Անկախացում հանուն ինչի՞

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | December 9, 2012 7:00

Գեղարվեստական մարմնամարզությունը գրավիչ մարզաձև է, մինչդեռ Հայաստանում այն դասվում է պոչից քարշ եկող մարզաձևերի շարքը: Չնայած գեղեցիկ աղջիկներ ունենք, սակայն տասնամյակներ շարունակ չի հաջողվում բարձրակարգ մարզուհիներ պատրաստել, որպեսզի միջազգային մրցասպարեզներում մերոնք ակնհայտ անհաջող մրցելույթներով երկրի պատիվը խայտառակ չանեն:

Տարիներ ի վեր Հայաստանի հավաքականը գլխավորել է, նաև Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայում գեղարվեստական մարմնամարզության պատասխանատու  մարզիչ Կրեմլինա Մկրտչյանը: Մասնագետն արդեն 75 տարեկան է, և համոզել են, որ ժամանակն է տեղը զիջել երիտասարդներին: Նրան խնդրել են, որպես բարի կամքի դրսևորում, հայտնել, թե ով կարող է փոխարինել իրեն: Եվ Մկրտչյանը տվել է երեք մարզչի անուն: Մարմնամարզության Հայաստանի ֆեդերացիայի, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, ՀԱՕԿ-ի ղեկավարությունն էլ նպատակահարմար է համարել այս պաշտոնը վստահել նրանցից Գայանե Ներսիսյանին, որը Հայաստանի հավաքականի մարզիչ է աշխատել և միջազգային կարգի մրցավար է: Սակայն այդ որոշումը միանշանակ չի ընդունվել:

Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության մասնագետների մի մասը կողմ է, որ նա գլխավորի մեր երկրի հավաքականը, բայց կան նաև մարդիկ, որոնք դեմ են: Հակասական պատկեր է: Հայաստանում կազմակերպվող մրցաշարերի ժամանակ անցանկալի իրավիճակներ են առաջանում, հակամարտություններ: Թվում է, թե պետք էր սպասել` կկարողանա՞ Ներսիսյանը իրեն դրսևորել նոր դերում, թե՞ ոչ: Եվ եթե ցանկալի արդյունքը չլիներ, այն ժամանակ արդարացված կլինեին դժգոհությունները: Մինչդեռ աշխատանքը մաքուր էջից սկսող մասնագետից պահանջել, որ նա ինքնակամ հեռանա պաշտոնից, այնքան էլ տրամաբանական չէ: Ի դեպ, բանը նրան  է հասել, որ մասնագետների մի խումբ, ի նշան բողոքի, դիմել է ֆեդերացիայի ղեկավարությանը, որպեսզի դուրս գա կազմակերպությունից: Այս ընթացքում Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, ՀԱՕԿ-ի ղեկավարները խորհրդակցություններ են անցկացրել գեղարվեստական մարմնամարզության մասնագետների մասնակցությամբ, փորձել հարթել կնճիռները:

Դժվար է ասել, թե այդ ամենն ինչ շարունակություն կունենա:

Պարզելու համար թե ինչ է կատարվում, զրուցեցինք Հայաստանի մարմնամարզության, գեղարվեստական մարմնամարզության, ակրոբատիկայի ֆեդերացիայի նախագահ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի հետ: Ահա թե ինչ ասաց նա.

– Սկզբում հարց էր բարձրացվել, որ գեղարվեստական մարմնամարզությունը դուրս բերվի միացյալ ֆեդերացիայի կազմից: Ստիպված էի բացատրել, որ դա հնարավոր չէ, քանի որ միջազգային ֆեդերացիան էլ այն սկզբունքով է առաջնորդվում, որ գեղարվեստական մարմնամարզությունը գտնվի միացյալ ֆեդերացիայի կազմում: Այդուհանդերձ, գեղարվեստական մարմնամարզության մի քանի մարզիչներ դիմում էին ներկայացրել, որ դուրս գան ֆեդերացիայի կազմից: Կրեմլինա Մկրտչյան էլ նրանց հետ էր: Ինքս ստորագրեցի, որ չեմ առարկում, բայց միաժամանակ տեղեկացրի, որ այդպես  աշխատել չեն կարող: Այլ հարց է, որ ակումբ հիմնեն և այդ կառույցի սաներով մասնակցեն ֆեդերացիայի կազմակերպած մրցումներին, սակայն այդ դեպքում պետք է համապատասխան ֆինանսներ վճարվեն: Հակառակ պարագայում չի թույլատրվի այդ ակումբի ներկայացուցիչներին հանդես գալ կազմակերպության հովանու ներքո անցկացվող միջոցառումներում: Ի դեպ, ասվածը բավարար չեղավ, և անկախության ձգտողների խումբը դիմել է նաև Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին: Նրանք պարզաբանել են, որ նպատակահարմարն այն է, որ ֆեդերացիայի կազմում մնան, այլ տարբերակով որևէ բան շարունակել հնարավոր չէ:

 Իսկ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի հա՞րցը:

– Այդ պաշտոնը նշանակովի է, և այն վստահվել է Գայանե Ներսիսյանին: Նա եռանդով է աշխատում: Թե ինչպիսին կլինի արդյունքը, ժամանակը ցույց կտա: Աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար ֆեդերացիայի նախագահը պետք է տեղակալ ունենա, որը կզբաղվի գեղարվեստական մարմնամարզության հարցերով: Ոչ թե Ներսիսյանը, այլ այդ պաշտոնը զբաղեցնողը պետք է հոգա կազմակերպչական խնդիրները: Առայժմ այդ հարցը մնացել է բաց: Առաջիկայում գեղարվեստական մարմնամարզության ներկայացուցիչների հետ կհավաքվենք և կորոշենք, թե ում պետք է վստահվի ֆեդերացիայի նախագահի տեղակալի պաշտոնը: Նախկինում այդ աշխատանքը Մկրտչյանն է կատարել, որը տարիքն առել է, բացի այդ, վերջին շրջանում նրա այս կազմակերպած բաները դուրեկան չեն: Ինքս դեմ կլինեմ, որ նա կատարի ֆեդերացիայի նախագահի տեղակալի պարտականությունները: Այդ պաշտոնում կփորձենք ներգրավել այնպիսի մեկին, որը կարող  ուժ է:

 Նախագահի տեղակալի թենածու ունե՞ք:

– Ոչ, գեղարվեստական մարմնամարզության մասնագետներն իրենք պետք է առաջարկեն:

 Բայց ինչքան էլ  նախարարության, ՀԱՕԿի, ֆեդերացիայի ներկայացուցիչները փորձում են վիճակը հարթել, գեղարվեստական մարմնամարզության մասնագետների շրջանում խժդժությունները շարունակվում են, տհաճ պատմություններ են առաջանում: Մասնավորապես, 2012-ին Հայաստանի երկու առաջնություն է անցկացվել, և դրանք ձախողելու փորձեր են արվել:

– Ի դեպ, երբ Ներսիսյանին նշանակում էինք Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, հավաքվել էին բոլոր մարզիչները, և  նրանք, ովքեր ներկայումս պայքարում են Ներսիսյանի դեմ, իրենց այլ ձևով էին պահում: Եթե այսպես շարունակվի, ինքս կարող եմ կողմ լինել, որ գեղարվեստական մարմնամարզության բողոքավոր մասնագետների խումբը հանվի միացյալ ֆեդերացիայի կազմից: Բայց դա չի կարող օգուտ  տալ ընդհանուր գործին: Հետո բոլորն էլ գալու են և խնդրելու են, որ կրկին իրենց ընդգրկեն ֆեդերացիայի կազմում:

 Առանձին մասնագետներ կարող են դուրս գալ ֆեդերացիայից, չհամագործակցել, սակայն նրանց սաներն այդ դեպքում ֆեդերացիայի միջոցառումներին չեն մասնակցի: Փաստորեն, ինքնանպատակ կդառնա այն մարզադպրոցների, խմբերի գոյությունը, որոնցում այդ մարզիչներն աշխատում են:

– Դա է խնդիրը: Ներսիսյանի աշխատանքից գոհ եմ և նրան ասել եմ, որ եթե կան մասնագետներ, որոնք չեն ցանկանում համագործակցել, կամքն իրենցն է, կարող են  որևէ կապ չունենալ ֆեդերացիայի հետ:

 Հետաքրքիր է Ձեր կարծիքն իմանալ Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության վիճակի մասին: Ինչպիսի՞ն էր այն անցյալում եղել, ինչպիսի՞ն է ներկայումս:

– Նախկինում ոչ մի լավ արդյունք չի եղել, հիմա էլ չկա: Ինչ վերաբերում է Ներսիսյանին, ապա բնական է` նա առայժմ արդյունք չունի: Ծրագրեր են կազմվում, որոնք պետք է իրականացվեն: Հայաստանի հավաքական են հրավիրվել Ռուսաստանում վարպետության դասեր ստացած բարձրակարգ մարզուհիներ: Անկեղծ ասած, ես դեմ եմ աշխատանքի այդ ոճին: Բայց հավատացնում են, որ դա ժամանակավոր է, նրանց ներկայությունն առայժմ անհրաժեշտ է, որպեսզի մեր  նազելիները փորձառուների կողքին սովորեն: Ի դեպ, այդ մարզուհիներն իրենց միջոցներով են Երևան գալիս, մասնակցում Հայաստանի առաջնություններին: Դրա մեջ վատ բան չկա: Բայց  շեշտը պետք է դրվի այն բանի վրա, որ Ռուսաստանից մասնագետներ հրավիրվեն, նրանք մեր մարզիչների հետ սեմինարներ անցկացնեն, և վերջիններս էլ բարձրակարգ սաներ աճեցնեն: Իսկ դա հնարավոր է միայն համատեղ ուժերով կարգավորել և լավ արդյունքի հասնել: Շատ բան նաև Ներսիսյանից է կախված: Նա պետք է կարողանա համագործակցել գործընկերների հետ: Ինձ թվում է, որ ֆեդերացիայի նախագահի տեղակալ ընտրելուց հետո ամեն ինչ լավ կլինի: Դժվարանում եմ ասել, թե երբ խնդիրը կկարգավորվի: Առայժմ սպասում ենք, որ բորբոքված կրքերը հանդարտվեն: Ի դեպ, որոշ մասնագետներ միայն իրենց են պատկերացնում ֆեդերացիայի նախագահի տեղակալի, նաև հավաքականի գլխավոր մարզչի պաշտոններում: Միայն մի բան է պարզ` առանց համերաշխության որևէ աշխատանքի մասին խոսք լինել չի կարող: Առանց այն էլ այս մարզաձևում լավ արդյունքներ չկան:

 Ֆինանսների հարցն ինչպե՞ս է լուծված:

– Ֆեդերացիան աջակցության կարգով պետությունից 30 մլն դրամ է ստանում, որից 6 մլն-ը տրամադրվում է գեղարվեստական մարմնամարզությանը, նույնքան էլ` ակրոբատիկային, մնացած 12 մլն դրամը հատկացվում է մարմնամարզությանը: Ինչ խոսք,  6 մլն դրամը բավարար չէ գեղարվեստական մարմնամարզությունը Հայաստանում զարգացնելու համար: Բացը լրացնելու համար անհրաժեշտ է հովանավորներ գտնել:

 

Դիտվել է 1748 անգամ:
Print Friendly

Leave a Reply