ԲՀԿ-ական խոշոր սեփականատեր պատգամավորին առնչվող տեսանյութը ԲՀԿ մամուլի խոսնակի կողմից որակվում է որպես «որս» (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 5, 2012 23:06

Panorama.am կայքը այսօր հրապարակել է մի տեսանյութ, որտեղ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը լրագրողի հարցին ի պատասխան, թե արդյոք նա խոշոր սեփականություն ունի՞, տալիս է բացասական պատասխան, մինչդեռ նույն տեսանյութում ապացուցվում է հակառակը, ինչը նրան դնում է անհարմար վիճակի մեջ։

Մասնավորապես, լրագրողի այն հարցին, թե ի՞նչ կարողացավ ձեռք բերել պետական գույքից՝ պետական գույքի լուծարման հարցերով զբաղվելու տարիներին, ասում է, որ ոչ մի բան, այն դեպքում, երբ նույն տեսանյութում մի երրորդ անձի հեռախոսով տրված հարցին, թե արդյոք նա գործակալ է, թե ոչ, ասում է. «Չէ, ընգեր ջան, ես խոշոր սեփականատեր եմ», ապա հետաքրքրվում՝ թե ո՞ր՝ Քոչարի, թե՞ Կոմիտասի տարածքների մասին է խոսքը։

Տեսանյութից պարզ է դառնում, որ նրան է պատկանում Կորյուն և Նաիրի Զարյան փողոցների, Կոմիտաս պողոտայի վրա գտնվող բարձրահարկ շենքեր, որոնցում հիմնականում գրասենյակային տարածքներ են, ինչպես նաև LaBEERint գարեջրատների ցանցը։ Ի դեպ, Կորյունի փողոցում գտնվող շենքում է նաև «Հայ ազգային կոնգրեսի» գրասենյակը։

ՄիքայելՄելքումյանը զանգահարողին հրավիրում է հանդիպման՝ քննարկելու հարցը՝ ասելով, որ «լիքը տարածքներ» ունի։

Ի դեպ, լրագրողը Միքայել Մելքումյանին որպես ճշգրտում, հարցնում է նաև, թե նախկինում պետական սեփականություն հանդիսացող տարածքներում ու՞նի սեփականություն, ինչին կտրուկ բացասական պատասխան է ստանում:

Հիշեցնենք, որ Միքայել Մելքումյանը 2000-2003թթ. աշխատել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ: 2003-2004թթ.` ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ: 2009-2012թթ.` ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ: Այս տարվա մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Ի դեպ, իր՝ «Ժողինստիտուտում ամբիոնի վարիչ լինելու» հանգամանքը ևս Մելքումյանը հեռախոսային խոսակցության ժամանակ արծարծում է և մի քանի անգամ զրուցակցին ասում, որ երբ որ իրենք հանդիպեն, զրուցակիցը կճանաչի իրեն, և կհասկանա, թե ինքը ով է, և որ նրան ձեռնտու պայմաններով «լեզու կգտնեն»։

Tert.am-ը ԲՀԿ-ական պատգամավորի, այսպես ասենք՝ ոչ ճիշտ պատասխանների մասին մեկնաբանություն ստանալու համար զանգահարեց անձամբ Միքայել Մելքումյանին, սակայն վերջինս հարցը լսելուց հետո անջատեց հեռախոսն ու այլև չպատասխանեց:

Tert.am-ի հետ զրույցում կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանն ի պատասխան հարցի, թե ինչ մեկնաբանություն կարող է տալ նշված տեսանյութի կապակցությամբ, ասաց. «Ի՞նչ մեկնաբանեմ անհատ, մասնավոր անձերի վերաբերյալ: Սա մեկ: Երկրորդ՝ իսկ ինչ-որ մեկն իրավունք ունի՞ վերահսկողություն սահմանել մարդու, այդ թվում՝ պատգամավորի մասնավոր սեփականության նկատմամբ: Եվ երրորդ՝ ինչ՞ է նշանակում հետևողական որսը մարդու մասնավոր կյանքի, մասնավոր սեփականության նկատմամբ, և դրանից բխող հիմնարար ազատությունների նկատմամբ»։

Ի դեպ, մինչ մեկնաբանությանն անցնելը Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ տեսանյութի մասին տեղյակ չէ։

Նշենք, որ այսօր ԱԺ-ում գտնվող Միքայել Մելքումյանը խուսափեց լրագրողների հետ հանդիպումից և նրանց համար անհայտ եղանակով դուրս եկավ ԱԺ տարածքից։

Դիտվել է 1558 անգամ:
Print Friendly

Leave a Reply