ԲՀԿ-ական պատգամավորը արվեստը զոհելով դարձել է գործարար, վարում է Toyota Land Cruiser, և վախենում է իր ուսուցչից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 6, 2012 15:30

ԱԺ ԲՀԿ-ական ու գործարար պատգամավոր Արագած Ախոյանը արվեստագետ է, բայց արվեստը զոհել է հանուն իր բիզնեսի և պատգամավոր դառնալու: Այս մասին նա հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
Նա ասաց, որ ինքն արվեստագետ է և շատ լավ նկարիչ, ինքը 9 տարեկանից աշխատել է և շատ լավ վարպետ է, տան ներսի հարդարանքում պատերի նկարներ է արել ժամանակին, ավարտել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, սակայն, չցանկանալով լինել շարքային արվեստագետ, զոհել է արվեստը հանուն իր գործարար-քաղաքական կարիերայի:
«Դուք գիտեք, որ արվեստը զոհեր է պահանջում, արվեստով զբաղվող մարդը պետք է ամբողջ կյանքը նվիրի արվեստին, բայց հետո հասկանում ես, որ կյանքդ անցավ: Այն էլ էն ժամանակ, երբ նոր էի ավարտում Թերլեմեզյանը, ես որոշեցի, որ ավելի լավ է շարքային արվեստագետ չլինել, այլ լինել, ասենք, հաջողված շինարար կամ բիզնեսմեն»,-ասաց արվեստագետ-գործարար պատգամավորը:
Նա նաև խոսեց իր գումարների մասին՝ ասելով, որ նա այսօր ունի այնքան, ինչքան որ անհրաժեշտ է միջին ապրելակերպի համար:
Իսկ թե ինչ մեքենաներ ունի «միջին խավի» գործարար պատգամավորը, այս հարցին նա պատասխանեց այսպես. «Մի քանի մեքենաներ ունեմ, ո՞րն եք ուզում: Ոչ ամենաթանկարժեքներից, միջին արժողության մեքենաներ են, օրինակ՝ Toyota Land Cruiser 200 (գինը ՀՀ շուկայում՝ մոտ 90.000 դոլար և ավել): Էդ մեկ, ասենք՝ «Կամազ», ավտոկռան, տրակտոր էլ ունեմ»:
Ախոյանը վերջում ասաց նաև, որ վախենում է միայն Աստծուց և իր ուսուցչից, իսկ թե որ ուսուցչից՝ չնշեց:

Վահե Մակարյան

Դիտվել է 928 անգամ:
Print Friendly

Leave a Reply