Ընդիմադիր ԶԼՄ-ների ապակառուցողական գործունեությունը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | March 25, 2010 15:47

Այսօր հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների  շարքում` թե տպագիր, թե էլեկտրոնային, ուրույն տեղ ունեն մեծ թվով ընդդիմադիր լրատվամիջոցներ: Իշխանական վարչակազմին բոլոր հարցերում ընդդիմանալու գործունեությունը հաճախ անցնում է բոլոր սահմանները և սկսում է հակասել Հայաստանի պետական շահերին: Նման վարքագիծը սկսել է զարգանալ 1990-ականներից, սակայն վերջին երկու-երեք տարիների ընթացքում այն ավելի սուր բնույթ է ստացել: Դա թերևս պայմանավորված է երկրում խոսքի ազատության ընդլայնմամբ,  թեպետ այդ ընդդիմադիր լրատվամիջոցները շատ հաճախ քննադատում են իշխանություններին` մեղադրելով նրանց խոսքի ազատության սահմանափակման համար: Աշխարհի «ազատ» երկրներից և ոչ մեկում ընդդիմադիր ուժերին սպասարկող լրատվամիջոցներն այդքան գռեհիկ չեն քննադատում երկրի իշխանություններին, ինչքան Հայաստանում: Եվ ցավալին այն է, որ դա, մատուցվելով հանրությանը, դեգրադացնում է նրա քաղաքական գիտակցությունն ու մտածելակերպը: Օրինակ` ընդդիմադիր մամուլի առաջատարը` «Չորրորդ իշխանություն» օրաթերթը, որում գրեթե անհնար է որևէ լուրջ քաղաքական վերլուծության հանդիպել: Առհասարակ» այդ լրատվամիջոցներից ոչ մեկը սեփական հայեցակարգ չունի: Ուղղությունը, ըստ էության, «որոշում» են ընդդիմության ղեկավար ուժերը. հենց որ  դրանցից մեկը որևէ հայտարարություն է անում, հաջորդ օրն ընդդիմադիր ողջ մամուլն այդ թեքումով է գրում: Օրինակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը մի որոշ ժամանակ ողջունում էր նախագահ Սարգսյանի վարած «նախաձեռնողական քաղաքականությունը», ընդդիմադիր մամուլն այդ ժամանակահատվածում մեղմացրել էր քննադատությունը նախագահի արտաքին քաղաքականության նկատմամբ: Փաստորեն, քամին որ կողմից փչի, այն կողմն էլ սպասարկու մամուլը կթեքվի: «Քամուց թեքվելու» այդ քաղաքականությունը դրսևորվում է նաև այլ կերպ: Բավական էր, որ «Ժառանգություն» կուսակցությունը 2009 թ. Երևանի քաղաքապետի ընտրություններում չմիանար ՀԱԿ-ին,  որպեսզի «կոնգրեսական» ողջ մամուլը իսկական հետապնդում սկսեր «Ժառանգության» և նրա առաջնորդի դեմ: Կամ, երբ 2008 թ. նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո տերպետրոսյանական ընդդիմությունը հանրահավաքներ էր անցկացնում Ազատության հրապարակում, և երբ փետրվարի 21-ին Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ այն ժամանակվա պաշտպանության փոխնախարար, գեներալ Մանվել Գրիգորյանը միանում է ընդդիմադիր ուժերին, ամբողջ ընդդիմադիր մամուլը սկսեց լայնորեն լուսաբանել դա` ներբողելով Մանվել Գրիգորյանին: Իսկ այսօր արդեն, երբ պարզ է, որ Մանվել Գրիգորյանը ընդդիմության ուժերում չէ, տերպետրոսյանական ընդդիմությունը կրկին անցել է իրեն բնորոշ ոճին: Մասնավորապես, ԵԿՄ վարչության վերջին նիստից հետո` փետրվարի 18-ին, Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակ» օրաթերթում իր «Ջփավոր գեներալների սիմուսը» հոդվածում վարկաբեկեց Մանվել Գրիգորյանին: Նույնը վերաբերում է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին, որ իր պատգամավոր եղած ժամանակահատվածում բազմիցս «քարկոծվել» ու վատաբանվել է նույն ընդդիմադիր ԶԼՄ-ների կողմից: Օրինակ` 2007 թ. մարտի 6-ին «Առավոտ» օրաթերթում տպագրված «Առաջադրումներն ավարտվեցին» հոդվածում, որ սպասվելիք խորհրդարանական ընտրությունների մասին էր, իշխանամետ մի շարք քաղաքական գործիչների, այդ թվում Հակոբ Հակոբյանին տարբեր ածականներ էին վերագրվում: Հակոբ Հակոբյանը նույն  կերպ վատաբանվեց 2007 թ. ապրիլի 13-ին www.zhamanak.com-ում  զետեղված «Կեր, խմի, քեֆ արա 1 ամիս շարունակ» հոդվածում: Սակայն 2008 թ. նախագահական ընտրություններից հետո, երբ Հակոբյանն անցավ Տեր-Պետրոսյանի կողմը, ընդդիմադիր մամուլն անմիջապես մոռացավ մինչ այդ Հակոբյանին վերագրված մականունները և սկսեց գովաբանել նրան: Ընդդիմադիր լրատվամիջոցների կողմից ներքաղաքական գործընթացներն այս կամ այն կերպ լուսաբանումը թերևս տանելի է: Բայց երբ փորձ է արվում պետության վարկանիշը գցել և ընդդիմության վարկանիշը բարձրացնել,  դա արդեն հարվածում է Հայաստանի պետական շահերին:  Նրանք խոսում են «հայ-ադրբեջանական և հայ-թուրքական մոտալուտ և անխուսափելի պատերազմի» (www.7or.am`  «Խաղաղության» և «պատերազմի» կուսակցությունների մասին», «Չորրորդ իշխանություն»` «Պատերազմի և սոցիալական պայթյունի միջև», 2010 թ., մարտի 6), նշված երկու հարևան երկրների` մեր հանդեպ ունեցած քաղաքական ու ռազմական առավելության մասին, տարածում են ՀՀ-ում մարտական պատրաստվածության հայտարարման մասին ստահոդ տեղեկություններ (www.chi.am` «Կողմերը նախապատրաստվում են»), որոնք պաշտոնապես ժխտվել են ՀՀ պաշտպանության նախարարի կողմից, անհիմն կասկածներ են հայտնում ՀՀ պետական անվտանգության վերաբերյալ (www.7or.am «Անհանգիստ փետրվար») և այլն: Այս ամենով երկրում արհեստական լարվածություն է ստեղծվում, և քաղաքական իրադրությունն ապակայունացվում է: Ընդ որում, նշված և շատ այլ քաղաքական վերլուծություններում կոպիտ վիրավորանքներ են հասցվում երկրի բարձրագույն իշխանական պաշտոններ զբաղեցնող անձանց (ՀՀ նախագահ, ՀՀ վարչապետ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ և այլք): Ընդդիմադիր լրատվամիջոցները նույն քաղաքականությունն են վարում նաև միմյանց  նկատմամբ: Օրինակ`  www.7or.am-ը. այն սպասարկում է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի թիմին, որ պաշտոնանկ արվելուց հետո «7» օրում անցավ ընդդիմության շարքերը: Այստեղ բավականին սուր քննադատություն  ենք կարդում ընդդիմության մյուս` Լևոն Տեր-Պետրոսյանի թևի հասցեին («Հայկական Բուրբոնները». ինչու չստացվեց իշխանափոխությունը», «Լևոն Տեր-Պետրոսյանը, Պողոս փաշան և պահանջատիրությունը» ևն): Եվ հակառակը, Օսկանյանին ու «Civilitas»-ին սուր քննադատության են ենթարկում Լևոն Տեր-Պետրոսյանին «սպասարկող» ԶԼՄ-ները («Հայկական ժամանակում»` «Հարափոփոխ ազգային խնդիրներ և շահեր կամ ձրի տրագիկոմեդիա», 2009 թ., հոկտ. 8, «Նոր աստվածներ», 2009 թ., նոյեմբ. 11 ևն): Նշվածների հետ համեմատած` ողջունելի է ընդդիմության շարքերում գտնվող ՀՅԴ-ին պատկանող լրատվամիջոցների («Երկիր մեդիա» հեռուստաալիքն իր «Երկիր» պաշտոնաթերթով և www.yerkir.am էլեկտրոնային կայքով) գործունեությունը, որը քիչ թե շատ անաչառ ձևով է ներկայացնում երկրի ներքին և արտաքին քաղաքական իրադարձությունները և հենց այս պատճառով էլ արժանանում է «կոնգրեսական» ու «օսկանյանական» ընդդիմության սուր քննադատությանը: Հայ-թուրքական հարաբերությունների սթափ լուսաբանման առումով պետք է նշել նաև «ԱԼՄ» հեռուստաընկերության անունը, որ իր ղեկավար` Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանին վերաբերող հարցերից բացի, մյուս քաղաքական խնդիրները հնարավորինս անաչառ է լուսաբանում: Իրավիճակը ցավալի է նաև այն առումով, որ ընդդիմադիր ուղղվածություն ունեցող շատ ԶԼՄ-ներ, ըստ էության, երկրի ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցերում որևէ հստակ դիրքորոշում չունեն: Ցավալի է նաև, որ ներկայիս ընդդիմադիր մամուլի մեծ մասը նախկինում սպասարկում էր իշխանություններին` ցեխ շպրտելով այն ժամանակվա ընդդիմադիրների վրա: Եվ կասկած չկա, որ եթե այսօրվա ընդդիմադիր գործիչները վաղն իշխանություն դառնան, նրանց սպասարկող մամուլը նույն հաջողությասմբ կսկսի քննադատության սուր ալիքի տակ առնել և ամենավերջին հիշոցներով վարկաբեկել այն գործիչներին, ովքեր կփորձեն ընդդիմանալ իշխանություններին: Մենք դեմ չենք սուր և անողոք քննադատությանը: Զանգվածային լրատվամիջոցների հիմնական խնդիրներից մեկը իշխանություններին հետևելն է և նրանց սխալները վեր հանելը: Պատահական չէ, որ այդ լրատվամիջոցներին հաճախ «պահապան շուն» են անվանում: Սակայն դեմ ենք, երբ խոսքի ազատությունը շփոթվում է անհանդուրժողականության հետ  իսկ սրությունը` հայհոյանքի: Հայհոյանքը փաստի սով է: Ամենասուր և օգտակար քննադատությունը, ինչպես գիտենք, փաստերի վրա հիմնված քննադատությունն է, ընդ որում վայելուչ կերպով, առանց ավելորդ զգացմունքայնության ու մակդիրների: Նման հարցերն ամբողջ աշխարհում լուծվում են ինքնակարգավորման ճանապարհով: Յուրաքանչյուր իրեն հարգող լրատվամիջոց իր համար վարքականոններ է մշակում, որոնց մեջ որոշակի սահմաններ է գծում: Եվ յուրաքանչյուր իրեն հարգող լրագրող երբեք չի անցնում այդ սահմանները: Մի բան, որ մեր երկրում, ցավոք, չենք տեսնում: Բացի այդ,  մեզանում չի գործում ԶԼՄ-ների գործունեությունը լրջորեն դիտարկող որևէ անաչառ ու անկախ կառույց: Հակառակ դեպքում ուղղակիորեն «քաղաքական և լեզվական աղբ» մատուցող շատ ԶԼՄ-ներ վաղուց ստացած կլինեին իրենց մասնագիտական գնահատականը: Մեր լրատվամիջոցները` թե իշխանամետ, թե ընդդիմադիր, հավանաբար պատշաճ մասնագիտական որակ ու մշակույթ ձեռք կբերեն այն ժամանակ, երբ վերջապես հասկանան, որ պետք է ծառայեն ոչ թե այս կամ այն քաղաքական ուժին, այլ հասարակությանը: Եվ եթե անգամ ֆինանսապես սնվում են որևէ քաղաքական ուժից, ապա նրա հակառակորդ ուժի դեմ սլաքներ ուղղեն մասնագիտական պատշաճ մակարդակով:

Դիտվել է 8246 անգամ:
Print Friendly

Leave a Reply