Հայկական ֆուտբոլի արձակուրդի ժամանակը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | December 11, 2012 7:00

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունն այժմ, ինչպես եվրոպական ֆուտբոլային երկրներում, անցկացվում է աշունգարուն մրցակարգով, բայց, միևնույն է, մեր երկրի առաջնության մակարդակը եվրոպական չափանիշներից շատ  հեռու է: Եվրոպական երկրների առաջնությունների խաղերի ժամանակ 60-70 հազար մարդ է տեղ զբաղեցնում մարզադաշտերի տրիբունաներում, իսկ Հայաստանում ամոթ է որևէ թվի մասին խոսել: Իսկ եվրոպական տարբերակի ընդօրինակումն արվել է, թերևս, այն նկատառումով, որ մեր երկրի առաջնությունը գրավչություն ունենա, սակայն հակառակ պատկերն է ստացվել: Աստիճանաբար հայկական ֆուտբոլը կորցնում է հետաքրքրությունը:

Թերևս բացառություն են կազմում ազգային հավաքականի մասնակցությամբ ընտրական մրցաշարերի հանդիպումները: Թեև Հայաստանում ուրախանալու բան գրեթե չունենք, սակայն ֆուտբոլային պաշտոնյաները, սևեռուն գաղափարով առաջնորդվելով, աշխատում են բացահայտել, թե որ երկրներում բարձրակարգ հայ ֆուտբոլիստներ կան, և նպատակն այն է, որ նրանք գան ու պաշտպանեն եռագույնի պատիվը: Ոմանք արձագանքում են, մի մասին էլ Հայաստանի հավաքականում խաղալուն տարբեր հանգամանքներն են խանգարում: Այդուհանդերձ, եթե Հայաստանի առաջնություն էլ չանցկացվի, դժվար չի լինի ազգային թիմով միջազգային փորձությունների ներկայանալ:

Ինչևէ, Հայաստանի առաջնությունը կազմակերպվում է, և այս տարի էլ այն անցնում է ձանձրալի: Քանի որ ընդամենը 8 թիմ կա, դրանք շարունակ իրար հետ են մրցում: Ինքնին հարց է առաջանում, թե արժե՞ այդքան հաճախ հարաբերություններն իրար հետ պարզել:

Այն, որ մեր ակումբներն ակնհայտորեն թույլ են, ցույց են տվել եվրոպական գավաթային մրցաշարերի մասնակցելու փորձերը: Հայկական թիմերը հանպատրաստից են այդ ստուգատեսներում մրցասպարեզ մտնում և խայտառակվում: Ակումբների տերերը չեն էլ ցանկանում փող ծախսել, բարձրակարգ խաղացողներ հրավիրել, մինչդեռ, նրանցից յուրաքանչյուրն իր շահերն ունի:

Ի դեպ, Հայաստանի առաջնության խաղերի ժամանակ կարող է ցանկացած բան պատահել: Մրցավարներն այնպիսի որոշումներ կարող են կայացնել, որ անիմաստ դառնա լուրջ քայլեր կատարելու մասին մտածելը, իզուր տեղը ֆինանսներ վատնելը:

Փաստ է, որ հայկական ֆուտբոլային միջավայրը գրեթե հավատ չի ներշնչում: Այդ է պատճառը, որ դրսում բնակվող մեր հարուստ հայրենակիցները գերադասում են ֆուտբոլային ակումբների հովանավոր լինել արտասահմանում, սակայն  հայկական ֆուտբոլում ներդրումներ կատարելուց առայժմ ձեռնպահ մնալ` սպասելով ավելի նպաստավոր ժամանակների…

Իսկ թե ինչն է վանում, բերենք վերջին տուրի թարմ օրինակը: «Փյունիկը», որի իրական տերը մի շարք աղմկահարույց միջադեպերից հայտնի, նաև ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն է, «Հանրապետական» մարզադաշտում պարտվում էր «Գանձասարին» (0:1): Հյուրերը ևս մեկ անգամ հեռահար հարվածով գրավեցին մրցակցի դարպասը, սակայն մրցավարը` Անդրանիկ Արսենյանը, չեղած տեղը պատճառ գտավ գոլը չգրանցելու համար` ձեռքով խաղ: Իսկ հանդիպման ավարտից վայրկյաններ առաջ ավելացված խաղաժամանակում նա 11 մ-ոց տուգանային հարված նշանակեց «Գանձասարի» դարպասին, և «Փյունիկը» փրկվեց պարտվելուց` 1:1:

Այս արդյունքը  էական չէ, բայց այսպիսի երևույթները միայն հիասթափություն կարող են առաջացնել: Փաստ է: Այդ է պաճառը, որ հանդիսականներ գրեթե չեն հաճախում խաղերին, և վիճակն այդ առումով ավելի է անմխիթար դառնում: Մինչդեռ, երբ նոր էր վերակառուցվել «Հանրապետականը», Հայաստանի առաջնության հանդիպումներին այցելած հանդիսականների թիվը 7-9 հազարի էր հասնում:

Տուրի մյուս հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. «Ուլիս» – «Միկա»` 0:1, «Իմպուլս» – «Արարատ»` 0:1, «Բանանց» – «Շիրակ»` 2:2:

Ինչևէ, Հայաստանի առաջնությունն առաջին տեղում է ավարտել Գյումրու «Շիրակը» (69 միավոր): Երկրորդ տեղում է  «Միկան» ( 66): Ապա հաջորդում են «Գանձասարը», «Իմպուլսը» ( երկուսն էլ` 48-ական), «Փյունիկը» (46), «Ուլիսը» (32), «Արարատը» (24), «Բանանցը» (24):

Այսպիսով,  Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում կայացած 32-րդ տուրի հանդիպումներից հետո թիմերը գնացին հանգստի: Պայքարը կվերսկսվի 2013-ի գարնանը: Մարտի 9-ին և 10-ին կկայանան հաջորդ` 33-րդ տուրի հանդիպումները:

 

Դիտվել է 912 անգամ:
Print Friendly

Leave a Reply