Պետությունը կօժանդակի գյուղատնտեսությամբ զբաղվել ցանկացող սիրիահայերին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 5, 2012 19:02

ՀՀ սփյուռքի նախարարությունը պարբերաբար կազմակերպում է հանդիպում-խորհրդակցություններ Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու ցանկություն ունեցող սիրիահայերին անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն ապահովելու նպատակով:

Սփյուռքի նախարարությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 5-ին գյուղատնտեսության ոլորտով հետաքրքրվող սիրիահայերը հնարավորություն ունեցան Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ  պարզաբանումներ ստանալ  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից:

Գյուղատնտեսության նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետության նախագահը  գյուղատնտեսությունը գերակա ուղղություն է հայտարարել, մշակվում ու իրականացվում են  ոլորտի զարգացմանը նպաստող բազմաթիվ ծրագրեր: Ուսումնասիրվում և ներդրվում է համաշխարհային փորձը, բերքատվության արդյունավետությունը ապահովելու նպատակով վերանայվում ու կատարելագործվում են տեխնոլոգիաները: Գյուղնախարարի խոսքով  գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն են ուղղված  ցածր տոկոսադրույքով վարկային ծրագրերի ներդրումը, ներկրված գյուղատնտեսական պարագաների ու տեխնիկայի ներմուծման դեպքում ԱԱՀ-ից ազատումը: Նախարարը հավաստիացրեց, որ սիրիահայերի կողմից գյուղատնտեսական գործունեություն ծավալելու հստակ որոշման պարագայում պետությունը կօժանդակի կազմակերպության գրանցման, տարածքի որոնման, անհրաժեշտ խորհրդատվության, բիզնեսի ուղղորդման հարցում:

Այնուհետև ՀՀ սփյուռքի և գյուղատնտեսության նախարարները պատասխանեցին սիրիահայերին հուզող հարցերին:

Հանդիպմանը ներկա էին նաև Հայկական բերքի առաջմղման կենտրոնի ներկայացուցիչները, ովքեր ներկայացրեցին Հայաստանում ջերմոցային տնտեսությունների զարգացման, խաղողի քիշմիշ տեսակի այգիների հիմնման ծրագրերը: Այնուհետև պատասխանեցին սիրիահայերի հարցերին, որոնք վերաբերում էին ջերմոցային գործունեություն սկսելու դեպքում վարկերի ստացման հնարավորություններին,  Հայաստան ագրոտեխնիկա ներմուծելու առանձնահատկություններին: Խորհրդակցության մասնակիցները պարզաբանումներ ստացան  հակակարկտային տեխնիկայի  կիրառման և գյուղատնտեսության ոլորտի հնարավոր ռիսկերի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց սիրիահայերի Հայաստանում հաստատվելու և գյուղատնտեսության զարգացմանը մասնակցելու որոշումը: Նախարարը շնորհակալություն հայտնեց ՀՀ գյուտաղտնեսության նախարարին՝ անհրաժեշտ մասնագիտական պարզաբանումների համար:

Դիտվել է 807 անգամ:
Print Friendly

Leave a Reply