Աշխարհը ֆոտոխցիկում. Արա Գյուլեր

ԷՍՍԵ | | December 6, 2012 15:57

Երկու փայլող հայկական աչքեր, որոնք տեսնում են այն, ինչ շատերս չենք նկատում: Ձկնորսական նավակ, ծովի ալիքներում արտացոլված մայրամուտ, մանկական ծիծաղ, հույզեր, ապրումներ ընդամենը մեկ ակնթարթում: Նրան անվանում են «Ստամբուլի աչք», «100-ամյակի լավագույն լուսանկարիչ», «անգերազանցելի ֆոտոպատմաբան»: Նրա լուսանկարներում անմահացած է պահը, որն այնքան բան է պատմում:

Իր իսկ խոսքերով, Արա Գյուլերը աշխարհը տեսնում է ֆոտոխցիկի միջից` պատկերելով կյանքն ինչպես որ է: Ծնվել է Ստամբուլում, հայկական ընտանիքում: Մանկության տարիներից սիրել է թատրոնը, մշակույթը, արվեստը:

Ով որ չի տեսել Ստամբուլը, կսիրահարվի այդ քաղաքին հենց Գյուլերի լուսանկարների յուրահատուկ անկեղծության ու ջերմության շնորհիվ: «Իմ սիրելի Ստամբուլը Օրհան Վելիի, Յահյա Քեմալի նկարագրած քաղաքն է, հիմա շատ բան է փոխվել, Ստամբուլը կորցրել է իր գույնը, ես միշտ փնտրում եմ իմ մանկության քաղաքը»,- թախիծով նշում է Գյուլերը:

Նրա ֆոտոխցիկը կարծես լսում է մարդկային կյանքի տարբեր պատմություններ ու դրանք զետեղում մեկ ակնթարթի մեջ, հավերժացնում պահը, որն այլևս չի կրկնվելու: Գյուլերի տաղանդը տեսնելն է` տեսնել անսովոր ու սովորական, անհասկանալի և միաժամանակ պարզ ու հասարակ բաներ: Դժվար է պատկերացնել քաղաքային կյանքի առավել բնական պատկերում, ավելի ճշգրիտ ընկալում, սեր դեպի մարդը, բնությունը, կյանքը:

Շուրջ 800 հազար ակնթարթ ընկել է նրա թակարդը, այդչափ էլ պատմություն, այդքան էլ միտք ու մտածմունք: Ֆոտոխցիկը Գյուլերի համար գրիչ է գրելու իր տեսածն ու զգացածը: Նա ստեղծում է սիրավեպ, արկած, պատմվածք ու առասպել: Նշանակություն չունի, թե ով ես դու, սևամո՞րթ, թե՞ սպիտակ, որտեղ ես, ինչ ես անում, դու կաս, ուրեմն պահ ես, ուրեմն աշխարհի մի մասնիկն ես, որին Գյուլերը նայում է իր ֆոտոխցիկի միջով: Նրա համար կարևորը մարդն է` իր բոլոր կողմերով: «Մենք բոլորս պատմություն ենք գրում, կյանքի պատմություն, իսկ իմ կյանքը շատ զվարճալի է անցել»,- ժպիտով ասում է Գյուլերը:

Աներևակայելի երևակայություն, անքննելի մտքի թռիչք, ճանաչելի իրականություն, խաղ, գույներ: Ահա թե ինչ է վերցնում կյանքից, դարձնում իրենը ու պահում իր կերտած պատմության էջերում: Գյուլերի լուսանկարներում կյանքն ընթանում է իր հունով, իսկ նա վերցնում է պահը ու այն շարունակում, դարձնում խոսուն ու հիշարժան:

Բարի աչքերով, միշտ ժպտերես ու կենսախինդ: Նա աշխարհի լավագույն լուսանկարիչներից է, ֆոտոլրագրող, գրող, մեծ արվեստագետ, անսահման տաղանդավոր, ինքնատիպ ու անկեղծ:

Նա Արա Գյուլերն է`ակնթարթի որսորդը:

Տաթևիկ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է 3624 անգամ:
Print Friendly

Leave a Reply