Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդին

Պաշտոնական, Օրվա լուր | | December 4, 2012 18:11

Դեկտեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Աշգաբադում կայացած Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։

Խորհրդի օրակարգը ներառում էր մեկ տասնյակից ավելի հարցեր դեկտեմբերի 5-ին կայանալիք ԱՊՀ գագաթաժողովին պետությունների ղեկավարների քննարկմանը ներկայացվելիք փաստաթղթերի, ԱՊՀ տարածքում բազմակողմ համագործակցության առանցքային ուղղությունների վերաբերյալ:

ԱԳ նախարարները մասնավորապես քննարկեցին գործող թուրքմենական նախագահության կողմից նախաձեռնած ԱՊՀ-ում համակողմանի համագործակցության հետագա զարգացման մասին հռչակագրի նախագիծը, որը ներառվեց Համագործակցության անդամ երկրների ղեկավարների խորհրդի օրակարգում:

Նախարարների խորհրդում անդրադարձ եղավ նաև հումանիտար, բնապահպանական, անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում բազմակողմ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերին:

Մասնավորապես՝ նիստի ընթացքում քննարկվեցին գալիք տարի «Համագործակցության մշակութային մայրաքաղաքները» միջպետական ծրագրի և 2013-2014թթ. ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության ոլորտում առաջնային միջոցառումների ծրագրի իրականացման հարցերը:

Քննարկվեց 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի                      70-ամյակի տոնակատարությունների նախապատրաստման վերաբերյալ որոշման նախագիծը։

Նախարարական հանդիպման ուշադրության կենտրոնում էր նաև ԱՊՀ ոլորտային համագործակցության մարմինների աշխատանքը: Մասնավորապես՝ արտգործնախարարներն անդրադարձան ԱՊՀ մասնակից երկրների պետական և հասարակական հեռուստառադիոընկերությունների ղեկավարների խորհրդի գործունեությանը։

 

Աշգաբադում կայացավ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը 2013թ. ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին վերջերս կայացած հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները, երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը։

Նախարարներ Նալբանդյանն ու Գրիշչենկոն անդրադարձան դեկտեմբերի 6-7-ը Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերին։

*             *             *

 

Դիտվել է 1149 անգամ:
Print Friendly

Leave a Reply