Գործարար պատգամավորն անկեղծանում է իր բիզնեսների, կեցության ու գիտակցության մասին փիլիսոփայության և աներձագի գործերի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 6, 2012 14:00

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը աներձագ ունի, սակայն նա պատգամավոր դառնալու միտք չունի: Այս մասին նա ասաց այսօր ԱԺ միջանցքում լրագրողների հետ մտերմիկ զրույցի ժամանակ՝ նշելով, որ Տարոն Մարգարանի աներձագի՝ պատգամավոր դառնալու փաստը պետք չէ նախադեպ դարձնել ու տարածել բոլորի վրա:

«Այո, ես ունեմ աներձագ, նա աշխատում է շինարարությունում `չարաչար և օրն ի բուն»,-ասաց պատգամավորը՝ փաստելով, որ իր բիզնեսների հետ կապ չունի, այլ շինարարական կազմակերպությունում է աշխատում նրա աներձագը:

«Անկախ»-ը հետաքրքվեց, թե ինչ բիզնեսներ ունի պարոն Ախոյանը և արդյո՞ք նա հաստատում է, որ, լինելով պատգամավոր, նա նաև բիզնեսով է զաղվում, որին ԱԺ պատգամավորը պատասխանեց. «Էդ թեմաներն արդեն անցած տարվանից բոլոր լրագրողները մոռացել էին, խորհուրդ կտամ, որ դուք էլ չհիշեք, որվհետև ես բազմիցս ասել եմ, որ բիզնեսմենները էս երկրի թշնամիները չեն, նախ առաջինը, երկրորդը, բիզնեսով զբաղվելը  անբարոյականություն չէ, և երրորդը, մենք մեր բիզնեսները տվել ենք կառավարման: Իհարկե, ունենք սեփականություններ: Ինչ է, դուք ուզում եք, որ բոլորը լինեն… գիտեք չէ, որ կեցությունն է որոշում գիտակցությունը, և այսօր, երբ որ ես դառել եմ պատգամավոր, բնականաբար, ապահովել եմ ինձ, հետո եմ դառել, որպեսզի հանգիստ խղճով կարողանամ մասնակցել երկրի գործերին»:

«Անկախ»-ը հարցրեց նաև, թե արդյո՞ք պատգամավորին 250.000 դրամ աշխատավարձը կխանգարի ըստ պատշաճի ծառայել ժողովրդին, թե պարտադիր է միլիոններ վաստակի պատգամավորը, որ նոր կարողանա նորմալ աշխատել որպես պատգամավոր, Ա. Ախոյանն ասաց. «Ոչ մի բանով չի խանգարի, 250.000 դրամ ստացող պատգամավորներն ավելի լավ են աշխատում, քան բիզնեսմենները»:

Իսկ արդյոք չի կարծում, որ մեզ հենց  այսպիսի պատգամավորներ են պետք, Արագած Ախոյանը այս հարցին էլ տվեց ոչ ժխտողական պատասխան. «Իհարկե, կարծում եմ, բայց երբ որ կգտնեք էդքան պատգամավոր, ու երբ ես ինքս կզգամ, որ վերջին հնգյակի մեջ եմ՝ որպես պատգամավոր, հաստատ ես խորհրդարան չեմ գա»:

Վահե Մակարյան

Դիտվել է 849 անգամ:
Print Friendly

Leave a Reply