Մեկնարկային խաղում` ցավալի պարտություն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 19, 2010 18:48

«Անկախ»-ի թղթակիցն Իսրայելից հաղորդում է, որ Ռամադ Հան քաղաքում մեկնարկած հանբոլիստուհիների «Չելենջ տրոֆի» մրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականը ցավալի  պարտություն է կրել: Մեր երկրի ներկայացուցիչները մեկ միավորի տարբերությամբ` 28:29 հաշվով զիջել են Կիպրոսի ընտրանուն: Հայաստանի հավաքականն առաջին խաղակեսում առջևում է եղել 13:11 հաշվով,սակայն այդ առավելությունը պահպանել մերոնց չի հաջողվել: Մեր հավաքականը փայլուն է անցկացրել նաև երկրորդ կեսը, սակայն ուժեղ մրցակցին հաղթել չի հաջողվել: Պատճառն այն է եղել, որ խաղավարտից  15 րոպե առաջ վնասվածք է ստացել մեր թիմի փորձառու դարպասապահը` Աստղիկ Գյուրջինյանը: Թե որքանով է այն լուրջ, կպարզվի միայն բժշկական հետազոտությունից հետո: Եթե նա չկարողանա խաղահրապարակ դուրս գալ, ապա Հայաստանի հավաքականը դժվարին դրությունում կհայտնվի, քանի որ մեր երկրորդ դարպասապահը` Նելլի Ֆիդանյանը երիտասարդ է և միջազգային հանդիպումների մասնակցելու փորձի պակաս ունի: Հայտնի է, որ  Հայաստանի հավաքականի դարպասը պետք է պաշտպաներ Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի նախկին դարպասապահ Մարի Կազգանջյանը, սակայն կազմակերպիչները  բծախնդրություն էին դրսևորել և չէին թույլատրել, որ նա խաղա:

Մարտի 20-ին Հայաստանի հավաքականը կմրցի Իսրայելի ներկայացուցիչների հետ:

Դիտվել է 1671 անգամ:
Print Friendly

Leave a Reply