Արցախի ինքնորոշման 23-ամյա ուղին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | December 12, 2012 7:00

Երբ գորբաչովյան «վերակառուցումից» հետո՝ 1988 թ. Արցախի հիմնախնդիրը կրքեր բորբոքեց, և արցախահայությունն իր կամքն արտահայտեց իր բնօրրանում անկախ պետականություն կերտելու, իր ոտնահարված իրավունքները պաշտպանելու` ժողովրդի արդարացի պահանջը ադրբեջանցի ոսոխը փորձեց խեղդել Սումգայիթի կոտորածով, հայոց հինավուրց Գանձակի, Բաքվի, Գետաշենի, Մարտունաշենի հայության ջարդով ու բռնագաղթով, ինչպես նաև Շուշիի հայաթափմամբ:

Դարասկզբին եղեռն տեսած ու մազապուրծ ժողովրդին դարավերջին կարծես նույն ճակատագիրն էր սպասում: Վերահաս ցավն ու վիշտը միայնակ չեկավ, քանզի այդ ամենին գումարվեց  88-ի դեկտեմբերյան երկրաշարժը, որը ցնցեց Հայաստանի հողը… Նման ուժգնությամբ երկրաշարժ նախկինում երբևէ չէր եղել  Անդրկովկասում: 25 հազար զոհ: Հազարավորները հաշմվեցին և անօթևան դարձան:

Հայրենի հողը դարձավ հայոց գերեզման: Ծնկներս ծեծելով՝ գոչեցինք` հայրենի հող, այս ինչ արիր: Սակայն այս ողբի մեջ ոչ միայն չմոռացանք Արցախի հիմնախնդիրը, այլև մեր միաբանությամբ աշխարհը միաբանեցինք: Աշխարհն էլ ասես հայացել ու բարիացել էր:

ԱՄՆ-ից Հայաստան ժամանեց Միխայիլ Գորբաչովը: Եկավ ու վշտի մեջ տապակվող ժողովրդին սարեր խոստացավ: Խոստացավ, որ երկու տարում կվերականգնի երկրաշարժի հետևանքները: Հիրավի, հարվածը մեծ էր, և շատերին, այդ թվում նաև Գորբաչովին թվում էր, թե այդ ցավի, վշտի մեջ մենք մեկընդմիշտ կթաղենք Արցախի հիմնախնդիրը: Բայց ոչ միայն չթաղեցինք, այլև միասին կրեցինք այդ ծանրությունը: Փորձառու քաղաքական գործիչը չէր գիտակցում թե չէր ուզում գիտակցել, որ եթե իր «պերեստրոյկայով»  կարող է բեռլինյան պատը փլել, ապա ինչու՞ ոչ խորհրդային 70-ամյա ժանգոտած շղթան: Այստեղ ակամա հիշում ես. «Փորձված աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում» ասույթն ու մտածում, որ մարդն իր ձեռքով իր գերեզմանը փորեց: Բայց ինչպես կյանքը ցույց տվեց, ոչ միայն չմոռացանք, այլև 1989 թ. դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ-ի և ԼՂԻՄ-ի նորաստեղծ Ազգային խորհուրդներն  ընդունեցին  Հայաստանի հետ Արցախի վերամիավորման պատմական որոշումը:

«Ազգերի ինքնորոշման իրավունքը ներքին խնդիր է, երբ փոքրաթիվ ազգը չի կարող և չի ցանկանում ապրել «վերադաս» մեծամասնության հետ մի պետության մեջ: Այս դեպքում նրան չի կարելի ուժով պահել: Դա անօգուտ է: Ինչպես դա եղավ Լեռնային Ղարաբաղում, որտեղ շատ անգամ եմ եղել, անցել հյուսիսից հարավ և  հակառակը, շփվել, ինչպես ասում են, ժողովրդի հետ: Այնտեղից մեկնել եմ մի համոզմամբ, որ ոչ  մի պայմանով Ղարաբաղը չի կարող վերադարձվել Ադրբեջանին:  Եղեռն ու տեղահանություն տեսած ժողովրդին անհնար է լծի տակ վերադարձնել: Նրանք պատրաստ են զոհվել, բայց ազատությունից չեն հրաժարվի»,- ասել է արցախցու ցավին ու դավին տեղյակ ռուս գրող  Կիմ Բակշին:

Սա այն դեպքում, երբ հստակ չգիտենք, թե պատմաբան-գրողը որքանով էր քաջատեղյակ  ողջ եղելությանը, թե  յոթ տասնամյակ շարունակ ադրբեջանցին  ինչ «օյիններ» էր խաղացել արցախցու  գլխին, քամել երկիրը, կտրել նրա արյունատար երակները, գյուղերը թողել անդպրոց ու անբարեկարգ: Արցախցին միշտ ժրաջան մեղվի պես աշխատել է, իսկ ադրբեջանցին մկան պես տարել նրա արարած բերքն ու բարիքը: Բայց երիցս ճշմարիտ էր, որ արցախցին այլևս նույն լծի տակ մնացողը չէ:

Շատերը չեն դիմացել ժամանակի անարդարություններին, և այդ վկայությունները հազարապատիկ են, սակայն փաստեմ գերի մնացած Այգեստան գյուղի (Չայլու) օրինակը, որի բնակիչների հոգին խաղաղ չի եղել «խաղաղ ժամանակներից»:  Հայերի և ադրբեջանցի շահագործողների միջև հակասությունները գնալով խորանում էին, և այդ հակասությունները գալիս  էին հենց Ադրբեջանի վերին էշելոնի ղեկավարների թողտվությամբ: Իսկ նման դրսևորումները, որպես կանոն, միշտ ավարտվում էին ծեծկռտուքով: Անհավասար էին բաշխվում նաև ֆինանսական միջոցները:  Ըստ գյուղապետ Ռաֆիկ   Մելքումյանի, եթե ադրբեջանական գյուղերի համար մեկ կովի կաթնատվությունը 2000-2500 լիտր էր, ապա Արցախի հայկական գյուղերի համար այդ «պլան» կոչվածը՝ 4000 լիտր և ոչ մի կաթիլ պակաս: Ադրբեջանական բոլոր գյուղերը  գազաֆիկացված են եղել, ասֆալտապատ, բարեկարգ, բայց հենց գործը հասնում էր հայկական գյուղերին, այդ թվում նաև Այգեստանին, և՛ գազն էր սպառվում, և՛ ասֆալտը, և՛ ֆինանսը: Մարդ արարած, եկ ու դիմացիր:  Ու չդիմացան, զենք վերցրեցին, շարժումը կամաց-կամաց պատերազմահոտ դարձավ: Թեև դժվար ժամանակներ էին ապրուստի առումով, բայց քչերը լքեցին երկիրը, իսկ ադրբեջանական անօրեն ղեկավարության տարիներին Արցախը լքածներն էլ տուն դարձան, ոչ միայն  անտեր չթողեցին պապենական տունը,  այլև այն  ազատագրեցին 70-ամյա լծից:

Հրադադարից, մեր փխրուն խաղաղությունից 18 տարի է անցել, բայց դե խնդրի կարգավորման բանակցային  գործընթացի ճռճռան սայլը ոչ  միայն տեղից չի շաժվել, այլև շարունակ փոխզիջումների գնալու մասին  նույն երգն է երգում:  Սակայն այս պատմությունում տխուր իրողությունն այն է, որ մինչև  օրս Հայաստանը չի վավերացրել 1991 թ. պատմական որոշումը: Վախենում ենք դրանով նեղացնել, չարացնել մեր թշնամուն, իրավիճակը սրել, մոռանալով, որ նման պարագայում այլ երկրներից  որևէ դրական ակնկալիք ունենալը, ի վերջո, անհույս է: Մի՞թե  խնդիրը մեր իսկ ձեռքով սար ու ձոր ենք գցել…

Երկրաշարժից էլ ոչ թե 2, այլ 24 տարի է անցել, բայց դեռ չենք ձերբազատվել թե՛ անօթևանների խնդրից, թե՛ երկրաշարժի բարդույթից:

Այնուամենայնիվ, Արցախյան շարժումը հաղթելու և ստրկությունից ազատվելու բանալի  տվեց մեր ժողովրդին, որին ոչ միայն պետականության, անվտանգության իսկական երաշխիքներ են պետք, այլև նժդեհներ, արամմանուկյաններ, ազգալդյաններ…

 

 Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

Դիտվել է 887 անգամ:
Print Friendly

Leave a Reply