Կոոպերատիվի առավելություններն ու թերություններն ըստ Արմավիրի մարզի գյուղացիների

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 19, 2010 18:22

Ձախից՝ «Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության նախագահ Վարդան Համբարձումյանը և «Լուկաշին սպառողական կոոպերատիվի» նախագահ Վարդգես Դավթյանը ներկայացնում են կոոպերատիվի գործունեությունը

«Կառավարությունը մշակել է 2010-2020 թվականների գյուղատնտեսության զարգացման ծրագիր և փորձում է պարզել, թե արդյոք ճիշտ  են ընտրված թիրախները և նպատակին հասնելու համար նախատեսված միջոցառումները»,- այսօր Վանանդ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Այսօր Արմավիրի մարզի Վանանդ և Լուկաշին գյուղերի  սպառողական կոոպերատիվների անդամների  հետ հանդիպում ունեցան Վարչապետ Տիգրան Սարգսյանը, Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը և Հանրային խորհրդի պատվիրակությունը՝ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ հանդիպման նպատակն է ճշտել, թե ինչպիսին է գյուղացիների վերաբերմունքը կոոպերատիվներին, որպեսզի կառավարության և կոոպերատիվների միջև ճիշտ  և արդյունավետ համագործակցություն մշակվի:

«Լուկաշին սպառողական կոոպերատիվի»  նախագահ Վարդգես Դավթյանն ասում է, որ կոոպերատիվն  իր անդամներին մատուցում է մի շարք ծառայություններ՝ շուկայականից ցածր գներով տրամադրում է պարարտանյութ, թունաքիմիկատներ, սերմնացու, կազմակերպում է բերքի միասնական իրացումը: Բացի այդ՝ կոոպերատիվի  անդամների համար մասնագիտական խորհրդատվություններ են կազմակերպվում, որտեղ ներկայացվում են հողը ճիշտ մշակելու, ոռոգման, կամ արդյունավետ անասնապահության նոր մեթոդներ:

Դավթյանի խոսքով՝ կոոպերատիվում համատեղ գործունեության արդյունքում գյուղացու ծախսերը կրճատվել են շուրջ 20 տոկոսով: Խորհրդատվությունների շնորհիվ  էլ հաջողվել է բարձրացնել և՚ բերքատվությունը և՚ անասունների կաթնատվությունը:

Նա  ասում է, որ կոոպերատիվի անդամները զբաղվում են նաև  օրգանական գյուղատնտեսությամբ՝ 18 հա հողատարածքի վրա: Ըստ Դավթյանի՝ օրգանիկ գյուղմթերքի համար 40-50 տոկոսով ավելի շատ գումար են ստանում, միայն թե դեռևս չեն կարողանում սպառող ընկերությունների պահանջած քանակով արտադրանք ապահովել:

Լուկաշին սպառողական կոոպերատիվը հիմնադրվել է 2005թ. գարնանը: Սկզբնական շրջանում ունեցել է 42 անդամ, այսօր արդեն անդամների թիվը հասնում է 84-ի: Կոոպերատիվի անդամները ամեն ամիս  վճարում են 300 դրամ անդամավճար, որն, ըստ«Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիա»  իրավաբանական անձանց միության նախագահ Վարդան Համբարձումյանի՝ անհրաժեշտ է ծախսածածկման համար:

«Բազմաթիվ գյուղացիներ կան, որ ուզում են անդամակցել մեր կոոպերատիվին, սակայն չենք ընդունում, քանի որ չունենք նրանց համար էլ ծառայություններ մատուցելու համար բավարար ֆինանսական միջոցներ»,- ասում է Դավթյանը՝ հավելելով, որ շրջանառու միջոցների աճի դեպքում այդ խնդիրը կլուծվի:

Համբարձումյանն ասում է, որ կոոպերատիվն արդյունավետ գործունեության համար պետք է ունենա նվազագույնը 42 անդամ, իսկ անդամների թվի սահմանափակման խնդիր չկա. «Եթե շրջանառու միջոցները բավարար են, անդամների թիվը կարող է անընդհատ ավելանալ առանց սահմանափակման»:

Լուկաշինցի կոոպերատորները ներկայացրին նաև իրենց խնդիրները: Համբարձումյանն ասում է, որ ապրանքի սպառման ժամանակ խնդիր են ունենում հարկային մարմինների հետ: «Երբ միասին ենք ապրանքը իրացնում, վաճառքից ստացված գումարը գերազանցում է 50 միլիոնը և այս դեպքում արդեն հարկային մարմինները եկամտահարկ են պահանջում: Նման պարագայում մեր կոոպերատիվների անդամները անհավասար պայմաններում են հայտնվում մյուս ֆերմերնմերի հետ համեմատությամբ»:

Վարչապետը նշեց, որ կոոպերատիվը կարող է գրանցվել ոչ որպես իրավաբանական անձ և այդ դեպքում հարկային պարտավորությունները կկատարեն ֆերմերներն առանձին-առանձին:  Համբարձումյանը, սակայն, նշեց, որ այս պարագայում ապրանքի իրացման ժամանակ այլ խնդիր է առաջանում՝ սպառող կազմակերպությունները պահանջում են իրավաբանական անձի կողմից հաստատված փաստաթղթեր գործարքի համար:

Գյուղացիները նաև բողոքեցին, որ չունեն համապատասխան գյուղտեխնիկա,  իսկ այն  ձեռք բերելու համար վարկ վերցնելն էլ  ձեռնտու չէ.տրամադրվող գյուղատնտեսական վարկերն, ըստ լուկաշինցիների, բարձր տոկոսադրույք ունեն և կարճաժամկետ են:

Վարչապետ Սարգսյանը  նշեց, որ կառավարությունը այսուհետ գրանտային ծրագրերով ձեռք բերվող գյուղտեխնիկան բաշխելիս առավելություն կտա կոոպերատիվներին. «Ավելի լավ է գյուղտեխնիկան տրամադրել կոոպերատիվին, որը կսպասարկի իր բոլոր անդամներին, քան թե մեկ ֆերմերի, որը իր հողը մշակելուց հետո մյուսների համար արդեն վճարովի է ծառայություն մատուցում»:

Լուկաշինցիները  նաև բողոքեցին ոռոգման ջրի թանկությունից՝ նշելով, որ այս տարի էլ  գյուղի մշակվող հողերի քանակը 30 տոկոսով կկրճատվի: Համբարձումյանն ասում է, որ եթե հող մշակելը խրախուսող միջոցներ չձեռնարկվեն, ապա ոռոգման ջրի շարունակական թանկացումը կբերի նրան, որ հողն այլևս չի մշակվի:

Վանանդ գյուղում էլ նշեցին,  որ համատեղ խնդիրներ լուծելն ավելի հեշտ է:

«Վանանդ սպառողական կոոպերատիվը»  հիմնադրվել է 2008-ին: Այժմ ունի 43 անդամ, որոնք Վանանդ և Տալվորիկ գյուղերի բնակիչներ են:

Նորաստեղծ կոոպերատիվը ևս ունի խնդիրներ: Գյուղացիները հատկապես մատնանշեցին ապրանքի իրացման խնդիրը: «Մեկ լիտր կաթը մեզանից գնում են 90 դրամով, այն դեպքում, երբ մեկ լիտր ջուրն արժի 150 դրամ»,- ասում է Տալվորիկի գյուղապետ Կիրակոս Սաղաթելյանը:

Հանդիպման վերջում Տիգրան Սարգսյանը նշեց, որ առանցքային է գյուղացու արտադրած գյուղմթերքի իրացման խնդիրը և եթե պետությունը կարողանա ձևավորել ենթակառուցվածքներ, որոնք կօգնեն իրացման խնդիրներ չունենալ, էականորեն կխթանի գյուղատնտեսության զարգացմանը:

Դիտվել է 2824 անգամ:
Print Friendly

Leave a Reply