Նիկոլ Փաշինյանը փորձեց պարզել Սերժ Սարգսյանի եղբորորդու «կրակոցների պատմության» ընթացքը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 5, 2012 17:41

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ մամոլում շրջանառվող այն տեղեկատվությանը, ըստ որի նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու կողմից Երևան քաղաքում հնչել են կրակոցներ. «Նա հանդես է եկել կրակոցներով  և արևմտյան թրիլլերին հատուկ իրադարձություններ է  հարուցել, և որ ամենակարևորն է` ոստիկանությունը որևէ կերպ չի կարողանում կողմնորոշվել իր դիրքորոշումենրում և որոշումներում, մինչդեռ օրենքը շատ հստակ սահմանում է, թե ինչ է պետք  ձեռնարկել»,-ասաց պատգամավորը` հետաքրքրվելով, թե համապատասխան մարմիններն ինչ քայլեր են ձեռնարկում այդ ամենը պարզելու ուղղությամբ:

Հարցին պատասխանեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` նշելով, որ հանցագործության վերաբերյալ որևէ պաշտոնական հաղորդագրություն չկա` միաժամանակ հիշեցնելով, որ մամուլում հաճախ են հանդիպում հրապարակումներ, որոնք հեշտությամբ հերքվում են: Այնուամենայնիվ, նա հայտնեց, որ դա ոստիկանության գործառույթների մեջ է մտնում, և իրենք պատրաստ են գործի վերաբերյալ ներկայացնել այն տեղեկատվությունը, որը նախաքննական գաղտնիք չի պարունակում:

Փաշինյանը փորձեց պարզել, թե իր պատասխանով նախարարն արդյո՞ք հաստատում է կրակոցների փաստը, ինչին ի պատասխան` Հրայր Թովմասյանն ասաց. «Չեմ կարծում, որ այնպիսի բան ասացի, որը նման եզրակացություն անելու առիթ տար»:

Դիտվել է 1259 անգամ:
Print Friendly

Leave a Reply