ՀԱԿ հարցապնդման քվեարկությունը հետաձգվեց պատգամավորների սակավության պատճառով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 5, 2012 15:48

Խորհրդարանը քննարկեց Հայաստանում հաստատված մենաշնորհների վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած հարցապնդումը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցությունը հարցապնդում էր ուղարկել կառավարություն` ակնկալելով ստանալ հետևյալ հարցերի պատասխանները` ունի՞ արդյոք կառավարությունը հակամենաշնորհային քաղաքականության և ազատ տնտեսական մրցակցության ապահովման գործողությունների ծրագիր, ինչպե՞ս է այն իրագործվում, մշակվա՞ծ է, արդյոք, խնդրի լուծմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթ, և ե՞րբ է այն ներկայացվելու Ազգային ժողովի քննարկմանը:

Խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ թե՛ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, թե՛ միջազգային կազմակերպությունների, թե՛ Հայաստանի քաղաքական և հասարակական կազմակերպությունների և փորձագետների տվյալներով Հայաստանում խախտված է Սահմանադրության 8-րդ և 33.1-րդ հոդվածների պահանջը, տարիներ շարունակ մենաշնորհների առկայության և տնտեսական մրցակցության խաթարման պատկերի կրկնությունը վկայում է, որ ՀՀ կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում դրանք վերացնելու և վիճակը կարգավորելու ուղղությամբ:

Կառավարության տեսակետը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նա նշեց, որ կառավարությունը “մենաշնորհ” ձևակերպման փոխարեն ընդունում է “գերիշխող դիրք” ձևակերպումը, որի դեմ էլ պայքարում է: «Այո, մենք այս առումով շատ անելիքներ ունենք և լի ենք լուրջ գործողություններ իրականացնելու քաղաքական կամքով»,-հայտարարեց Տիգրան Դավթյանը:

Ինչ վերաբերում է կոնկրետ ծրագրերին և օրենսդրական փոփոխություններին, ապա դրանք նույնպես իրականացվելու են:

«Փառք Աստծո, որ մերժելով մենաշնորհների գոյությունը, ընդունում են գոնե գերիշխող դիրք ունեցողների առկայությունը»,-ասաց Զուրաբյանը:

Նրա խոսքով` կառավարության գործելաոճի մեջ հակասություն կա` նախ կառավարությունը հայտարարում է, որ երկրում մենաշնորհներ չկան, մյուս կողմից իր հաշվետվություններում նշում է, որ պայքարում են մենաշնորհի դեմ:

Քննարկման ավարտից հետո, երբ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատրաստվեց հարցը դնել քվեարկության, Լևոն Զուրաբյանը հայտարարեց. «Կառավարությունն առաջարկեց, որ իրենք պատրաստակամ են քննարկել այս հարցը, և եթե պատրաստակամություն կա, ապա պետք է քննարկել, հետո դնել քվեարկության»:

Աժ նախագահն էլ, արձանագրելով, որ դահլիճում համապատասխան թվով պատգամավորներ չկան քվեարկություն ապահովելու համար, առաջարկեց հարցի քվեարկությունը հետաձգել վաղվան, իսկ կառավարության հետ քննարկումներ անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել Էկոնոմիկայի նախարարի հետ:

Դիտվել է 641 անգամ:
Print Friendly

Leave a Reply