Գյումրին ինչպես որ կա

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | December 7, 2012 7:18

Թեև 88-ի երկրաշարժը Գյումրու կյանքում միակը չէր, սակայն հնագույն քաղաքի ողջ պատմության ժամանակաշրջանի համար այս մեկը դարձավ սահմանային այն գիծը, որից այն կողմ պիտի դրսևորվեր գյումրեցու ոգու տոկունությունը:Ցանկացած տարեց գյումրեցու հիշողությունը մի տարողունակ պահեստարան էգյոզալ քաղաքից հեչ բան մը չըմնաց», տխրում է, բայցև լիահույս է` չէ, խղճով պաշտոնյաները չեն թողնի, որ քաղաքի համն ու հոտը վերանա:

Պետության պարտավորությունը

Գյումրի քաղաքի վերականգնման մասին օրենքը (16.04.2002թ.) կարգավորում է քաղաքի վերականգնման պետական քաղաքականության հիմնական ուղղությունները` կարևորելով և ապահովելով սոցիալական զարգացման ծրագրերի, բնակարանաշինության, զբաղվածության խնդիրների լուծումը, տնտեսական գործունեության ակտիվացման նպատակով հարկային բարենպաստ քաղաքականության իրականացումը, պետական ներդրումային ծրագրերի իրականացման առաջնայնությունը:

Նախորդ ամսին Գյումրիում մեծ շուքով ու հանդիսավորությամբ շահագործման հանձնվեցին «Մուշ-2-2» և «Անի» թաղամասերում կառուցված 1756 բնակարանները:

– Բնակարանները հանձնվել են երեք էտապով՝ 1056, 1756, իսկ 2013 թ. կհանձնվի ևս 402 բնակարան: Ընդհանուր առմամբ հանձնվել է 3020 բնակարան: Պակաս կարևոր չէ նաև աշխատատեղերի ստեղծումը: Այդ նպատակով որոշել ենք Գյումրին դարձնել զբոսաշրջային քաղաք, ինչի համար անհրաժեշտ է զարգացնել փոքր ու միջին բիզնեսը խթանող սպասարկման ոլորտները: Եվ քանի որ միջազգային մրցույթներում ունենք բազմաթիվ մարզիկներ, ուստի մեկ այլ ծրագրի համաձայն` որոշել ենք Գյումրին դարձնել սպորտ-սիթի,- նոյեմբերի 30-ին Գյումրիում ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի հետ հանդիպման ժամանակ ասաց Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Հիմնականում փլվեց Լենինականը, Գյումրին էլի մնաց

Ասել, թե Գյումրին ամբողջովին ավերվեց, ճիշտ չէ, քանի որ այսօր էլ փողոցներով զբոսնելիս կարելի է հանդիպել հնաոճ, բայցև ամուր ու կանգուն շինությունների: Այսօր ճարտարապետի, ինժեների ու շինարարի գլխավոր խնդիրը կառուցվող շենքի սեյսմակայունության, շինարարական նորմերի պահպանումն է, որպեսզի, Աստված մի արասցե, չկրկնվի այն, ինչ պատահեց 24 տարի առաջ:

– Կառուցվող շենքերի հարկայնության պահպանումը վերահսկվում է, դրանք չպետք է գերազանցեն չորս հարկը: Խորհրդային տարիներին նույնպես այդ պահանջը եղել է, սակայն մի շրջանում արագ թափով սկսեցին կառուցել 12-հարկանի շենքեր, որոնք դարձան մեր դժբախտության պատճառը: Հիմնականում քանդվեց Լենինականը, Գյումրին էլի մնաց, հին Գյումրին դարձյալ կանգուն է: Թեև սեյսմակայունությունն ապահովող սարքավորումները թանկ արժեն, մարդկային կյանքն ավելի թանկ է,- ասում է Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության բաժնի պետ, քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

Շինարարության մեջ տեխնոլոգիաների ու շինանյութի որակից առավել կարևոր է շինարարի հմտությունն ու բարեխղճությունը, չէ՞ որ հայտնի փաստ է, որ շինարարությունում հանուն մի կտոր հացի աշխատում են մեծ մասամբ պատահական մարդիկ: Սակայն Հենրիկ Գասպարյանը հավաստիացրեց, որ շինարարությունը վստահվում է միայն մրցույթներում հաղթած ու որակյալ մասնագետներ ունեցող շինարարական կազմակերպություններին: Հենց նման կազմակերպություններին է վստահված Կումայրի արգելոց-թանգարանի ստեղծումը, որը քաղաքային իշխանությունները ցանկանում են դարձնել զբոսաշրջության կենտրոն:

– Գյումրին Հայաստանի միակ քաղաքն է, որտեղ պահպանվել է պատմական կորիզը,-ասում է Հենրիկ Գասպարյանը:- Երկրաշարժից հետո Կումայրի արգելոցը բավական կորուստներ ունեցավ, շատ կոթողներ ոչնչացման եզրին են: Այս բոլոր կորուստներով հանդերձ` ունենք 1300 պատմամշակութային կոթող, որով կզբաղվի քաղաքաշինական-ճարտարապետական խորհուրդը: Մեր նպատակն է Կումայրի արգելոցը դարձնել զբոսաշրջության կենտրոն: Իսկ դրա համար հարկավոր են ֆինանսական լուրջ միջոցներ: Մեկ այլ ծրագրով նախատեսվում է Գյումրու հայտնի Սև բերդը (XIX դար) դարձնել փառատոնային կենտրոն: Ըստ գլխավոր ճարտարապետի` Սև և Կարմիր բերդերը կհանդիսանան «հինավուրց քաղաքի պաշտպանական ֆորպոստերը»: Կենտրոնը կներկայացնի հայկական կենցաղային կոլորիտը: Թեև նախագծային աշխատանքներն ավարտվել են, կառուցապատման ժամկետներն անհայտ են:

Այլ հարց է, թե վերակառուցվող Գյումրիում որքանով է պահպանվում հին ու նոր շինությունների համադրությունը: Մի կողմում քաղաքապետարանի հոյակերտ շենքն է, քիչ հեռվում՝ նորակառույց «Ալեքսանդրապոլ» շքեղ հյուրանոցը, Գորկու փողոցում գտնվող Վանատուր հյուրանոցային համալիրը կամ Շիրակացու փողոցի վրա գտնվող շքեղ շենքերը, այո, շատ են, թող ավելանան, սակայն եթե դրանք ժամանակի պահանջն են, ապա ո՞րն է լինելու քաղաքը փլատակներից իսպառ մաքրելու և այնտեղ բնակվող մարդկանց մարդավայել ապրելու հնարավորություն տալու վերջնաժամկետը:

– Դժվար է ճարտարապետությունն ու բնակարանաշինությունը համատեղել: Ասեմ` ինչու: Խորհրդային տարիներին պատվիրատուն պետությունն էր, շինարարությունն ընթանում էր մեկ ընդհանուր նախագծով, շեղումներ չկային: Այսօր շինարարական կազմակերպությունը գործ ունի տարբեր ֆինանսական հնարավորություններ, գիտելիքներ ու ճաշակ ունեցող պատվիրատուների հետ, այսինքն` ստացվում է այնպես, որ ներդրողն իր ցանկությունն է թելադրում, արդյունքում միմյանց հարևանությամբ կառուցվող շինությունների միջև խախտվում է ներդաշնակությունը: Փորձում ենք զրուցել ներդրողների հետ, գալ ընդհանուր հայտարարի, թե որքանով է հաջողվել, որքանով՝ ոչ, չեմ կարող ասել:

Իսկ գյումրեցին կասի

Չկա նախկին փառահեղ Գյումրին, որովհետև իսկական գյումրեցիներից ով ողջ մնաց, որն աշխատանք չունենալու, որն էլ պայմաններին չդիմանալու պատճառով հեռացավ քաղաքից: Մնացողներ էլ կան, բայց քիչ են: Կամայականորեն կառուցվող շենքերը ոչնչացնում են քաղաքի տեսքը: Մտավորականների 70-80 տոկոսը Գյումրուց էին, բայց այսօր նրանք էլ չեն երևում փողոցներում, պատկերասրահ չունենք, կարգին կինոթատրոն չունենք, է, խանութներով ու սրճարաններով մշակույթ կզարգանա՞,-նեղսրտում է տարեց մի կին:

62-ամյա Թումաս Գյոլեցյանը դոմիկում ապրելը գերադասում է վերջերս Մուշ-2-2 թաղամասում ստացած երկսենյականոց բնակարանից:

– Ես տեղափոխվելու միտք չունեմ: Երկրորդ կարգի հաշմանդամ եմ, ինձ բնակարան պետք է հատկացնեին առանց համար հանելու, բայց ասացին, թե իբր առանց դրա ազնիվ չի: Բնակարանս երկրորդ հարկում է, բայց ինձ չի գոհացնում: Ամբողջ կյանքում շինարար եմ եղել ու ցավ եմ ապրում, որ ստիպված եմ ապրել անորակ բնակարանում: Մի ոտքից զրկված եմ, ոչինչ սարքել ու վերափոխել չեմ կարող, սվաղ չկա, պատերին մի կիլո գաջ հազիվ թե քսած լինեն, պատշգամբ չկա, ոչ էլ լվացք փռելու հնարավորություն, ջուրն ու գազը միացրած չեն, սենյակների ապակիները կոտրված են, բաղնիքում վաննա չկա, իսկ լվացարանն այնքան փոքր է, որ մի կարգին լվացվելիս չորս կողդ ջուր ես անելու, ջեռուցում էլ չկա, ո՞ւր գնամ: Լսել ենք, որ մինչև հիմա շինարարներին աշխատավարձ չեն տվել, էլ էդ մարդիկ ի՞նչ սրտով պիտի շենք կառուցեին: Ես էլ որոշել եմ դոմիկում մնալ, եղանակները բացվելուն պես կտեղափոխվեմ նոր բնակարան:

Նորակառույց թաղամասում մեկսենյականոց բնակարան ստացած 68-ամյա Գարեգին պապը նույնպես հրաժարվում է ապրել այնտեղ, ասում է, որ սեփականաշնորհման ժամանակ ստորագրել են տվել, թե իբր բնակարանում ամեն ինչ կարգին է, բայց «էնքան պակաս-պռատ կա», որ չգիտես որտեղից սկսես նորոգումը: «Շենքի կեսից ավելին ջրատաքացուցիչ չունի, շատերինը դրել են սենյակում ու հեռացել, էլ ո՞վ ա տերը: Մարդիկ հենց առաջին օրվանից սկսում են վաճառել բնակարանները, մեկսենյականոցը 5000, իսկ երկսենյականոցները՝ 9-10.000 դոլար արժողությամբ: Սիրտներս կոտրված մարդիկ ենք, խոնավ դոմիկներում առողջություններս կորցրինք, կարող էին, չէ՞, մի քիչ խղճով ու ավելի շուտ կառուցեին»:

Բնակարանների վաճառքի դեպքեր եղել են  նաև Անի թաղամասում, որտեղ ջեռուցման խնդիրը լիովին լուծված չի եղել, ու մարդիկ, վաճառելով իրենց բնակարանները, վերադարձել են նախկին կացարանները: Նրանց թիվը հասնում է հազարների, ինչը լրջորեն խոչընդոտում է անօթևանների խնդիրների լուծումը: «Պատճառը գործազրկությունն է, մարդիկ վերադառնում են տնակները, քանի որ այնտեղ ջեռուցում կա, և կոմունալ վարձավճարներից ազատված են: Սա արդեն նպաստառուի հոգեբանություն է»,- ասում է գլխավոր ճարտարապետը: Սակայն դոմիկներում հանդիպածս մարդիկ «նպաստառուի հոգեբանությամբ» չէին  տառապում: Մարդկային ու նյութական կորուստից ու ոմանց անտարբերությունից խոցված նրանց հպարտությունը մետաղյա տնակների գորշության մեջ փնտրում է մենություն. «Մի կարգին չեք օգնում, գոնե մի՛ ցավեցրեք, մի՛ նվաստացրեք»:

– Երկրաշարժից 24 տարի է անցել, բայց քաղաքի համար շատ քիչ բան է արվել: Գյումրուն ինչքա՜ն օգնություն հատկացվեց, մեկն էլ հերիք էր, որ քաղաքը ոտքի կանգնեցնեին: Բայց ո՞ւր է, որ պաշտոնյային հարցնես. ախր սովետի ժամանակ մի բաժակ կաթ էլ չունեիր խմելու, էսօր դաչաների ու մեքենաների հավաքածու ունես, քեզ ո՞րտեղից: Երկրաշարժի ժամանակ ութ անձ կորցրի, բայց ձեռքս չմեկնեցի, օգնություն չխնդրեցի: Մի անգամ դիմեցի, ասացին՝ «սաղ քաղաքը քո օրին ա», մերժվելուց հետո օգնության խնդրանքով էլ չեմ դիմել: Երկրաշարժը փոխեց մարդկանց հոգին, գյումրեցիք աղա մարդիկ էին, բայց փոխվեցին: Աստված բարին անի»,- հարժեշտից առաջ ասաց 62- ամյա Թումաս Գյոլեցյանը:

 

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է 1172 անգամ:
Print Friendly

Leave a Reply