Արևելյան գործընկերության մեջ են նաև Հայաստանն ու Ադրբեջանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 20, 2009 16:35

Առաջնորդվելով Եվրամիության «Արևելյան գործընկերություն» (ԱԳ) ծրագրով` Հայաստանը 5 տարի հետո կարող է պատրաստ լինել ԵՄ անդամակցությանը. այս կարծիքին է «Եվրոպական շարժում» հկ նախագահ Վիկտոր Ենգիբարյանը, ով այսօր ներկայացրեց ծրագրի հիմնադրույթները:

Մայիսի 7-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցած գագաթնաժողովով մեկնարկեց ԵՄ ԱԳ ծրագիրը, որին անդամակցում են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ուկրաինան և Մոլդովան: «Մենք մտնում ենք այս գործընթացի մեջ` մեր շուկաները ավելի մատչելի դարձնելու, մեր քաղաքացիների և հասարակությունների միջև երկխոսությունը խթանելու, ապագան համատեղ կերտելու ձգտմամբ: Եվ ես հավատում եմ, որ դա մեզ հաջողվելու է»,-ասել է գագաթնաժողովին ներկա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ԱԳ ծրագիրը նպատակ ունի անդամ պետություններում զարգացնել ժողովրդավարության ու քաղաքացիական հասարակության ինստիտուտները, Եվրոպայի հետ համագործակցել ազատ առևտրի և էներգետիկ ոլորտներում: Որպես ավելի երկարաժամկետ ծրագիր` քննարկվում է ԵՄ հետ վիզային ռեժիմի թեթևացումը:

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության գծով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան գագաթնաժողովից հետո նշել է, որ նշանակալի փաստ է ռազմավարական ծրագրում հակամարտության մեջ գտնվող Հայաստանի ու Ադրբեջանի ներգրավվածությունը:

«Հայ հասարակությունն ինքն է որոշում` ուզում է գնալ եվրաինտեգրման ճանապարհով, թե ոչ: Եվ պետության ղեկավարը կամ ԵՄ-ն հասարակության փոխարեն որոշում չեն կարող կայացնել»,-ասում է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Քնոթեն: Ըստ դեսպանի` այս պայմանագիրն այն գործիքն է, որի միջոցով ծրագրի անդամ պետությունները կարող են սկսել ԵՄ-ին անդամակցելու երկար ու բարդ գործընթացը:

Դիտվել է 1290 անգամ:
Print Friendly

Leave a Reply