Սպիտակի մշակույթի տան պատին մինչև հիմա ՀՀԿ-ի գովազդային պաստառներն են

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 5, 2012 20:46

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դժգոհեց, թե ինչու Սպիտակի մշակույթի տան վրայից չի վերանում ՀՀԿ-ի գովազդային պաստառը:

Ըստ Փոստանջյանի` այդ պաստառն արդեն մի քանի տարի է, ինչ փակցված է ՀՀ կառավարությանը պատկանող Սպիտակի մշակույթի տան պատին, որն անթույլատրելի է և ապօրինություն:

«Ինչո՞ւ մինչև հիմա այդ ապօրինությունը չի վերացվել: Դրա մասին ես շուրջ երկու ամիս Ձեզ հետ նամակագրության մեջ եմ գտնվել: Ես հավաքում եմ մի շարք փաստեր` ծանրաբեռնելու դատական համակարգը, քանի որ դուք քայլեր չեք անում վերացնելու ՀՀԿ-ի կողմից հանրային տարածքների ապօրինի օգտագործման ուղղությամբ»,- ասաց պատգամավորը` ավելացնելով, որ հույս ունի, որ ի վերջո պաստառը կհանվի և հարցը չի հասնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Փոստանջյանի հարցին ի պատասխան` վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ կառավարությանն ուղարկված նրա նամակներին կառավարությունը Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի ստորագրությամբ ուղարկել է պատասխաններ, որտեղ տվել են հստակ պարզաբանումներ:

«Մենք նշել ենք այն շենքերը, որոնք պետության կողմից պայմանագրով տրամադրվել են ՀՀԿ-ին: Ըստ այն տեղեկատվության, որ մենք ունենք, որևէ ապօրինի գործողություն չի կատարվել»,-նշեց վարչապետը:

Վերջինս ավելացրեց նաև, որ չկա որևէ տարածք, որ ՀՀԿ-ն օգտագործի առանց պայմանագրի. «Իմ կուսակից ընկերները ձեզ կպարզաբանեն, քանի որ դա կուսակցություն-ՏԻՄ խնդրին է վերաբերում: Ես հանձնարարել եմ իմ աշխատակազմի ղեկավարին հարցը քննարկեն ու պատասխանեն»:

 

Վահե Մակարյան

 

Դիտվել է 804 անգամ:
Print Friendly

Leave a Reply