարանչականների ներկայացուցիչների հետ: Համենայն դեպս, այսպիսի խորը հանդիպումները համալսարաններում և այլն, ընդամենը եռօրյա այցի ընթացքում, համայնքի տարբեր հատվածների հետ հենց դրա մասին է խոսում»,- ասաց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետը չի կարծում, թե այս այցը փորձ էր` ուղղված տարածաշրջանային զարգացումներում ակտիվ մասնակցություն ունենալուն: Որովհետև այնտեղ շատ ավելի լուրջ պրոցեսներ են ընթանում և շատ ավելի հզոր պետություններ են խառնված: «Ես չեմ կարծում, թե Հայաստանը կարող է  ազդել այդ տարածաշրջանի գործընթացների վրա: Գուցե փորձի փակել զարգացումների ճանապարհը` այդտեղից էքսպորտը դեպի մեր տարածաշրջան և Հայաստան ուղղելով, բայց այդ դեպքում էլ պետությունը, սովորաբար, պետք է անի և անում է այն, ինչ կարող է անել: Հայաստանի ուժերից վեր է դա: Եվ  ոչ միայն Հայաստանի»,- ասաց Լևոն Մելիք-Շահնազարյանը:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

 

 

Դիտվել է 1208 անգամ:
Print Friendly

Leave a Reply