Էրդողանի հայտարարության արձագանքները ԱԺ ճեպազրույցներում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 19, 2010 14:37

Ազգային Ժողով ԱԺ հերթական քառօրյան ամփոփող ճեպազրույցների ընթացքում խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներն անդրադարձան Թուրքիայի վարչապետ Թուրքիայից հայերին արտաքսելու մասին Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օրերս արված հայտարարությանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ 1915-ին հայերը չգիտեին, թե ինչ է սպասում իրենց: Իսկ քանի որ 1915թ-ի հանցագործությունը չի պատժվել, այս անգամ դրսևորումն ավելի «լկտի» է: Գալուստ Սահակյանը ասաց, որ Էրդողանն իր այս  հայտարարությամբ բյուրեղացրեց Թուրքիայի արյունոտ պատմությունը: «Մեզանից պիտի գոհ լինեն, որ փորձում ենք ճշմարտությունն ընդունելի դարձնել աշխարհի առաջ, դրանով իսկ այդ արյան բծերը պատմությունից դուրս հանելու համար»,-ասաց Հանրապետկաան պատգամավորը՝ կոչ անելով Թուրքիային համակերպվել պատմությանը և լսել միջազգային հանրությանը: Միևնույն ժամանակ, հանրապետական պատգամավորը շեշտեց, որ պետք չէ Թուրքիայում ապրող հայերի շրջանում վախի սինդրոմ առաջացնել ու անընդհատ ասել, թե թուրքերը կարող են հայերի համար արյան միջավայր ստեղծել։ Գալուստ Սահակյանը նշեց նաև, որ  ցեղասպանությունը համամարդկային խնդիր է, ու Ղարաբաղի կամ ցեղասպանության հաշվին «առք ու վաճառքի» գնալ հնարավոր չէ:

ՀՅԴ պատգամավոր Հրայր Կարապետյանը նկատեց, որ իշխանությունները Թուրքիայում փոխվում են, իսկ ձեռագիրը` ոչ: ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն էլ ասաց, որ չի կարելի համեմատել Էրդողանի հայտարարությունը Հայոց ցեղասպանությանը նախորդող հայտարարությունների հետ: «1915թ-ին թուրքերը կոտորում էին այն հայերին, ովքեր իրենց հայրենիքում էին ապրում։ Իսկ այսօր խոսքը աշխատելու նպատակով Թուրքիա մեկնածների մասին է»,-ասաց Հովհաննիսյանը՝ իր հերթին կոչ անելով աշխատանքի նպատակով Թուրքիա մեկնած հայաստանցիներին հեռանալ այնտեղից: «Այն հայերին, ովքեր այս կամ այն տնտեսական պատճառներով հայտնվել են Թուրքիայում, խորհուրդ եմ տալիս անհապաղ լքել այդ երկիրը, որովհետեւ պարզ է, թե ում հետ գործ ունենք եւ պարզ է, թե նման բարձր ատյանից հնչած սպառնալիքը որոշ տարրերի կողմից կարող է ընկալվել որպես ազդակ հակահայկական գործողություններ սկսելու համար»,-ասաց Վահան Հովհաննիսյանը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, սակայն, նկատեց, որ  Հայաստանից Թուրքիա մեկնած մարդիկ քաղաքական որևէ ուժի հորդորով չեն դիմել այդ քայլին, ու հետևաբար՝ Թուրքիայից դուրս գալիս  որևէ ուժի հորդորով չպիտի առաջնորդվեն: Նա ցավ հայտնեց, որ Էրդողանը խոսում է ոչ թե ժամանակակից լեզվով, այլ Օսմանյան կայսրության: Բայց Էրդողանի հայտարարությունների մեջ Սաֆարյանը վտանգ չի տեսնում, քանի որ  դեռ 2001-2002 թվականներին, երբ  Ֆրանսիան էր ճանաչում Հայոց ցեղասպանությունը, նույնաբովանդակ հայտարարություն արեց վարչապետ Թանսու Չիլլերը: «Էրդողանն արեց ամենահեշտ բանը, որ կարող էր անել այս իրավիճակում. վերցրեց Չիլլերի հայտարարությունն ու կրկնեց»:

ՕԵԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նույնպես բացասական գնահատական տվեց Էրդողանի հայտարարությանը: «Զարմանում եմ, որ այդպիսի հայտարարություն է անում մի երկրի ղեկավար, որը նաև միտված է եվրոպական արժեքներ կրելու»,-ասաց Բիշարյանը՝ հավելելով, որ Թուրքիայում պարբերաբար միմյանց հակասող հայտարարություններ են արվում: Միևնույն ժամանակ Բիշարյանը նկատեց, որ հայտարարություններն անհանգստացնող են ու պետք է ուշադիր և զգոն լինել:

Դիտվել է 1586 անգամ:
Print Friendly

Leave a Reply