Միքայել Նալբանդյան

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | December 10, 2012 7:06

 – Ազատությո՜ւն,-գոչեցի,

 Թող որոտա իմ գլխին

 Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,

 Թող դավ դնե թշնամին,

 Ես մինչ ի մահ, կախաղան...

  Հայ մեծանուն գրող, բանաստեղծ, հրապարակախոս, իմաստասեր, հեղափոխական-դեմոկրատ, հասարակական գործիչ Միքայել Նալբանդյանը ծնվել է 1829 թ. նոյեմբերի 14-ին Նոր Նախիջևան քաղաքում (այժմ` Դոնի Ռոստովի Պրոլետարսկի շրջան), արհեստավոր Ղազար Նալբանդյանի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է հայրենի քաղաքում, և նրա ուսուցիչն է եղել հայտնի մշակութային և հասարակական գործիչ Գաբրիել Պատկանյանը, որի դպրոցն ընդունվել է 1837 թ.: Սակայն Նալբանդյանին վիճակված չէր ավարտել ուսումը: 1845 թ. նա հեռացավ դպրոցից: Սակայն ինքնակրթությամբ նա հասավ այն աստիճանին, որ իր ժամանակի ամենաուսյալ մարդկանցից էր համարվում: Չստանալով կանոնավոր կրթություն` նա Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում թեկնածուական ատենախոսություն պաշտպանեց: Դեռ պատանեկության տարիներից Նալբանդյանը ստեղծագործում էր: Արդեն 1851 թ. Թիֆլիսի «Արարատ» շաբաթաթերթում տպագրվել են Նալբանդյանի առաջին բանաստեղծությունները:

1848-1853 թթ. Նալբանդյանն աշխատում էր Քիշնև քաղաքում` Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդարանում որպես քարտուղար:

Երիտասարդ տարիքից տոգորվելով ըմբոստ ոգով և հեղափոխական հայացքներով` Միքայել Նալբանդյանը շարունակ հալածանքների էր ենթարկվում հայրենի քաղաքում: Քանի որ նա իր հրապարակումներում հիմնական թիրախ էր ընտրում ժամանակի տիրող բարքերը, հոգևորականությանը, իշխող դասակարգին, շարունակ հալածվում ու հետապնդվում էր նրանցից: Նա, քննադատելով հոգևորականության գործունեությունը, բնավ չի նվաստացրել հայ եկեղեցու նաև դրական դերակատարությունը հայոց պատմության ընթացքում:

XIX դարի կեսերին Նոր Նախիջևանը բաժանվել էր երկու «կուսակցությունների»` Խալիպյան և Հայրապետյան: Այս բաժանումը քաղաքի ողջ հայությունը մասնատել էր երկու միմյանց թշնամի հատվածների: Հարելով Հայրապետյան կուսակցությանը, որ իրենից ներկայացնում էր նոր բարձրացող երիտասարդ հեղափոխական դեմոկրատիայի շարժումը, Նոր Նախիջևանում նա հակամարտության մեջ մտավ հասարակ ժողովրդին կեղեքող Խալիպյան աղայի հետ և պաշտպանեց ժողովրդին նրանից: Բայց դա էժան չնստեց նրա վրա: Նալբանդյանի հանդեպ հետապնդումները սաստկացան:

Խույս տալով հետապնդումներից` Նալբանդյանը թողնում է պաշտոնը և 1853 թ. մեկնում  Պետերբուրգ: Այստեղ ձեռք բերելով մանկավարժի որակավորում` նա հայոց լեզու է դասավանդում Լազարյան ճեմարանում` միաժամանակ Մոսկվայի համալսարանում որպես ազատ ունկնդիր ուսանում բժշկություն:

Նալբանդյանը Մոսկվայում ծանոթացավ Ստեփանոս Նազարյանցի հետ: Նրանց ծանոթությունը շուտով գաղափարական ընդհանրության վերածվեց, և նրանք ընկերացան: Նալբանդյանը հսկայական աջակցություն ցույց տվեց Նազարյանցին «Հյուսիսափայլի» հրատարակման գործում: Հենց «Հյուսիսափայլում» էլ Նալբանդյանը հրապարակում է իր բանաստեղծություններն ու հոդվածները Կոմս Էմմանուել ծածկանունով: Այդ տարիներին «Հյուսիսափայլն» իրավամբ դարձավ հայ ազատասիրական, դեմոկրատական մտքի առաջատարը:

1854 թ. Նալբանդյանը ձերբակալվեց անօրինական, հակապետական գործունեության մեղադրանքով, սակայն կարճ ժամանակ անց ազատ արձակվեց:

Ուսանելու տարիներին Նալբանդյանը ավելի է տոգորվում հեղափոխական գաղափարներով: Նա կապեր է հաստատում ժամանակի հեղափոխական պայքարի առաջամարտիկների` Օգարյովի, Գերցենի, Չերնիշևսկու հետ:

1859 թ. Նալբանդյանն անցնում է Եվրոպա ճամփորդելու և քայքայված առողջությունը վերականգնելու նպատակով: Նա եղավ Եվրոպայի գրեթե բոլոր մեծ կենտրոններում` ծանոթանալով ռուս վտարանդի հեղափոխականների հետ:  Փարիզ, Լոնդոն, Բեռլին, Վարշավա… Դեպի Եվրոպա կատարած ճամփորդության ընթացքում Նալբանդյանը հաղորդակից դարձավ եվրոպական հեղափոխական շարժումներին: Նա սերտ կապեր ուներ նաև «Երիտասարդ Իտալիա» կազմակերպության, ժամանակի աչքի ընկած շատ գործիչների հետ: Հաջորդ տարի  մեկնում է Հնդկաստան` Կալկաթայի հայկական գաղթօջախ: Հնդկաստան մեկնելու նպատակն իր Նոր Նախիջևանի դպրոցների համար հանգանակություն անելն էր հնդկահայ մեծահարուստներից, ինչպես նաև հնդկահայ վաճառական Մահսեհ Բաբաջանի` Նոր Նախիջևանի հայությանը կտակած ժառանգությունը ստանալն ու կրթական գործին ծառայեցնելը: Սա, թերևս, Նալբանդյանի Հնդկաստան մեկնելու արտաքին աստառն էր: Միգուցե նա այնտեղ մեկնել էր հեղափոխական քարոզչության նպատակներո՞վ: Պատմությունն այդ մասին լռում է: Ամեն դեպքում, նա ճանապարհին այցելեց նաև Վրաստան, Հայաստան, Իրան և Թուրքիա: Նալբանդյանը հասցրեց Պոլսում Հարություն Սվաճյանի հետ հիմնել «Երիտասարդների ընկերակցությունը», հանդիպել և շփումներ հաստատել պոլսահայ մտավորականության հետ:

1862 թ. նա վերադառնում է Նոր Նախիջևան, ցանկանում դարձյալ անցնել Եվրոպա, սակայն շատ չանցած` նույն թվականի հուլիսին ձերբակալվում է: Մինչ Նոր Նախիջևան անցնելը, Նալբանդյանը հասցրեց մասնակցել «Զեմլյա ի վոլյա» ընկերության աշխատանքներին: Նրա մոտ խուզարկության ժամանակ ռուս հեղափոխականների նամակներ են հայտնաբերվում: Միքայել Նալբանդյանը մեղադրվում է հակապետական գործունեության մեջ և  նախ բանտարկվում է Պետերբուրգի Պետրոպավլովսկյան ամրոցում, ապա աքսորվում  Սարատովի նահանգ` Կամիշին քաղաք: Վախճանվում է աքսորավայրում, թոքախտից, 1866 թ. մարտի 31-ին: Մարմինն ամփոփված է Դոնի Ռոստովի Սուրբ Խաչ վանքի բակում:

Միքայել Նալբանդյանի գրական ժառանգությունը բավական հարուստ է: Հրատարակել է «Շերամաբուծություն», «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատությունները, «Մեռելահարցուկ», «Մեկին խոսք` մյուսին` հարց» վիպակները, տասնյակ բանաստեղծություններ, հրապարակախոսական հոդվածներ: Փորձարկել է նաև իր ուժերը թարգմանության բնագավառում: Սակայն նրա գրական ժառանգության պսակը, անկասկած, ազատատենչ, հեղափոխական ոգով տոգորված բանաստեղծություններն են. «Ազատություն», «Իտալացի աղջկա երգը», «Մանկության օրեր»…

Միքայել Նալբանդյանն անուրանալի ավանդ ունի ազգային կրթության բնագավառում: Նա միշտ քարոզում էր ազգային դպրոցի գաղափարը, որ պետք է լիներ եկեղեցուց անջատ: Նալբանդյանը նաև մեծ ավանդ ունի աշխարհաբար հայերենի տարածման ու կիրառության գործում: Նա անգամ աշխարհաբար հայերենի քերականության դասագիրք գրելու փորձեր է ձեռնարկել: Միքայել Նալբանդյանի հավատամքն էր փայփայել և պահպանել հայոց լեզուն իր անաղարտությամբ: Նրա կարգախոսն էր`  «Ժողովրդի հանճարը նրա լեզուն է. նրանով կարող ենք դատել ժողովրդի լուսավորության աստիճանի, նրա հատկությունների, բարքերի, սովորությունների, արժանիքների ու արատների մասին»:

Որպես ազատական մարդ` պայքարել է նաև կանանց ազատության և նրանց իրավունքների պաշտպանության համար:

Որպես լրագրող նա հայ իրականություն բերեց ֆելիետոնը և գեղարվեստական հրապարակախոսությունը, իսկ հայկական պոեզիայի մեջ մտցրեց հեղափոխական ոգին: Հենց նրա հեղինակած «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունը հետագայում դարձավ Հայաստանի առաջին հանրապետության պետական օրհներգը, որը որոշ փոփոխություններով ընդունվեց երրորդ հանրապետության օրոք ևս:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 4078 անգամ:
Print Friendly

Leave a Reply