Մարգարիտ Եսայանը բարձրացրեց վարորդների տուգանքներն անիրավացիորեն ավելացնելու հարցը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 5, 2012 17:02

Խորհրդարանում կառավարության հետ պատգամավորների հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը բարձրացրեց վարորդներին տուգանքի վերաբերյալ ծանուցումը չստանալու դեպքում տուգանքի ավելացման հարցը: «Տեղեկանքը տանում են նշված հասցե, բայց տվյալ հասցեում մարդ չի լինում կամ այլ պատճառներով ծանուցումը չի հասնում հասցեատիրոջը, և վերջինս չտեղեկանալով տուգանքը վճարելու մասին, առավել մեծ տուգանքների  առաջ է կանգնում»,-պարզաբանեց նա:

Պատգամավորին խնդրի մասին տեղյակ են պահել վարորդների իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք իրենց հերթին մի շարք առաջարկներ են ներկայացրել ոլորտը կարգավորելու նպատակով: Նրա ունեցած տվյալներով այսօր շուրջ 1000 վարորդ այդ խնդիրն ունի և հրաժարվում է վճարել տուգանքները: Կան նաև դատական գործեր:

Պատգամավորը նաև հայտնեց, որ խնդրի վերաբերյալ գրավոր դիմում է հղել ՀՀ արդարդատության նախարարություն, որտեղից հայտնել են, որ ոստիկանությունում ներկայումս քննարկվում է այդ հարցը օրենսդրորեն կարգավորելու և տուգանքները վերացնելու հարցը:

Պատգամավորի բարձրացրած հարցին պատասխանեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նրա խոսքով` տուգանքների վերաբերյալ իրազեկումները խնդիր են ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում: Նա տեղեկացրեց, որ խնդիրը վերացնելու տարբեր մեխանիզմներ կան, որոնից երեքն այս պահին քննարկվում են: Առաջինը  վիրտուալ հասցեով ծանուցելու կարգն է, մյուս ուղղությունը հանրային իրազեկման պորտալը, երրորդը` հեռախոսների` «sms»-ների միջոցով իրազեկումը: «Առաջիկայում պետք է հասկանանք, թե որին ենք նախապատվություն տալու»,-ասաց Թովմասյանը:

Մարգարիտ Եսայանն առաջարկեց օրենքի նախագիծը մշակելիս հրավիրել նաև ոլորտից հասկացող հասարակական կառույցների ներկայացուցիչներին: Նախարարը պատասխանեց, որ ոլորտի հասարակական կազմակերպությունները շատ ակտիվ են և մշտապես մասնակցում են ոլորտի վերաբերյալ տեղի ունեցող բոլոր քննարկումներին:

Դիտվել է 867 անգամ:
Print Friendly

Leave a Reply