«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը հերթական էքսպերիմե՞նտ է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 6, 2012 13:41

Խորհրդարանում շարունակում է քննարկվել «Շրջանառության հարկի մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորվում է տարեկան կտրվածքով մինչև 58.35 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների համար շրջանառության հարկի համակարգի ներդրման, գործարար միջավայրի բարելավման, ստուգումների կազմակերպման եւ անցկացման առավել արդյունավետ ընթացակարգերի ու մեխանիզմների սահմանման, հարկային օրենսդրության և հարկային հարաբերություններ կարգավորող այլ օրենքների կիրառության ընթացքում առաջացած որոշակի խնդիրների վերացման, ինչպես նաև՝ նշյալ օրենքով որոշակի հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ:

Հարակից զեկուցող Վարդան Այվազյանը վստահ է, որ «Շահութահարկի մասին» նոր օրենքը կնպաստի տնտեսական ակտիվության բարձրացմանը` հնարավոր բոլոր դրական միտումներով:

ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը նույնպես համոզված է, որ Շրջանառության հարկը լավագույն տարբերակն է ստվերն ու կոռուպցիան կրճատելու, սակայն մի ցավալի փաստ է բերում, ըստ որի արդեն 15 տարի շարունակ հարկային փաթեթները խորհրդարան են բերվում են բյուջեի հետ միասին, և 20 օրվա ընթացքում կարծես թե պարտադրված պատգամավորները ստիպված են լինում քվեարկել` առանց ուսումնասիրելու, թվերի մեջ խորանալու:

Բաղդասարյանի կարծիքով` այս փաթեթները պետք է բերվեն տարվա կեսին, կազմակերպվեն լուրջ քննարկումներ, ամեն օրենք տա իր սահմանումը, ամեն թիվ` իր տրամաբանությունը: «Սա կարծես ոլորտի հերթական էքսպերիմենտներից մեկն է, իսկ տնտեսությունը բավականին զգայուն է և այս էքսպերիմենտներին չի դիմանում»,-ասաց նա:

Պատգամավորն առաջարկեց նմանատիպ օրինագծերի հետ միասին բերել նաև ծրագիր:

ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր` Խոսրով Հարությունյանն էլ միացավ գործընկերոջ տեսակետին, որ նման կարևր օրենսդրությունն այսպիսի կարճ ժամկետներում ընդունելը սխալ է. «Դա մեզ որևէ դրական բան չի բերում»,-ասաց նա:

Ի դեպ, օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ պատգամավորների հարցերին հերթական անգամ պատասխանելուց հետո հարակից զեկուցող Վարդան Այվազյանն ամբիոնից շրջվեց դեպի Հովիկ Աբրահամյանն ու ասաց` սա էլ անցանք: Աժ նախագահն էլ արձագանքեց. «Դե դու որոշում ես, դու անցնում ես, գալիս ես, գնում…»:

Դիտվել է 1259 անգամ:
Print Friendly

Leave a Reply