Ամփոփվեց «Ուլիսես-2» պատմվածքի մրցույթը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 5, 2012 16:18

 Դեկտեմբերի 5-ին Նարեկացի արվեստի միության սրահում  տեղի ունեցավ  «Դպրոցական բլոգ» նախագծի հայտարարած «Ուլիսես-2» պատմվածքի մրցույթի երկրորդ փուլի մրցանակաբաշխությունը:

«Դպրոցական բլոգը» մեկնարկելէ 2011թ. մարտին՝  Հայաստանի տարբեր մարզերի դպրոցականների համար հանդիսանալով որպես հարթակ, որտեղ նրանք խոսում էին իրենց հուզող խնդիրների մասին, այդ թվում՝ ուսուցիչ-աշակերտ հարաբերություններ, դրամահավաքություն, խտրականություն գնահատականների հարցում, սեր, ընկերություն և այլ թեմաներ: Ծրագրի շրջանակներում հայտարարվել էր «Ուլիսես» պատմվածքի մրցույթ, որը շատ լայն տարածում գտավ դպրոցականների շրջանում:

Հաշվի առնելով այն ժողովրդականությունը, որ ձեռք բերեց «Ուլիսես» պատմվածքի մրցույթը, «Դպրոցական բլոգ» նախագիծն իրականացնող խումբը նպատակահարմար գտավ այն շարունակել 2012թ. և արժանացավ բուռն արձագանքի. «Ուլիսես-2» մրցույթին մասնակցելու համար դիմել են 26 հեղինակ. ստացվել է 30 պատմվածք:

Նկատի ունենալով հանգամանքը, որ մրցույթի մասին հայտարարությունը տեղադրվել է միայն «Դպրոցական բլոգում» և լայնորեն չի հանրայանացվել ԶԼՄ-երով, սա աննախադեպ արդյունք է և արտացոլում է հասարակությունում առկա այն պահանջմունքը, որն արձագանք է գտնում դպրոցականների պատմվածքներում:

Պատմվածքի մրցույթի անցկացումը միայն գրական օժտվածությամբ երիտասարդներ հայտնաբերելը չէ, այն նաև միջոց է նրանց հասարակական զարգացումների մեջ ներգրավելու և այդ զարգացումների վրա ազդեցություն ունենալու, քանի որ դպրոցականի կամ երիտասարդի գիտակցությունը անկախ չէ հանրային գիտակցությունից: Դրանք փոխկապակցված են: Այն ձևավորվում է ընդհանուր գիտակցական հանրույթում և դրա արդյունքում ծնված ստեղծագործությունները միտված են փոխելու և ազդեցություն ունենալու հանրային նոր գիտակցության ձևավորման վրա: Այս առումով գեղարվեստական արձակը, որպես կազմակերպված գրավոր խոսքի բարձր մշակույթ, բարենպաստ ու բնականոն միջավայր է արդիականության պրոբլեմները արդիականորեն իմաստավորելու համար:

«Դպրոցական բլոգի» պատմվածքի մրցույթի փորձը կիրառվեց նաև iRegion քաղաքացիական լրագրության նորաստեղծ հարթակի շրջանակներում, որտեղ նույնպես հայտարարվեց պատմվածքի մրցույթ:  iRegion քաղաքացիական լրագրության հարթակը միավորում է Հայաստանի տարբեր մարզերի ակտիվ  քաղաքացիական լրագրողներին, ովքեր անտարբեր չեն իրենց համայնքի ու երկրի նկատմամբ, հանդես են գալիս իրականությունը ակտիվ փոխելու նախաձեռնություններով:  Այս մրցույթում ստացել է 11 պատմվածք՝ 11 հեղինակից:

Մրցույթը «Ուլիսես» է կոչվել ի պատիվ Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպի, որը հայերեն է թարգմանվել նախորդ տարի: Գլխավոր մրցանակը 30 հազար դրամ է: Կա նաև ընթերցողի համակրանք շահած մրցանակ: Բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր:  Կա նաև «Ուլիսես» մրցանակ, որը սահմանել է «Ուլիսեսի»  թարգմանիչ Սամվել Մկրտչյանը:

Մրցույթի մասնակիցները հանրապետության տարբեր քաղաքներից են. Երևան, Դիլիջան, Վանաձոր, Չարենցավան, Սիսիան, Արմավիր, Իջևան և այլն:

«Ուլիսես» պատմվածքի մրցույթի առաջին փուլին մասնակցել են  24 դպրոցականներ՝ նույնպես  հանրապետության տարբեր մարզերից: Ստացվել էր 37 պատմվածք:

«Դպրոցական բլոգ» և iRegion նախագծերըիրականացվում են ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում` Եվրասիա համագործակցություն հիմնադրամի միջոցով:

«Դպրոցական բլոգ» ծրագրի «Ուլիսես-2»  մրցույթն անցկացվում է նախագիծն իրականացնող խմբի միջոցներով:

Դիտվել է 871 անգամ:
Print Friendly

Leave a Reply