Ստեփան Դանիելյան. ««Տեխնիկական» վարչապետի փոխարեն «ուժային» դեմք կգա»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 19, 2010 4:51

Ստեփան Դանիելյան«Հայաստանում կուսակցությունների կողմից հասարակության առաջ հաշվետու լինելու սկզբունքը դեռեւս չի գործում. որեւէ կուսակցություն  իր  քայլերն անելիս հասարակությանը բացատրություն չի տալիս»: Այսպես է մեկնաբանում նախարարներ Գուրգեն Սարգսյանի ու Մհեր Շահգելդյանի փոփոխության վերաբերյալ «Օրինաց Երկիր» կուսակցության քիչ համոզիչ պատճառաբանումները «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ նախագահ Ստեփան Դանիելյանը:

Ըստ «Անկախի» զրուցակցի՝ վերջին 1 տարում կառավարության կազմում մի շարք փոփոխությունները՝ ԲՀԿ-ական 2 նախարարի ու 2 ՕԵԿ-ականի, տարբեր հիմքեր ունեն: «Ես կուլուարային ինֆորմացիայի չեմ տիրապետում, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ «Բարգավաճ Հայաստանի» քվոտայով աշխատանքի ու սոցիալական հարցերի եւ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարների փոփոխությունը կապված էր ԲՀԿ ղեկավարի հետ, դա անձնական որոշում էր: Իսկ ՕԵԿ-ի դեպքում նախարարների փոփոխությունը ես պայմանավորում եմ արտահերթ ընտրությունների հնարավորությամբ»,-ասում է Դանիելյանը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ բնավ պարտադիր չէ՝ փոփոխություններն ունենան պարտադրված բնույթ: Դրանք ավելի կենցաղային կարող են լինել:

Արտահերթ ընտրությունների անցկացման համար Ստեփան Դանիելյանը 3 հիմք է առանձնացնում: Նախ՝ «կենտրոնական իշխանություններն այնքան էլ լավ չեն վերահսկում իրավիճակը, քանի որ հենց իշխանության ներսում ստեղծվել են խմբավորումներ, որոնք ունեն սեփական ամբիցիաները ու փորձում են բավարարել դրանք»: Երկրորդ հիմքն, ըստ վերլուծաբանի՝ արտաքին քաղաքականության ու մասնավորապես՝ ԼՂ խնդրի կարգավորման հետ է կապված: Այստեղ արտահերթ ընտրությունները կդիտարկվեն որպես արդարացում՝ որոշակի քայլեր չկատարելու համար: Իսկ երրորդ հիմքը Հայաստանի իշխանությունների առջեւ դրված՝ երկրում որոշակի փոփոխություններ իրականացնելու պահանջներն են: «Սրանք թե՛ առանձին-առանձին ու թե՛ բոլորը միասին հիմք են արտահերթ ընտրությունների անցկացման»,-ասում է Դանիելյանը:  

Կառավարության կազմում նոր փոփոխություններ Ստեփան Դանիելյանը չի սպասում, փոխարենը՝ համոզված է, որ արտահերթ ընտրությունների անցկացման պարագայում անպայման կփոխվի կառավարության ղեկավարը: «Գործող վարչապետը չի տիրապետում այն լծակներին, որոնց միջոցով Հայաստանում ընտրություններ են «կատարվում»: Ընտրությունների ժամանակ վարչապետի դերը շատ մեծ է լինում, ուստի՝ Սերժ Սարգսյանն այնպիսի վարչապետ կնշանակի, ով ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ իրավիճակի վրա: Այլ խոսքերով՝ «տեխնիկական» վարչապետի փոխարեն «ուժային» դեմք կգա»,-եզրափակում է Ստեփան Դանիելյանը:

Դիտվել է 2504 անգամ:
Print Friendly

Leave a Reply