Մեր խնդիրն աղետակայուն դպրոցներ ստեղծելն է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 5, 2012 19:05
Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԻՆ հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ «Երկրաշարժից երեխաների պաշտպանության կազմակերպումը դպրոցներում» թեմայով աշխատանքային քննարկում` նվիրված Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարելիցին։ Քննարկումն անցկացվում է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի հովանու ներքո:
Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» (ՍՊԱԾ) գործակալությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը։ Քննարկմանը մասնակցում են ՀՀ արտակարգ իրավիճակների, կրթության և գիտության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, մայրաքաղաքի դպրոցների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ և քաղաքացիական պաշտպանության պատասխանատուներ։
Աշխատանքային քննարկման նպատակն է երկրաշարժերից երեխաների պաշտպանության մակարդակի բարձրացումը դպրոցներում:
Ողջույնի խոսքում ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը նշեց.
– Աղետը գալիս է այնտեղից, որտեղից այն չեն սպասում: Եթե մենք Սպիտակի երկրաշարժի ժամանակ պատրաստ լինեինք այնպես, ինչպես այսօր ենք պատրաստ դիմակայել աղետներին, ապա, միանշանակ, կորուստներն այդքան մեծ չէին լինի: Այս քննարկումն ուղղված է երկրաշարժի ժամանակ երեխաների պաշտպանությանը դպրոցներում: Համոզված եմ, որ մեր այսօրվա հանդիպումը լավ արդյունքներ կտա:
Միանալով Մ. Պողոսյանի խոսքին` ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Համլետ Հակոբյանը ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի անունից ողջունեց ներկաներին.
– Այսօրվա միջոցառման նպատակը կատարված աշխատանքների ամփոփումն ու աղետակայուն դպրոց ստեղծելն է: Մենք պարտավոր ենք հետ նայել և յուրացնել երկրաշարժից քաղած դասերը: Այս ժամանակահատվածում մենք մեծ ձեռքբերումներ ունեցանք: Հայաստանը, Հյոգոյի գործողությունների ծրագրի իրականացման շրջանակներում, տարածաշրջանում առաջին երկիրն էր, որտեղ ստեղծվեց Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ և մշակվեց աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ռազմավարություն: Այդ ամենի արդյունքում մեր երկիրը ՄԱԿ-ի կողմից ճանաչվեց լավագույն փորձի և ձեռքբերումների երկիր, և մենք այսօր կարող ենք փորձ ու գիտելիքներ արտահանել դրա կարիքն ունեցող բազմաթիվ երկրներ: Այժմ մեր խնդիրն աղետակայուն դպրոցներ ստեղծելն է: Բոլորիս ցանկանում եմ բեղմնավոր աշխատանք:
Շարունակելով թեման` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիեթ Արենսն ասաց.
– Բնական աղետներն օրեցօր ավելի են շատանում, իսկ երեխաները դրանցից ամենաշատն են տուժում: Աղետների ռիսկի նվազեցման գործում կրթության կարևորությունը արդեն վաղուց հաստատված է մասնագետների կողմից: Ուսուցիչներն ու դպրոցի անձնակազմը նույնպես պետք է տեղեկացված լինեն, թե ինչպես պաշտպանել երեխաներին աղետների ժամանակ: Դպրոցները պետք է պատրաստ լինեն արտակարգ իրավիճակներին: Շատ կարևոր է ԱՌՆ-ի ինտեգրումը ուսումնական ծրագրի մեջ:
Քննարկման ընթացքում ներկայացվեցին տարբեր կառույցների և կազմակերպությունների կողմից Երևանի դպրոցներում երկրաշարժերից երեխաների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքները: Մասնավորապես` դպրոցների շենքերի հուսալիության գնահատումը սեյսմակայունության տեսակետից և դպրոցների պատրաստվածության մակարդակը տարհանման կազմակերպման ժամանակ: Քննարկվեցին նաև դպրոցներում աղետներին պատրաստվածության զարգացման միտումներն ու հաշմանդամություն ունեցող երեխաների` երկրաշարժերի ժամանակ անվտանգության ապահովման առանձնահատկությունները:
Աշխատանքային քննարկումը շարունակվում է, որի արդյունքում նախատեսվում է մշակել դեկտեմբերի 17-ին Երևանի դպրոցներում կազմակերպվելիք միաժամանակյա ուսումնական տարհանման կազմակերպման մեխանիզմը:






Facebook
Tweet This
Email This Post
