«Սա այն բյուջեն է, որը հնարավորություն է տալիս անել առավելագույնը». Տ. Սարգսյան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 5, 2012 20:17

Խորհրդարանում լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին հարցրեցին, թե ինչպես կմեկնաբանի բուռն քննադատություններով և դեմ քվեարկություններով ընթացած 2013 թ. պետբյուջեի նախագծի ընդունումը, որն անխռով տոնով պատասխանեց. «Անտրամաբանական և քաղաքական սենսացիա կլիներ, եթե ընդդիմությունը գովաբաներ բյուջեի նախագիծը և կողմ քվեարկեր»:

Հարցին, թե արդյո՞ք վարչապետն ընդդիմություն է համարում նաև ԲՀԿ-ին, քանի որ վերջինս նույնպես դեմ է քվեարկել պետբյուջեի նախագծին, Տիգրան Սարգսյանը պատասխանեց. Բարգավաճ Հայաստանն ինքն է որոշում, թե այս պահին ինչ կարգավիճակով է հանդես գալիս»,-ասաց նա` պարզաբանելով, որ ինքը Բարգավաճ Հայաստանի մասին նման որևէ նման արտահայտություն չի արել:

Վարչապետը պարզաբանեց նաև ռուսական լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցը, որը հայկական լրատվամիջոցներում մեկնաբանվել է, թե իբր վարչապետի արտահայտած տեսակետը Ցեղասպանության և ԼՂՀ հարցերում հակադրվել է ՀՀԿ տեսակետին:

Վարչապետն ասաց, որ որոշ մեկնաբաններ կոնտեքստից հանել են իր որոշ մտքեր, մինչդեռ ինքն իր հարցազրույցում ասել է, որ չկա հայկական ընտանիք, որն այս հարցի հետ անձնական առնչություն չունենա: Նա նաև ասել է, թե ինչպես է իրենց ընտանիքում միշտ հիշվել Ցեղասպանությունից փրկված պապի պատմությունը, որի ծնողներն ու եղբայրը սպանվել են թուրքերի կողմից:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա Տիգրան Սարգսյանն ասել է, որ ութսունականներին Սումգայիթում ու Բաքվում հենց նույն ձեռագրով հայերը ֆիզիկական ոչնչացման են ենթարկվել:

Անդրադառնալով Հրանտ Բագրատյանի այն պնդմանը, որ պետբյուջեի նախագիծն ընդունվել է առանց եկամոևտների մասը քննարկելու, մինչդեռ կառավարությունը խոստացել էր այդ քննարկումը կազմակերպել, վարչապետը կրկնեց, կառավարությունը պատրաստ է ցանկացած ձևաչափով քննարկել հարցը:

Տիգրան Սարգսյանը համամիտ չէ այն գնահատականների հետ, որ այս բյուջեն նահանջի մասին վկայող փաստաթուղթ է: «Սա այն բյուջեն է, որը հնարավորություն է տալիս անել առավելագույնը կառավարության առջև դրված խնդիրները լուծելու համար»:

Կառավարության գլխավոր նպատակներից մեկն էլ, ըստ վարչապետի, յոթ տոկոսանոց տնտեսական աճի հասնելն է:

Դիտվել է 1303 անգամ:
Print Friendly

Leave a Reply